ԱՊՀ լրատվամիջոցները հաղորդում են, որ Շվեյցարիայում ձերբակալվել է Ուկրաինայի նախկին վարչապետ Լազարենկոն: Ուկրաինայի իրավապահ մարմինները նրան մեղադրում են զանազան մեղքերի՝ պետական ունեցվածքի հափշտակության, արտասահմանում բանկային հաշիվների, յուրացումների, պաշտոնական դիրքի չարաշահման եւ այլնի մեջ:
Լազարենկոն սառնասրտորեն հերքեց իրեն ուղղված բոլոր մեղադրանքները, վստահ հայտնելով, որ ոչ մի տեղ իր անունով ոչ բանկային հաշիվ կա, ոչ էլ որեւէ փաստաթղթի տակ՝ իր ստորագրությունը: Լազարենկոն տիպիկ ետխորհրդային ղեկավար է՝ նույն արատներով, նույն մեթոդաբանությամբ: Նախկին խորհրդային հանրապետություններում տեղի էին ունենում նույն զարգացումները՝ տնտեսության անկում, պետական չինովնիկների չարաշահումներ եւ անձնական կարողության կուտակում լայն զանգվածների սոցիալական վիճակի անկման ֆոնին: Ետխորհրդային ղեկավարների ու չինովնիկների գործելաոճն էլ է նույնը՝ անձնական կարողությունը կուտակվում էր անշեղորեն եւ սովորաբար դրածո մարդկանց եւ ֆիրմաների միջոցով: Եւ երբ Լազարենկոն վստահ հայտարարում է, որ բոլոր մեղադրանքները սուտ են, նա հստակ գիտե, որ՝ ա. դրանք չեն կարող ապացուցվել, բ. ինքը մենակ չի եղել իր արարքներում:
Այս նույն վիճակն է նաեւ Հայաստանում: Բոլորը գիտեն, թե ովքեր են մսխել վարկերը, թալանել տնտեսությունն ու այսպես կոչված ազգային հարստությունը, սակայն դա ապացուցելի չէ: Դա պարզ դարձավ նույնիսկ դաշնակներին, որոնք հոկտեմբերի 30-ին վստահ էին տպավորություն գործել: Սակայն երեւույթն ունի նաեւ հակառակ, հաճախ զավեշտական կողմը: Օրինակ, մի քանի ոչ անհայտ անձինք, ուրիշի անուններով առանձնատներ կառուցելով եւ հետագայում հերքելով, որ այդ տան տերերը իրենք են, մինչ այսօր «ստիպված» են ապրել իրենց հին, բարի բնակարաններում, որպեսզի չհաստատվի, որ տանտերերը իրենք են: Կամ ունենալով հսկայական կարողություններ, ստիպված են համեմատաբար համեստ կյանք վարել, նույնիսկ ձմեռները մի քիչ մրսել: Իսկապես Տանտալոսին արժանի պատիժ. սա ժամանակին, վայելելով աստվածների բարեհաճությունը, այնքան մեղքեր է գործում, որ նրան նետում են Հադեսի թագավորությունը:
Այս օրերին Ռոբերտ Քոչարյանին կից հայ քաղաքական միտքը տառապում է ՀՀ նախկին իշխանություններին քաղաքական գնահատական տալու հարցում, նախագահից պահանջելով նախկինների գանգամաշկը: Նրանք էլ են տեսել, որ եթե շարժվեն օրենքի տառով, ոչ մեկին չեն կարող պատասխանատվության կանչել: Ի՞նչ անել: Լենինյան այս հարցին թերեւս երկու լուծում կա: Առաջին, վերականգնել Լինչի դատաստանի ավանդույթները: Հայաստանում դեռ ծառեր մնացել են, շուկան լի է օճառով, իսկ պարանը ձգողների պակաս չի զգացվի: Երկրորդ ճանապարհը նույնպես նախապատմություն ունի. մի շարք, այսօր արդեն քաղաքակիրթ դարձած երկրներում հավաքել են ստվերային միլիոնատերերին, նրանց անվտանգության երաշխիքներ տվել եւ նրանց կարողությունը ներգրավել տնտեսության մեջ: Կարողության մի մասը որպես «գլխագին» մուծվել է պետական բյուջե, մյուս մասը լեգալացվել է եւ ներդրվել տնտեսության տարբեր ճյուղերում, եւ այդ մարդիկ հնարավորություն են ստացել ազատ տնտեսավարել, ոչ թե փողը թաքցնել իրենց մորաքույրների կամ քեռիների ներքնակներում:
Կարդացեք նաև
Ա. Մ.