Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անշեղորեն կենսագործենք ԱԺՄ 10-րդ համագումարի որոշումները

Դեկտեմբեր 10,1998 00:00
Aram Mailyan

Դեկտեմբերի 11-ին իր աշխատանքները կսկսի ԱԺՄ 10-րդ համագումարը, որի վերաբերյալ նախնական որոշ պատկերացում կազմելու համար դիմեցինք ԱԺՄ լրատվական ծառայության ղեկավար Արամ Մայիլյանին։

«Այս հերթական համագումարում որոշվելու է ԱԺՄ-ի դիրքը ներկա քաղաքական դաշտում ու նաեւ, թե ինչ ուղղությամբ ենք ուզում գնալ,- ասաց Արամ Մայիլյանը։ – Եվ հետո առանձին մի արտահերթ համագումար կհրավիրվի, որտեղ կորոշվեն ընտրություններին վերաբերող հարցերը»։

10-րդ համագումարի օրակարգում քաղաքական քննարկումներ են եւ Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ քաղաքական հայտարարության ընդունումը (մեր զրույցի պահին ԱԺՄ վարչությունը քննարկում էր այդ գնահատականի նախագիծը)։ Դեկտեմբերի 12-ին համագումարի աշխատանքներն ընթանալու են առանց կողմնակի անձանց ներկայության՝ ներկազմակերպական հարցեր են քննարկվելու։ Սակայն պրն Մայիլյանը հայտնեց, որ համագումարի այդ օրվա աշխատանքներին լրագրողների մասնակցության հարցը դեռ ճշտվում է։

ԱԺՄ տարածքային բոլոր կազմակերպություններում նախահամագումարյան համաժողովներ են գումարվել, որտեղ ոչ միայն պատվիրակներ են ընտրվել, այլեւ ներկա քաղաքական իրավիճակի սեփական գնահատականն է տրվել. «Նրանք համագումարից հիմնականում հետեւյալ հարցերի պատասխաններն էին ակնկալում, թե մեր հետագա պայքարում կամ ապագա ընտրություններում ում հետ ենք դաշնակցելու,- պատմեց Արամ Մայիլյանը։ – Ծայրահեղորեն տարբեր տարբերակներ են առաջարկվել, բայց մի հարցում միասնական մոտեցում կար՝ իշխանության հետ համագործակցության խնդիր գրեթե չի առաջադրվել»։

ՀՀՇ-ից սերված այս կուսակցության ներկայացուցիչներն այժմ գրեթե միահամուռ դեմ են նաեւ մայր կազմակերպության հետ դաշնակցելու տարբերակին։ Շարքային ԱԺՄ-ականները որպես հնարավոր դաշնակից են տեսնում դարձյալ «Ազգային առաջադիմություն» եւ «Ազգային պետություն» կուսակցություններին, նորը Դավիթ Շահնազարյանի «21-րդ դարն» է եւ որոշ հարցերում՝ Կարեն Դեմիրճյանի Ժողովրդավարական կուսակցության ու ՀՅԴ-ի հետ համագործակցությունը (պրն Մայիլյանն այս առնչությամբ պարզաբանեց, որ տեղական կազմակերպությունները գիտեն, որ ՀՅԴ-ին իշխանության հետ նույնացնելը բացարձակ ճշգրիտ չէր լինի։- Ա. Ի.)։

«Կոմկուսի հետ համագործակցելու առաջարկներ հիմնականում չեն եղել»։ ԱԺՄ-ականները դարձյալ լիարժեք դաշնակից են տեսնում միայն փոքրաքանակ, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ լուսանցքային դեր ունեցող կազմակերպությունների՞ն՝ այս հարցին Արամ Մայիլյանի պատասխանն էր. «ԱԺՄ-ն դաշնակիցներ միշտ ընտրել է գաղափարախոսական տեսակետից՝ սա մեզ համար օրենք է։ Դրա համար էլ այս պատկերն է ստացվում։ Ի դեպ, ըստ տարածքային կազմակերպությունների հավաքներում հնչած գնահատականների՝ քաղաքական դաշտը բավական խճողված եւ անհստակ է՝ թուխպ։ Նաեւ այդ պատճառով է դժվար կողմնորոշվելը»։

Երեկվա տվյալներով, համագումարին մասնակցելու համար մանդատներ էին ստացել 42 սկզբնական կազմակերպությունների 171 ներկայացուցիչ։ Ի դեպ, ԱԺՄ-ն այժմ տարածքային կազմակերպություններ ունի բոլոր մարզերում։

Բնականաբար, համագումարում առանցքայինը ԱԺՄ նախագահի հաշվետվությունը եւ քաղաքական ելույթն են։ Հետաքրքրվեցինք, թե արդյոք դա Վազգեն Մանուկյանի հեղինակային զեկուցո՞ւմն է լինելու, թե՞ վարչությունը նախօրոք քննարկում եւ հավանության է արժանացնում գոնե հիմնական թեզերը. «Անշուշտ, անպայման քննարկվում են քաղաքական գնահատականները, բայց տեխնիկական հարցերը՝ ձեւակերպումներն ընտրելը, իրականացման «հնարքները» եւ այլն՝ նախագահի գործն են»։ Պրն Մայիլյանին խնդրեցինք նշել, թե ինչ հիմնահարցեր է պարունակելու այդ ելույթը. «Նախ, պիտի գնահատական տրվի, թե ինչ իրավիճակում ենք այժմ, քանզի պետական կառույցների զուտ մեխանիկական կատարելագործումը չէր կարող այս վիճակին հասցնել։ Իսկ այսօր Հայաստանում տիրում է ավելի շատ բարոյաքաղաքական, բարոյահոգեբանական համընդհանուր ճգնաժամ, անկման իրավիճակ՝ իր բոլոր բաղադրիչներով՝ այս է եզրակացությունը։ Հաջորդ հիմնահարցն է, թե ինչպես կարելի է դուրս գալ այդ վիճակից, արդյոք մենք որեւէ դեղատոմս առաջարկո՞ւմ ենք։ Ամենաբարդ հարցը սա է, սակայն ԱԺՄ-ն գրեթե միշտ ելքեր առաջարկել է»։

Մնացածի մասին տեղին կլինի խոսել համագումարից հետո, իսկ մինչ այդ Արամ Մայիլյանին իր դիտարկումների հիման վրա խնդրեցինք կանխատեսել, թե արդյոք այս համագումարում նախատեսվող ընտրություններում հնարավո՞ր է ԱԺՄ վարչության կազմի արմատական փոփոխություն եւ ԱԺՄ ներկա նախագահի պաշտոնանկություն (մեկ էլ տեսար). «Նախագահի փոփոխություն հնարավոր չէ։ Վարչության կազմի արմատական փոփոխություններ չեն լինի, բայց առաջ կգան նոր դեմքեր, որոշակի թարմացում կլինի։ Կառույցներից, ներքեւից ձգտում կամ՝ թարմացնել գործելակերպը, ղեկավար մարմինը եւ ընտրություններից առաջ պայքարի նոր ճանապարհ անցնել»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031