«Ինչպե՞ս եք վերաբերվում այն կանխատեսումներին, որ բյուջետային քննարկումների ավարտը Ձեզ համար կարող է ճակատագրական լինել՝ պաշտոնանկության առումով»,- «Առավոտի» այս հարցին ի պատասխան վարչապետ Արմեն Դարբինյանն ասաց. «Քննարկումների ավարտը ոչ մեկի համար ճակատագրական լինել չի կարող։ Բյուջեի չընդունելը բացասական գործոն եմ համարում ընդհանրապես երկրի կայունացման գործընթացի տեսանկյունից»։ «Ազգի» թղթակիցը վարչապետի կարծիքը հարցրեց «Առավոտի» հրապարակած լուրի վերաբերյալ, թե Վազգեն եւ Սերժ Սարգսյանները վարչապետի ընդունելի թեկնածու են փնտրում։ Պարզվեց, որ Արմեն Դարբինյանը «ոչ մի կերպ չի վերաբերվում» այդ լուրերին։
ԻՍԿԱՊԵՍ ՀԻՎԱՆԴ Է
Անցյալ շաբաթ վիրահատության է ենթարկվել սեփականաշնորհման նախարար Պավել Ղալթախչյանը։ Չհաստատվեցին այդ լուրերը, թե պրն Ղալթախչյանի հիվանդությունն ունի «դիվանագիտական» բնույթ եւ կապված է վաուչերների մարման ժամկետի ավարտի հետ։ Ըստ որոշ լուրերի, նախարարի «աքիլեսյան գարշապարը» երիկամներն են։ Շուտափույթ ապաքինում ենք ցանկանում։
ՍԱՆԴՈՅԱՆԸ ՁՄԵՌ ՊԱՊ
Կարդացեք նաև
Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում հնչեց ամանօրյա առաջին շնորհավորանքը՝ հնչակ Էռնեստ Սողոմոնյանի կողմից։ Դրանից հետո, երբ արդեն նախարար Գագիկ Մարտիրոսյանը բացատրություններ էր տվել, նիստը վարող Ալբերտ Բազեյանը հայտարարեց. «Ձմեռ պապիների կարիքի դեպքում դիմեք ԱԺ»։ Երբ որոշ ժամանակ անց աշխատավարձերը վճարելու խոստում տալով ֆինէկոնոմնախարար Սանդոյանն ասաց, թե ինքը կդառնա Ձմեռ պապ, Ալբերտ Բազեյանը մեկ անգամ եւս սրամտեց. «Հիմա էլ որոշեք, թե ով է Ձյունանուշիկի թեկնածուն»։
ԻՆՉՈ՞Ւ
Այսօր «Նոր հանրապետություն» օրաթերթի հերթական համարը լույս չի տեսնելու։ Եվ ոչ միայն այսօր։ Ինչո՞ւ։ Առաջիկայում օրաթերթի խմբագրակազմը հանդես կգա քաղաքական լուրջ հայտարարությամբ։