Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում երեկ տեղի ունեցավ Եվրասիա հիմնադրամից ստացված շնորհի (գրանտ) արդյունքում մի հետաքրքիր հետազոտության քննարկում։ Քննարկումը կազմակերպել էր ինստիտուտի տնօրինությունը։
Հետազոտության արդյունքները ներկայացրեց ինստիտուտի գիտական աշխատող, ՄԱԿ-ի փորձագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու Նելսոն Շահնազարյանը։ Քանի որ հետազոտությունը խիստ հետաքրքիր տեղեկություններ հաղորդեց Հայաստանի երիտասարդ սերնդի առջեւ ծառացած մասնագիտության ընտրության եւ աշխատանքի տեղավորման հարցերի շուրջ, ուստի այս անգամ խուսափում ենք հայտնել մեր դիրքորոշումը եւ տեսակետը այս հարցի առնչությամբ։ Պարզապես բավարարվենք հետազոտության մի շարք հետաքրքիր թվերով ու փաստերով։ Ըստ գնահատումների՝ Հայաստանի Հանրապետությունում 16-25 տարեկան մոտ 80 հազար աշխատունակ պատանիներ եւ աղջիկներ գործազուրկ են։
Հայտնի է, որ աշխատաշուկայում մոտակա հեռանկարում նոր աշխատատեղերի սպասելիք քիչ կա, քանի որ աշխատաշուկան տարեկան լքում են 25-30 հազար թոշակի տարիքի անցած մարդիկ, սակայն մյուս կողմից մինչեւ 70 հազար պատանիներ ու աղջիկներ ստիպված են աշխատանք փնտրել։ Հետազոտման տվյալներով, հիմնվելով ՀՀ բնակչության թվաքանակի վրա, 3,11 մլն մարդուց տնտեսապես ակտիվ բնակչությունը կազմում է մոտավորապես 1 մլն մարդ։ Սրա մեջ մտնում են 231 հազար բյուջետային կազմակերպության աշխատողներ, 200 հազար մարդ զբաղված է արդյունաբերությունում, շինարարությունում եւ տրանսպորտում, 300-350 հազար մարդ՝ առեւտրում եւ սպասարկման ոլորտում, 200-250 հազարը զբաղված է ժամանակավոր աշխատանքով։ Վերջին խմբի մոտ 60 հազարը 16-25 տարեկաններ են։
Աշխատաշուկայի պահանջարկի վերաբերյալ հետազոտության ընթացքում պարզվել է, որ այն կարելի է գնահատել 5-7 հազար աշխատատեղերի մակարդակով։ Սակայն այս աշխատանքների մեծ մասը ցածր վարձատրվող եւ անհարգի զբաղմունք է։ Զբաղվածության կենտրոններում իհարկե կան ազատ աշխատատեղեր, սակայն գործազուրկները գրեթե չեն դիմում այդ տեղերում աշխատելու համար՝ վերոհիշյալ պատճառաբանություններով։ Հարցման ենթարկված երիտասարդների մեծ մասն ընդունելի է համարում ամսական 150-250 դոլար աշխատավարձը, այժմ միջինում վաստակելով 47,3 դոլար։ Երիտասարդության մասնագիտական պատրաստվածությունը խիստ ցածր է։ Հարցման ենթարկվածներից յուրաքանչյուր 3-րդը մասնագիտություն չունի։ Պատանիների մեջ մասնագիտություն չունեն 37,8%-ը, իսկ աղջիկների՝ 23,9%-ը։ Այն ընտանիքներում, որտեղ հայրն ունի միջնակարգ եւ ավելի ցածր կրթություն, մասնագիտություն չունի երիտասարդների 42,6%-ը, իսկ բարձրագույն կրթություն ունեցող ծնողների երեխաները կրկնակի քիչ՝ 21,3%։ Զբաղվածների 44,2%-ը ունի բարձրագույն կրթություն, իսկ չզբաղվածների՝ 30,2%-ը, այսինքն բարձրագույն կրթությունը նկատելի բարձրացնում է մրցունակությունը։
Կարդացեք նաև
Հետազոտություններ են կատարվել նաեւ հետեւյալ հարցի շուրջ, այն է, թե բարձրագույն կրթության համար նախապատրաստվողներից քանիսն են պարապել ռեպետիտորների մոտ։ Դպրոցականների 50%-ը պարապել է ռեպետիտորների մոտ, որից 33%-ը դասախոսների, իսկ 17%-ը՝ ուսուցիչների։ Փաստորեն, ըստ մոտավոր հաշվարկների, տարեկան մոտ 20 մլն դոլար է ծախսվում ռեպետիտորների մոտ պարապելու համար։ Ստացվում է, որ բնակչությունը կարող է ապահովել կրթական համակարգը, եթե որոշակի պետական ատյաններ գործին ոչ թե խանգարելու, այլ օգնելու մտադրությամբ միջամտեն։
Ըստ զբաղվածության ոլորտների, գոյություն ունի երիտասարդության խիստ տարբերակում, որը կախված է եւ սեռից, եւ ծնողների կրթական մակարդակից։ Առեւտրում եւ սպասարկման ոլորտում աշխատում են 44,2% պատանիներ եւ 19,0% աղջիկներ։ Հարցվածների մոտավորապես 2/3-ն աշխատում է մասնավոր սեկտորում։
Աշխատանք փնտրողները հիմնականում նախընտրում են ոչ պաշտոնական եղանակը, ընդ որում, հիմնականում առաջնությունը տրվում է ծանոթ-բարեկամական կապին։ Չզբաղված երիտասարդներից միայն 11,9%-ն են կազմում զբաղվածության կենտրոններում գրանցվածները։ Երիտասարդներն աշխատանք որոնելիս գլխավորապես հակված են դեպի առեւտրաձեռներեցային գործունեություն եւ պետական ծառայություն։ Եվ միայն 3%-ից ոչ ավելին է նախընտրում աշխատել արտադրությունում։ Ժամանակակից հայ երիտասարդները արժեքային կողմնորոշում հարցին հետաքրքիր պատասխաններ են տվել։ Այսպես, օրինակ, անկախության եւ ազատության ձգտողները ամենափոքր թիվն են կազմում եւ այս արժեքները տեղավորված են ցուցակի վերջում։ Առաջին տեղում գրավում է առողջությունը, երկրորդ տեղում՝ լավ ընտանիքը, երրորդ տեղում՝ նյութապես ապահով կյանքը, չորրորդը՝ հետաքրքիր աշխատանքը, հինգերորդը՝ ազնվությունը, վեցը՝ լավ, հավատարիմ ընկերները, յոթը՝ երկրում խաղաղ, կայուն իրադրությունը, ութը՝ իրավունքների եւ հնարավորությունների հավասարությունը, ինը՝ հաճույքները եւ միայն տասը՝ ազատությունը։
Չնայած մասնագիտություն եւ աշխատանք ընտրելու եւ փնտրելու դժվարություններին, երիտասարդների ճնշող մեծամասնությունը հավատում է հուսադրող ապագային։ «Ինչպե՞ս կդասավորվի ձեր կյանքը» հարցին պատասխանողները բաժանվել են լավատեսների եւ հոռետեսների։ 42,3%-ը կարծում է, թե ինքն ավելի լավ կապրի, քան ծնողները եւ միայն 4,7%-ն է դժվարանում պատասխանել վերոհիշյալ հարցին։ Որքան մեծանում է տարիքը, այնքան մեծանում է եւ հոռետեսների թիվը։
Երիտասարդներից 5-ից 2-ն է իր ապագան միանշանակ կապում Հայաստանի հետ եւ յուրաքանչյուր 10-րդը որոշել է արտագաղթել։ Հարցվող երիտասարդները հավասար բանակների են բաժանվում եւ պատասխանում են այն հարցին, թե ինչպես կուզեին ապրել՝ կրկնել ծնողների անցած ճանապա՞րհը, թե՞ անցնել մեկ այլ ճանապարհ։ Երիտասարդների ճնշող մեծամասնությունը համաձայն է, որ ստեղծվեն զարգացման կենտրոններ, որտեղ նրանք կարող են դիմել իրենց հուզող պրոբլեմներով, խորհրդակցել հոգեբանների հետ, ստանալ որակյալ օգնություն աշխատանքի որոնման գործում։ Ինչպես միշտ, աղջիկներն այս հարցում էլ առաջ են անցնում պատանիներից՝ 78,4% եւ 61,2%, եւ համեմատաբար կրթված ընտանիքների երեխաներն ավելի ցածր կրթական մակարդակ ունեցողներից՝ 74,4% եւ 64,4%։
Ուրախալի է, որ երիտասարդությունը շահագրգռված է իր խնդիրների լուծման առավել ժամանակակից եւ արդյունավետ միջոցների հայթայման գործում, սակայն ցավալի է, որ պետությունը, համենայնդեպս առաջիկայում, այդ բանի երաշխիքները այնքան էլ չի կարող տալ։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Հ.Գ. Հետազոտության արդյունքներին ծանոթանալուց հետո, երբ հրաժեշտ էի տալիս պրն Շահնազարյանին, վերջինս, իմանալով, որ ներկայացնում եմ «Առավոտ» օրաթերթը, հայտնեց, որ հետազոտությունների ընթացքում երիտասարդներին հարցրել են նաեւ, թե ինչպե՞ս են անցկացնում իրենց ազատ ժամանակը, ի՞նչ են դիտում կամ կարդում։ Պարզվել է, որ երիտասարդների ամենակարդացվող թերթը «Առավոտն» է։