Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՋԵՐԸ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵ՞Ն ՄԱՏՈՒՑԵԼ

Դեկտեմբեր 10,1998 00:00
petros makeyan

ԱԺ պատգամավոր Պետրոս Մաքեյանը գլխավոր դատախազին նոյեմբերի 17-ին ուղարկած իր նամակին ի պատասխան գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Ա. Խաչատուրյանից նոյեմբերի 30-ին ստացել է այս պատասխանը, որի մի հատվածն ենք միայն կրճատել՝ հետո առանձին անդրադառնալու նպատակով։ Հիշեցնենք, որ Աջափնյակի նախկին թաղապետ Թորգոմ Մադոյանի հրաժարականի հանգամանքների եւ Քոչարյանին ձայներ բերելու համար «արջի ծառայությունների» վերաբերյալ Պետրոս Մաքեյանի՝ ԱԺ-ում արված հայտարարությունը «Առավոտը» ժամանակին հրապարակել էր ու նաեւ այդ պատճառով ենք կարեւորում դատախազության՝ այս առնչությամբ պարզաբանումներին ծանոթացնելը։

«Հայտնում եմ, որ ՀՀ ազգային ժողովի 1998 թվականի ապրիլի 14-ի նիստում դուք հանդես էիք եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշել էիք, որ «Նախագահական ընտրություններից հետո հալածանք է սկսվել առանձին անհատների, հատկապես պաշտոնյաների նկատմամբ, որոնք հանդգնել են քարոզչություն անել այլ թեկնածուների համար» եւ որպես օրինակ բերել էիք Աջափնյակի նախկին թաղապետ Թ. Մադոյանին, որին Ձեր վկայությամբ «Թաղի լավ տղաների» կողմից պարտադրվել է հրաժարական։ ՀՀ դատախազության ստուգումներով պարզվել էր, որ Թ. Մադոյանը 1998 թ. ապրիլի 11-ի զբաղեցրած պաշտոնից հրաժարականի մասին դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետի նախկին պաշտոնակատարին, որի հիմքով էլ ապրիլի 22-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին։ Ի դեպ, Թ. Մադոյանը բացատրություն է տվել այն մասին, որ թաղապետի պաշտոնից հրաժարվելու վճիռը կայացրել է անձամբ, առանց ճնշման ու սպառնալիքի, իսկ նման որոշման պատճառը հանդիսացել է այն, որ քաղաքապետի նախկին պաշտոնակատարի առաջարկությամբ թաղապետի տեղակալ նշանակված Ա. Խաչատրյանի հետ իր համատեղ աշխատանքը չի ստացվել, որից մեծապես կարող է տուժել թաղապետարանի գործունեությունը։

Ստուգվել են նաեւ Ձեր կողմից բարձրացված մի շարք այլ հարցեր, կապված Ախուրյանի տարածքի գյուղերին սերմնացուի եւ դիզելային վառելիքի բաշխման գործում թույլ տված կողմնակալ վերաբերմունքի, Արթիկի տարածքի մի շարք գյուղերի էլեկտրամատակարարման կամայական անջատումների եւ այլնի հետ, որոնք եւս Ձեր կարծիքով պայմանավորված են եղել ՀՀ նախագահի թեկնածուների նկատմամբ այդ գյուղերի բնակիչների վերաբերմունքի հետ։

Կատարված ստուգումներով հիմնավորվել է, որ գարու սերմ բաշխվել է անցյալ տարվա կարկտահարությունից եւ տեւական երաշտից առանձնապես տուժած գյուղացիական տնտեսություններին, որի ընթացքում նկատի է առնվել նաեւ այդ մշակաբույսի արտադրությամբ զբաղվող գյուղական համայնքների առանձնահատկությունները։ Իսկ Արթիկի տարածքի առանձին բնակավայրեր այս տարվա ապրիլի 9-ին ժամը 10-13-ը հոսանքազրկվել են լարման ցանցում առաջացած վթարի հետեւանքով, ինչը ամենեւին էլ բացառիկ դեպք չէ։

Այսպիսով, նախագահական ընտրությունների հետ կապված քաղաքական դիրքորոշման համար իշխանությունների կողմից առանձին պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ ամբողջ համայնքների նկատմամբ «տեղերում սկսված եւ շարունակվող հալածանքների» մասին Ձեր հայտարարությունները կատարված ստուգումներով չեն հիմնավորվել»։

Չենք կարող չնկատել, որ Աջափնյակի նախկին թաղապետի հրաժարականի ներկայացվող պատճառը բավական սրամիտ եւ ուղղակի ունիկալ է՝ պաշտոնանկ է եղել, քանզի չի կարողացել լեզու գտնել… իր տեղակալի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031