Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԹՆՋՈՒԿ

Դեկտեմբեր 10,1998 00:00
Azgayin joxov

Քաղաքական տարեվերջի իրադարձությունների կենտրոնում նորից բյուջեն է։ Սկսած այն պահից, երբ կարեւորվեց այդ փաստաթղթի փաստացի ընդունման դերը խորհրդարանում, պառլամենտի կանոնակարգը դեռեւս նման ընթացքներ չէր պարտադրել։

Իհարկե, հիշում ենք անկախության առաջին տարիները, երբ բյուջեի շուրջ քննարկումները խորհրդարանում երբեմնակի էլի թեժ բնույթ էին ունենում, բայց գործընթացն առավել կարեւորվեց այն ժամանակ, երբ վարչապետությունը ստանձնեց Արմեն Սարգսյանը։ Նրա պարագայում էական ազդեցություն ունեցավ այն հանգամանքը, որ մինչ այդ, միակուռ հհշական իշխանությունն արդեն առաջին «ճաքերը» տվել էր։

Ինչեւիցե, այդ առումով իրավիճակն հիմա ավելի դրամատիկ է։ Վկայությունն է թեկուզ այն իրողությունը, որ խորհրդարանը չհամաձայնեց արտահերթ նիստերի ռեժիմով աշխատելու արդյունքում կանաչ լույս վառել կառավարության առջեւ։ Դեկտեմբերի 8-ին պատգամավորները նախընտրեցին գնալ իրենց տները եւ ոչ թե ժամը 18-22-ը բյուջեին վերաբերող խնդիրներ քննարկել։

Հետաքրքիր են ընթացքները նաեւ բյուջեի քննարկումների մեկնարկի առումով։ Մամուլի վկայությամբ, նույնիսկ անհրաժեշտ քվորում չի ապահովվել, որպեսզի համապատասխան նիստը սկսվի ժամանակին։

Ինչեւիցե, գնացքն արդեն շարժվել է ու այս պահի դրությամբ կանգ առել երկրորդական կարգի մի կիսակայարանում։ Ավարտվել է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը, իսկ խորհրդարանը հեռավոր միտումներով անգամ չի հստակեցրել մոտեցումները ներկայացված բյուջեի նկատմամբ։ Հատկանշական է նաեւ, որ անգամ երկրապահները վերապահ տեսակետներ են առաջ քաշում՝ մատուցելով սեփական պայմանները։ Այլապես, եւ դա չի էլ թաքցվում, իրենց դիրքորոշումը կարող է կարծր լինել։ Ամենաարմատականը «Հայրենիք» պատգամավորական խմբի վարքագիծն է՝ չմասնակցել բյուջեի քննարկումներին։ Դա, իհարկե, շատ բան չի նշանակում, բայց, այնուամենայնիվ, ինչ-որ բան նշանակում է՝ կախված խորհրդարանական առաջիկա զարգացումներից։

Իսկ դրանք, բոլոր դեպքերում, նոր շրջափուլ են մտնելու հանրապետության նախագահի հրամանագրով։ Նոր արտահերթ նիստով էլ կորոշվի, թե ո՞վ ի՞նչ կստանա կամ կկորցնի բյուջեի շուրջ ծավալվելիք քննարկումներում։ Հավանաբար, այս ընթացքում էլի մի քանի հետնախորշային գործարք կկնքվի։ Այն պատգամավորները, որոնք պիտի կողմ քվեարկեն բյուջեի նախագծին, նախ կփորձեն թանկ «մատուցել» իրենց ձայները, որովհետեւ, իբրեւ ուսյալ օրենսդիրներ, անշուշտ, լավ գիտեն ՀՀ սահմանադրության այն դրույթները, որոնց համաձայն, եթե բյուջեն չհաստատվի, կարող է նաեւ կառավարության վստահության հարց առաջանալ։ Եթե նկատի չառնենք վարչապետափոխության մասին վերջերս շրջանառվող լուրերը, ապա սահմանադրությամբ կառավարության գլխին միայն տեսականորեն է սպառնալիք կախված։ Դրանում կարող է համոզվել հիմնական օրենքից կատարվող մեջբերումները հերթագայաբար ընթերցող յուրաքանչյուր ոք։

Հովդած 90. «Բյուջեի հաստատման առնչությամբ կառավարությունը կարող է դնել իր վստահության հարցը։ Եթե ԱԺ-ն Սահմանադրության 74-րդ հոդվածով նախատեսված կարգով կառավարությանն անվստահություն չի հայտնում, ապա պետական բյուջեն կառավարության կողմից ընդունված որոշումներով համարվում է հաստատված»։

Իսկ հիմա մեջբերումներ սահմանադրության 74-րդ հոդվածից. «Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը կարող է ներկայացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի կողմից՝ վստահության հարցը դնելուց 24 ժամվա ընթացքում։

Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան 48, եւ ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում։ Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չներկայացվելու կամ նման որոշում չընդունվելու դեպքում նրա գործունեության ծրագիրը համարվում է հավանության արժանացած։

Անվստահություն հայտնելու մասին որոշում ընդունվելու դեպքում վարչապետը հանրապետության նախագահին դիմում է ներկայացնում կառավարության հրաժարականի մասին»։

Ինչեւիցե, կառավարությունը ջանալու է, որ, ինչպես ասում են, «բանը դրան չհասնի»։

Բոլոր դեպքերում՝ ամփոփենք մեկ դիտարկմամբ՝ խորհրդարանը եւ, մասնավորապես, «Երկրապահը» ձեւ են անում, թե իրենք բյուջեի ընդունման հարցում միանգամայն անտարբեր են։ Այստեղ, սակայն, առավել հետաքրքիրը վարչապետ Արմեն Դարբինյանի նույնատիպ մոտեցումն է, որն արտահայտվեց դեկտեմբերի 9-ը խորհրդարանական օրվա բյուջետային քննարկումների ընթացքում ԱԺ չներկայանալով։

Ինչեւիցե, հավանաբար, դեպքերի հետագա ընթացքի սցենարը մշակած է արդեն։ Այդպես դատելու հիմք է տալիս հերթական նստաշրջանի վերջին օրվա ավարտին ԱԺ խոսնակ Խոսրով Հարությունյանի մոտ վարչապետի եւ նախարարների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության փաստը։ Արդյունքներին երկար սպասելու կարիք չի լինի։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031