Մենք ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի մասնաշենք հասանք ճիշտ այն ժամին, երբ ապագա դատավորները մտնում էին շենք՝ «քննությունների»։ Ավտոտեսուչները գիտեին, թե ուր են եկել եւ այդ պատճառով «փոսի» դպրոցից մինչեւ ֆակուլտետ կարողացան ճանապարհ բացել-փակել։ «Դիմորդների» մեծ մասը ավտոմեքենա ուներ…
Հետո եկավ «շտապ օգնության» հերթապահ մեքենան. «ընդունելության քննությունների» հանձնաժողովն այդ մասին էլ էր հոգացել։ Սակայն ապագա դատավորներից եւ ոչ մեկի սիրտը չկանգնեց, չվատացավ, ոչ մեկը չուշաթափվեց, ինչպես քննության ընթացքում, այնպես էլ քննությունից հետո։ Չվատացան նույնիսկ նրանք, ովքեր հավաքել էին 17…20 միավոր։ Լրագրողներիս, ի դեպ, քննության ընթացքում թույլ չտրվեց քննասենյակներ մտնել։ Իսկ մենք սպասումի 90 րոպեները գլորեցինք՝ մեծ ցնծությամբ «դիմավորելով» «դիմորդներին», ճշտելով, թե ինչպես պատասխանեցին իրենց առաջադրված 100 հարցերին։ Իսկ երիտասարդ փաստաբաններին, որոնք դատավորների պաշտոնական պիտանիության եւ ծառայողական առաջխաղացման ամենամյա ցուցակում ընդգրկվելու համար այս մրցույթին էին մասնակցում, դիմավորում էին նրանց նույնքան երիտասարդ ամուսիններն ու կանայք, ծնողները, շտապ ցելոֆանե տոպրակներից հանելով քր. օրենսգրքեր, կամ չգիտեմ՝ քաղաքացիական դատավարությանը վերաբերող գրականություն, ստուգելու, թե ճի՞շտ են արդյոք պատասխանել (իմիջիայլոց, թեստերում ընդգրկվել էին Սահմանադրական իրավունքից՝ 12 հարց, եւ 22-ական հարցեր էլ՝ քրեական իրավունքից, քրեական դատավարական իրավունքից, քաղաքացիական իրավունքից…)։ Որոշ մեքենաներ այս առումով հիշեցնում էին շարժական գրադարակներ, եւ դու հաճախ կարող էիր լսել այսպիսի երկխոսություն.
-Ո՞ւր է Սահմանադրական իրավունքս…
-Մեր Կարենի ավտոյի մեջ է։
Կարդացեք նաև
Մուտքի մոտ, երբ ցույց տվեցի մի «պուզատի» թեկնածուի, թե սա կկարողանա՞ քննություն տալ, մեկն ինձ ասաց. «Ուզում է կերած-խմած լինի, ուզում է սոված, քննություն է, պիտի պատասխանի»։
«Շպառգալկաներ» չգտնվեցին
Ի պատիվ այս «դիմորդների», նշենք, որ 36 լսարաններից եւ ոչ մեկում «շպառգալկաներ» չհայտնաբերվեցին։ 122 դատավորների (եւ 28 պահեստայինների) ընտրության համար դիմել էին 478 հավակնորդներ, իսկ շաբաթ օրը քննության էին ներկայացել 457-ը (բժշկի թուղթը չի անցնում -Ռ.Մ.)։ Արդյունքներն այսպիսին էին.
99-100 միավոր էր հավաքել 39 հավակնորդ,
98 միավոր՝ 76-ը,
94-98 միավոր՝ 233-ը,
80-ից ցածր միավոր՝ 107-ը։
Եղան ռեկորդակիրներ էլ. 17-20 միավոր հավաքածներ էլ, որոնք, չգիտենք, բուհերում ցածր միավորներ հավաքած դիմորդների պես նստացույցի կամ հացադուլի կդիմե՞ն… օրինակ՝ Վճռաբեկ դատարանի դիմաց…
Ժպտացող բանանների եւ արգելված բջջայինների մասին
Տեղեկացնենք, որ հանձնաժողովի բացակա անդամներից Ալեքսեյ Կիրակոսյանը հիվանդ էր, Լյուդմիլա Հարությունյանը քաղաքից էր բացակայում, Ֆրունզե Խառատյանն էլ «դուրս էր մնացել», քանի որ նրա աղջիկը հավակնորդների մեջ էր…
Հանձնաժողովի անդամ, փաստաբան Տիգրան Ջանոյանը լավատեսորեն էր տրամադրված եւ «Առավոտի» հարցին, թե «անցկացման կարգն ինչպե՞ս է գնահատում, որքանո՞վ է օբյեկտիվ եւ անաչառ լինելու համակարգիչը», պատասխանեց, որ «անցկացման կարգը դրական է։ Բազմաթիվ դիտորդներ մասնակցեցին՝ տեղական եւ արտերկրի։ Հանձնաժողովն իր բազմաթիվ նիստերում քննարկել է տեխնիկական վստահության հարցը եւ եկել է այն հետեւությանը, որ կարելի է վստահել։ Զուտ տեխնիկական սխալներ, եթե լինեն, ապա մենք նախատեսել ենք երկու փուլ՝ դիմելու եւ գանգատարկելու հանձնաժողովին, եթե համաձայն չլինեն արդյունքների հետ»։
Արդարադատության խորհրդի անդամ, դիտորդ Մհեր Խաչատրյանն ասաց, որ ինքը մասնակցել է քրեական դատավարության թեստերի մշակմանը. «Ընդհանրապես, սա ամենամինիմալ գիտելիքների ստուգում է… Այն փաստը, որ դիմորդների քանակը եղավ 480, խոսում է այն մասին, որ որոշ մարդիկ ռիսկ չարեցին գալ… Սովորական մարդը, որն իրավաբանության այբուբենը գիտի, կարող էր այդ հարցերը լուծել»։ Մ. Խաչատրյանը կարեւոր համարեց «դիմորդների» գրավոր խոսքի ստուգումը եւ չթաքցրեց, որ «մենք դատավորներ ունենք, որոնք մեղադրական եզրակացությունն արտագրում են եւ դարձնում դատավճիռ»։ Պատուհաններին ժպտացող բանաններից, հավատացնում եմ, չկերա («Երկիր օրինացը» կերավ -Ռ.Մ.)։ Իսկ որ հետաքրքիր էր, հանձնաժողովը արգելել էր լսարանում բջջային հեռախոսներից օգտվելը։
Ուղեցույցներ շատ քչերը ունեին
Հավակնորդներից՝ Շահումյանի փաստաբանական գրասենյակի պատասխանատու Գագիկ Սոլոմոնյանին, երբ դիմեցինք, թե ինչպես ընթացավ իր քննությունը, նա ասաց, որ ժամանակի պակաս էր զգում…
Գերագույն դատարանի նախկին երկու դատավորներից՝ Մարտին Կարապետյանին եւ Սուրեն Կոստանյանին «ուսանողների» մեջ տեսնելը, իմ կարծիքով էլ, էթիկապես ճիշտ չէր եւ պարզապես ձեւ պիտի գտնվեր… դիտորդներից՝ ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանն էլ այդ կարծիքին էր։
Արդարադատության նախարարությունը դատավորի պաշտոնի հավակնորդների համար մշակել եւ բաժանել էր «ուղեցույցներ»՝ թեստավորման կանոնների, թեստային առաջադրանքների փորձնական կատարման, թեստավորման ընթացքում օգտագործվող փաստաթղթերի նմուշների մասին։
Սակայն նշված էր, որ տպաքանակը 100 օրինակ է, եւ եթե հաշվի առնենք, որ այս մրցույթին մասնակցում էին 460-ը, ապա պարզ կդառնա, որ դիմորդներից շատ քչերին էին հասել այս ուղեցույցները։ Ի դեպ, ինքս չլինելով իրավաբան, փաստաբան, հավակնորդ, մի 50 թեստային հարցի էլ ես պատասխանեցի։ Օրինակ՝ պետք է չորս այլընտրանքային հարցերից մեկի դիմաց դնել + նշանը, ինչպես ՝ «դատավորը պաշտոնավարում է.
ա) Ցմահ,
բ) մինչեւ իր 65 տարին լրանալը,
գ) մինչեւ կենսաթոշակային տարիքին հասնելը,
դ) մինչեւ իր 70 տարին լրանալը»։
Կամ, օրինակ՝ «Քրեական հետապնդումը կարող են դադարեցնել.
ա) Դատախազը կամ դատարանը,
բ) քննիչը կամ դատախազը,
գ) հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատարանը,
դ) դատարանը»։
Ինչպես տեղեկացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ստացված արդյունքները ամփոփվել էին զմռսված փակ ծրարներում, որոնք մուտքագրվեցին յոթ համակարգիչների մեջ։
Արդյունքների ամփոփմանն ու մուտքագրմանը մասնակցում էին, հանձնաժողովի անդամներից բացի, դիտորդներ, լրագրողներ, հավակնորդների ներկայացուցիչներ։ Լավագույն արդյունքներ ունեցող հավակնորդների ցանկը ներկայացվելու է արդարադատության խորհուրդ՝ հաստատման։ Եվ մի շրջիկ հումորով էլ հրաժեշտ տվեցի դատավորաց դասին.
Դատավոր – Դուք ասում եք, թե այդ խախտվածը՝ ձեր ամուսինը, այդքան ուժե՞ղ է հարվածել ձեզ։
Ամբաստանյալ – Նա դեռեւս խախտված չէր, քանի չէր հարվածել ինձ։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ