Լրահոս
Օրվա լրահոսը

Սուգի եւ տոնի խառնուրդ

Դեկտեմբեր 09,1998 00:00
erkrasharj

Մոտ մեկ շաբաթ առաջ, երբ մեր թղթակիցները եղան Գյումրիում, առատ ձյուն էր տեղացել, սակայն դեկտեմբերի 6-ին՝ կապված այցի նպատակի հետ, եղանակն էլ կտրուկ փոխվել էր. Գյումրիում ձյան հետք անգամ չկար։ Նախագահի խորհրդական (մամուլի եւ հասարակայնության հետ կապերի գծով) Կասյա Աբգարյանը Գյումրի (հետո նաեւ՝ Վանաձոր) այցելեց՝ շնորհավորելու 1988 թ. դեկտեմբերի 7-ին ծնված երեխաներին։ Նրանց թիվը ողջ աղետի գոտում հասնում է 37-ի։

Տխրության եւ ուրախության արցունքներ

Գյումրիի արվեստների ինստիտուտում տեղի ունեցավ միջոցառում՝ կազմակերպված թատերական ինստիտուտի սաների, մարզպետարանի ու հենց հոբելյարների ջանքերով։ Շիրակի մարզում վերջիններս 21-ն են։

Փոքրիկ բեմականացում, շամպայն, վառվող մոմերով տորթ, արցունքախառն ժպիտներ։ Այս էր ընդհանուրը։ Հետո բաժանվեց տորթը, երեխաներն արտասանեցին ու նվագեցին՝ ասես չգիտակցելով պահի երկիմաստությունը։ Տիկին Կասյան նախագահի անունից շնորհավորեց ու նվերներ բաժանեց նրանցից յուրաքանչյուրին (գրենական պիտույքներով մի փաթեթ եւ ծրարով որոշակի գումար)։ Որքան գումար էր ծրարի մեջ հարցին, տիկին Կասյան խուսափողական կատակով պատասխանեց՝ «տարբեր…»։

Մի փաստ. երկրաշարժի օրը Գյումրիի ծննդատունն իր հետ կորցրել է 28 նորածին, իսկ այս բախտավորները հիմնականում ծնվել են հարեւան գյուղերում (երկուսը՝ մարզից դուրս)։

Չգիտեմ՝ այս միջոցառումը որքանով փոխեց գյումրեցիների, հատկապես այս երեխաների ծնողների տրամադրությունը, բայց մինչեւ հիմա նրանցից ոչ ոք լիարժեք չէր նշել նրանց ծննդյան տոնը։ Կա մի փաստ եւս. շատ ծնողներ դեկտեմբերի 7-ը ծննդյան վկայականների մեջ փոխել են 8-ի կամ 9-ի։

Ռեպլիկ

Մինչ բեմում Կ. Աբգարյանը նվերներ էր բաժանում եւ հիշում 88-ի դեկտեմբերի 7-ը, երբ Միացյալ Նահանգներում՝ իր նախկին բնակավայրում, հեռուստատեսային լուրերով լսել է աղետի մասին ու երկար ժամանակ համոզված է եղել, թե սխալ տեղեկատվություն է, հանդիսատեսի միջից լսվեց Շիրակի մարզպետ Արարատ Գոմցյանի ձայնը՝ «Տիկի՛ն Կասյա, նրանց հարսանիքին էլ պիտի նվերներով մասնակցեք», հետո թե՝ «Տեսնես լուրջ նվերներ ե՞ն…»։ Միջոցառումից հետո առիթ ունեցանք շփվելու Գյումրիի լրատվամիջոցների աշխատակիցների, եւ ընդհանրապես, գյումրեցիների հետ։ Պիտի ասեմ, որ ինչ-որ հակագոմցյանական տրամադրություն էր նկատվում։ Բայց մեկը զգուշացրեց, թե հյուրին պետք է միայն քո հյուրասենյակը ցույց տաս։ Բայց քանի որ լրագրողը երբեք հյուր չէ, կարգավիճակ էլ չէ, այլ, ինչպես տաղանդավոր մեկն է ասել, «լրագրողը մարդու տեսակ է», ապա մեզ հաջողվեց մտնել նաեւ մարզի խոհանոց, որտեղ էլ ասացին, թե միջոցառման ժամանակ ողջ տորթը Գոմցյանը կերավ։

Ոչ պաշտոնական

ԱԺ պատգամավոր, Շիրակի մարզպետարանի սոցիալական եւ առողջապահության վարչության պետ Ռուբեն Խաչատրյանը բացարձակ թվերով ներկայացրեց իր ոլորտին առնչվող որոշակի տվյալներ՝ միաժամանակ աշխատելով խուսափել պաշտոնականից։ Ըստ նրա, 1991-ին Գյումրիում ծնելիությունը հասնում էր 4775-ի, իսկ ծննդկանների մեծ մասն այդ տարիներին 40-ից բարձր տարիքի կանայք էին։ Հիմա 50 տոկոսով նվազել է ծնելիությունը՝ օբյեկտիվ պատճառներով, սակայն մանկան մահացությունն այդ թվի համեմատ չի բարձրանում։ Ի դեպ, գերազանցում է ծնվող աղջիկների թիվը։ «Տասը տարի է՝ Գյումրին ծննդատուն չունի, այն տեղակայված է լեհերի պատրաստած պոլիկլինիկայում, որն էլ փտում է տնակների մեջ»։

Մինչ երկրաշարժը Գյումրին ուներ 227 հազար բնակչություն, հիմա, ըստ պաշտոնական տվյալների, 211 հազար, որին պրն Խաչատրյանը չի հավատում. «Դժվար թե այդքան լինի…»։ Նա չի հավատում նաեւ, որ Շիրակի մարզն ունի 375 հազար բնակչություն։

Փաստորեն, կա Գյումրիի ծննդատան նախագիծը, հողհատկացումը, չկա միայն 1 միլիոն դոլար։ «Մենք տիկին Կասյային էլ նվիրեցինք նախագիծը…»։ Այս առնչությամբ տիկին Կասյան նշեց, որ կարծես ծրագիրը ֆինանսավորված է, «բայց ում կողմից՝ գաղափար չունեմ, ինձ հետ կապ չունի»։ Պրն Խաչատրյանը փաստեց նաեւ, որ Գյումրիի բուժհիմնարկների 30 տոկոսը ծավալված է տնակներում. «Հնարավո՞ր է պատկերացնել հոգեկան հիվանդին ձմռանը տնակում…»։

Գյումրի-Վանաձոր-Սպիտակ Գյումրի-Վանաձոր ճանապարհին կանգ առանք երկրաշարժի անհայտ զոհերի գերեզմանին։ Ավելի սարսռեցուցիչ տեսարան աշխարհի երեսին չկա. շիրիմների մի մասի վրա տապանաքար չկար, երկաթե ձողեր էին ու ցուցանակներ, որ հուշում էին զոհվածի սեռը կամ՝ երեխա՞ է, թե՞ կին կամ տղամարդ։

Վանաձորում կազմակերպված միջոցառման պատկերը քիչ այլ էր. պակասում էր գյումրեցու արտահայտվող կիրքը։ Այստեղ էլ սցենարը նույնն էր, սակայն լոռեցին, գիտեք, ամեն ինչ լուռ է ասում, արտահայտվում է առանց խոսքի։

Վանաձոր էին հրավիրվել նաեւ սպիտակցի 10 տարեկանները։ Ընդհանուր թվով նրանք 13-ն էին։ Նախագահի նվերից բացի, նրանք ստացան նաեւ իրենց մարզպետինը՝ ժամացույց։ Լրագրողները եւս աննվեր չմնացին. մարզպետարանը մեզ նվիրեց կրծքանշան-խորհրդանշաններ, որի վրա գրված էր… Սպիտակի երկրաշարժ։

Ի դեպ. երկրաշարժից հետո Վանաձորում կառուցվել է մեկ եւ վերակառուցվել են բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները (բացի տրիկոտաժի ֆաբրիկայից)։

Սպիտակում հաջորդ օրը պետք է տեղի ունենար 3 բնակելի շենքերի (36 ընտանիքի համար) բացումը, իսկ դրանց կողքին՝ անավարտ Սուրբ Հարություն եկեղեցին էր։ Երեւան վերադառնալիս զգացի, որ այս ամենը սգի ու տոնի խառնուրդ էր։ Եվ գնալով գերակայում է տոնը։ Իսկ դա արդեն ուժ է։

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031