Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՔՍԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿ

Դեկտեմբեր 09,1998 00:00
Husik Gevorgyan

Հարցազրույց ՀՀ մաքսային վարչության պետ Հուսիկ Գեւորգյանի հետ

-Պարոն Գեւորգյան, կխնդրեի, որպեսզի ներկայացնեիք, թե անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ որքանով են մեծացել կամ նվազել արտահանվող եւ ներմուծվող ապրանքների ծավալները։

-Ծավալները մոտավորապես նույնն են։ Դա պայմանավորված է նրանով, որ շուկան է թելադրում ապրանքների պահանջարկն ու առաջարկը։ Սրա կողքին ասեմ նաեւ, որ ապրանքների ներհոսի շատ չնչին աճ ունենք՝ շուրջ 3-4 տոկոսի չափով։

-Պրն Գեւորգյան, կցանկանայի, որ մեր խոսակցությունն ավելի կոնկրետացնեինք. ինչպիսի՞ն են տվյալները հիմնական ապրանքատեսակների ներմուծման առումով, նկատի ունեմ բենզինը, շաքարը, ալյուրը, սպիրտեղենը, ծխախոտը եւ սննդամթերքն ընդհանրապես։

-Այն բոլոր ապրանքատեսակները, որոնք թվարկեցիք, շուրջ 5 տոկոսով ավելի են ներկրվել Հայաստան, քան անցյալ տարվա այս ժամանակահատվածում։ Կարծում եմ՝ դա պայմանավորված է նրանով, որ արտագաղթած ժողովրդի մի մասը հետ է վերադարձել, պայմանները բարելավվել են, եւ բարձրացել է բնակչության գնողունակության մակարդակը։ Այս հարցի վերաբերյալ մենք այլ տեսակետ չունենք։

-Հայտնի է, որ Ռաշիդ Ենգիբարյանի՝ մաքսային վարչության պետ եղած ժամանակ դադարեցվեց «Ասեկուդա» ծրագրի իրագործումը, որը, ըստ էության, ենթադրում էր մաքսային համակարգի մեքենայացում։ Խնդրում եմ ասեք, այդ գործընթացը շարունակվելո՞ւ է, թե՞ դուք էլ եք հետեւելու Ռաշիդ Ենգիբարյանի գործելակերպին։

-Ասեմ, որ «Ասեկուդա» ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքները շարունակվում են։ Նախատեսում ենք նոր տեխնիկայի ներդրում, որը հնարավորություն կտա մաքսային վարչության ղեկավարությանը համակարգչով անմիջապես կապվել Բավրայի, Մեղրիի կամ էլ ցանկացած մաքսակետի հետ ու պարզել, թե այդ պահին ի՞նչ ապրանք եւ ի՞նչ գներով է ձեւակերպում։ «Ասեկուդայի» նպատակը մաքսավոր-սպասարկվող հարաբերությունները «բարելավելն» է։ Մենք հույս ունենք, որ հաջորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում աշխատանքները կավարտվեն ամբողջությամբ, եթե, իհարկե, Ազգային ժողովը պահպանի մաքսավճարի ինստիտուտը։ Ասենք միայն. համակարգչային համակարգը, որը հնարավորություն կտա ամեն ինչ պահել վերահսկողության տակ, շուրջ կես միլիոն ամերիկյան դոլար կարժենա։ Դա թանկ հաճույք է, որը կարող ենք կյանքի կոչել միայն մաքսավճարի ինստիտուտի պահպանման դեպքում։ Այլապես՝ որեւէ քայլ չենք կարող անել։

-Ուրախ եմ, որ այդ հարցում բարեփոխումներ կատարելու առումով դուք պատրաստակամ եք, այլապես բավականին տհաճ է հենց թեկուզ «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային ծառայությունը հաղթահարելը։ Բազմաթիվ անիմաստ բարդությունների մեջ ես ընկնում…

-Համապատասխան տեխնիկան, որը նպատակահարմար է տեղադրել «Զվարթնոց» օդանավակայանում, նույնպես թանկ հաճույք է։ Ֆրանսիայում, ասենք, տեխնիկան կարողանում է միանգամից արձանագրել մինչեւ իսկ 40 տոննա բեռնվածություն ունեցող մեքենայի ամբողջ պարունակությունը։ Մի փոքրիկ թմրադեղն անգամ ֆիքսվում է, իսկ այդ սարքավորումն արժե 5-8 մլն ԱՄՆ դոլար, որը մենք պարզապես չենք կարող տեղադրել. չկա այդ գումարը։ Մենք առայժմ դա չունենք, բայց նախատեսում ենք։ Օդանավակայանում այսօր շինարարական մեծ աշխատանք է կատարվում. նախատեսում ենք, որ ԱՊՀ երկրներից ժամանողներն էլ պետք է մաքսային սահման անցնեն։ Ամեն ինչ կարվի, որպեսզի կատարվող աշխատանքի որակը բարելավվի, բայց դա, կրկնեմ, ոչ միայն մաքսավորի լավ կամ վատ աշխատանքից է կախված, այլեւ՝ գումարներից։

-Ինձ հետաքրքրում է մեկ այլ հարց եւս։ Ձեր ղեկավարության օրոք արձանագրվե՞լ է արդյոք մաքսանենգության արտառոց դեպք։

-Անցյալ տարի այս ժամանակաշրջանում հայտնաբերվել է շուրջ 50 հազար լիտր սպիրտ. դա մաքսանենգության արտառոց դեպք է։ Ես այն ժամանակ ուրիշ ծառայությունում էի աշխատում եւ ինքս էի ղեկավարում բացահայտումը (հիշեցնենք, որ Հուսիկ Գեւորգյանը մաքսային վարչություն է եկել ԱԱ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի պաշտոնից)։ Այս տարի եւս արտառոց դեպքեր եղել են։ Հայտնաբերել ենք շուրջ 24 հազար տարբեր չափի շշեր (250 գրամից մինչեւ 1 լիտր)՝ թաքցված ալյուրի տակ։ Հանրապետություն էր ներկրվում սպիրտային խմիչք, իսկ դա ակցիզային ապրանք է։ Ասեմ, որ այս ոլորտում էլ մեր աշխատանքի արդյունավետությունը կախված է գումարներից ու սարքավորումներից։ Մենք չենք կարող կասկածելով կանգնեցնել ու դատարկել յուրաքանչյուր մեքենա։ Այն վերաբարձելը նորից մեր վրա է մնալու։ Հետեւաբար՝ էլի գումարների կարիք է լինելու, ուստի տեխնիկա է պետք։ Մարդը կգա, միջով կանցնի՝ մոտը բան կլինի՝ կլինի, չէ՝ իրեն հաջողություն։ Այդ պատճառով էլ ստեղծել ենք կարմիր, կանաչ, կապույտ գոտիները։ Եթե մարդու հայտարարագրում չի նշվում մաքսային տուրքի ենթակա որեւէ ապրանք, ուրեմն թող ընդհանրապես չշփվի մաքսավորի հետ։

-Եթե ծառայական գաղտնիք չէ, խնդրում եմ ասեք, թե ո՞վ էր կանգնած ալյուրի մեջ սպիրտի ներկրման արարողության հետեւում։

-Ես դա չեմ կարող ասել։ Մենք դեպքը արձանագրել ենք, ու գործն ուղարկել քննչական մարմիններին, նրանք են դրանով զբաղվում, իսկ մենք հետագայում որեւէ առնչություն չենք ունենում այդ գործին։

-Օգտվելով առիթից, որ մաքսային վարչության պետի հետ եմ խոսում, կուզեի հարցնել՝ ո՞վ է բենզինի հիմնական ներկրողը։

-Բենզինի հիմնական ներկրողներն այսօր շուրջ 8 ֆիրմաներ են, որոնք, տեւական ժամանակ է, զբաղվում են դրանով։ Նրանք արդեն մասնագիտացել են ու թե՛ ներքին շուկան են կարգավորում եւ թե՛ հստակորեն աշխատում իրենց արտասահմանյան պարտնյորների հետ։ Դրանով է պայմանավորված, որ վերջին երկու տարում համարյա տատանումներ չեն արձանագրվում բենզինի գնի մեջ։ Դա առանձին որեւէ անձի հետ չի կապված։

-Իսկ ինչպե՞ս կբացատրեիք, որ «Հայնավթամթերք» ձեռնարկությունը, լինելով բենզինի ամենախոշոր ներկրողը, այժմ ընդամենը հանրապետություն ներմուծվող բենզինի 10 տոկոսն է ապահովում։

-Դա, հավանաբար, շուկայական հարաբերությունների դրսեւորում է։ Կարծում եմ, որ այստեղ դեր ունի նաեւ սեփականաշնորհումը։ Ես փաստեր չունեմ, բայց որքան տեղյակ եմ՝ «Հայնավթամթերք» պետական ձեռնարկության որոշ բազաներ սեփականաշնորհվել են։ Այսինքն՝ եթե նրանք ուզենան էլ ավելի մեծ ծավալներ ներկրել, այդ հնարավորությունը դժվար թե ունենան, որովհետեւ չունեն պահեստավորման համար անհրաժեշտ բազաներ։ Հիմա սեփականաշնորհման մեծ գործընթաց կա եւ շատ հնարավոր է մեկ տարի հետո նույնիսկ «Հայնավթամթերք» պետական ձեռնարկությունը գոյություն չունենա էլ։

-Կցանկանայի, որ զրուցենք նաեւ մաքսային ծառայությանը վերաբերող օրենսդրության մասին։ Ես, օրինակ, կուզենայի իմանալ՝ ինչի՞ վրա է ծախսվում 0,3 տոկոս մաքսավճարներից գոյացած գումարը։ Դա չի գրպանվում։

-Նախ ասեմ, որ եթե ուզենանք էլ, այդ գումարները գրպանել չենք կարող, որովհետեւ ծախսերը ոչ թե մեկ հոգու ցանկությամբ են կատարվում, այլ՝ խորհուրդի որոշումներին համապատասխան։ Հիմա վիճակն այսպիսին է. գումարների շուրջ 45 տոկոսը հատկացվում է կոլեկտիվի պարգեւատրման հիմնադրամին, մյուս 45 տոկոսը ծախսվում է շինարարության, նոր տեխնիկայի ձեռքբերման եւ էլեկտրաէներգիայի ծախսերի փակման համար եւ ընդամենը տասը տոկոսն է մնում մաքսային վարչության պետի տրամադրության տակ՝ որպես հատուկ ֆոնդ, որը կարող է ծախսվել ինչպես շինարարության վրա, այնպես էլ նյութական խրախուսումների ու նոր տեխնիկայի ձեռքբերման նպատակով։

-Պարոն Գեւորգյան, ժամանակին շատ էր խոսվում ԱՊՀ ընդհանուր մաքսային միությանը մաս կազմելու մասին։ Ի վերջո Հայաստանը ձեռնպահ մնաց։ Դուք ի՞նչ կարծիք ունեք։

-Մաքսային միությանն անդամագրվելու մասին վերջերս վարչապետը արտահայտել է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը։ Իսկ ընդհանրապես, մենք կողմ ենք հարաբերությունների խորացմանը եւ համագործակցության ընդլայնմանը։ Դեկտեմբերի 22-23-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների հանդիպում, որտեղ այդօրինակ հարցերը եւս մեկ անգամ կդառնան քննության առարկա։ Եթե հանդիպմանը հետեւեն գործընթացներ եւ ոչ թե միայն արձանագրություններ կազմվեն, ապա մեծ քայլ արած կլինենք մաքսանենգության դեմ պայքարի ուղղությամբ։ Եթե բոլոր տեղերում գործունեության նույն մեթոդները լինեն եւ նույն գները, իմ կարծիքով, մաքսանենգության դեպքերը կնվազեն շուրջ 50 տոկոսով։

-Ըստ որոշ լուրերի, նվազել են Իրանի հետ գոյություն ունեցած ապրանքաշրջանառության ծավալները։

-Մենք նման փաստեր չունենք։ Գործընթացը շարունակվում է նորմալ կարգով։

-Իսկ ճի՞շտ է այն լուրը, որ ձեր հրամանով արգելել եք աղի ներմուծումը Իրանից։

-Ես ոչ թե Իրանից աղի ներմուծումն եմ արգելել, այլ, պարզապես, մեր լաբորատոր փորձարկումները ցույց են տվել, որ իրանական աղը սննդամթերքի համար պիտանի չէ, ու որպեսզի չվատթարանա ազգաբնակչության առողջական վիճակը, համապատասխան որոշում է ընդունվել։

-Իսկ դա ձեր հրամանագրո՞վ լուծվող հարց է, թե՞ ԱԺ-ի որոշմամբ կարգավորվող խնդիր։

-Եթե խոսքը պետստանդարտի կողմից համապատասխան փաստաթուղթ չունեցող ապրանքի մուտքի մասին է, ապա դա մեր իրավասությունների շրջանակում է եւ այդ հարցին Ազգային ժողովը որեւէ կերպ չի առնչվում։

-Իսկ այդ ինչպե՞ս պատահեց, որ Իրանից աղի ներկրումը արգելափակելու վերաբերյալ որոշումն ընդունվեց երբ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի եղբայրը նշանակվեց Երեւանի աղի կոմբինատի տնօրեն։ Նրա արտադրանքը, փաստորեն, մոնոպոլ վիճակում է հայտնվել։

-(Ծիծաղում է) Այդպես ստացվեց։ Ես չէի կարող իմանալ, որ նրան պետք է աղի կոմբինատի տնօրեն նշանակեն, իսկ ինձ էլ՝ մաքսային վարչության պետ։ Դրանք մեկը մյուսի հետ կապ չունեն։ Անկախ նրանից, թե ով է կոմբինատի տնօրենը, այդպիսի որոշում ընդունելը ճիշտ էր։

-Պարոն Գեւորգյան, համարո՞ւմ եք, որ մաքսակետերի բոլոր ղեկավարներն իրենց գիտելիքներով համապատասխանում են զբաղեցրած պաշտոններին։

-Մեզանում որեւէ կադրային պրոբլեմ չի եղել, բոլորը շարունակում են աշխատել։ Կատարվածը զուտ կադրերի տեղափոխություն է, շախմատային լեզվով ասած՝ ռակիրովկա։ Իսկ ինչ վերաբերում է համապատասխանել-չհամապատասխանելուն, մենք բոլորս համապատասխանում ենք այսօրվա պահանջներին։

-Իսկ, այնուամենայնիվ, կժխտե՞ք, թե՞ կհաստատեք այն խոսակցությունները, որ մաքսային վարչության պետի պաշտոնում եք հայտնվել Սերժ Սարգսյանի գործուն հովանավորչությամբ։

-Ես դա ոչ կհաստատեմ, եւ ոչ էլ կհերքեմ։ Ինձ որպես մաքսային վարչության պետ ներկայացրել է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար պարոն Սանդոյանը, որին ճանաչում եմ հարկային տեսչությունում մեր համատեղ աշխատանքի տարիներից, իսկ Սերժ Սարգսյանը դեմ չի եղել իմ տեղափոխմանը։

-Վերջին հարցս։ Պարոն Գեւորգյան, այսօրվա դրությամբ մաքսային վարչությունը որքանո՞վ է կատարել բյուջեի առջեւ իր ունեցած պարտավորությունները, եւ որքանո՞վ են ձեր վարչությանը փոխանցվել բյուջեով նախատեսված գումարները։

-Տարին դեռ չի փակվել։ Բյուջեով նախատեսված է եղել, որ մուտքային մասով մենք պետք է հանձնենք շուրջ 66 միլիարդ դրամ։ Ամեն ինչ կարվի, որ դա տեղի ունենա։ Այսօրվա դրությամբ հանձնել ենք 58 միլիարդ դրամ։ Հասկանում ենք՝ այդ գումարների հաշվին է, որ ուսուցիչներին ու մյուսներին աշխատավարձ է վճարվում, իսկ մենք բյուջեից այս տարի ստացել ենք երկրորդ կիսամյակում նախատեսված գումարների շուրջ 42 տոկոսը։ Մնացած ծախսերը կատարվել են մեր պահուստային գումարների հաշվին։

Զրույցը վարեց ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031