Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԹՈՂ ԻՆՔՆ ԻՄԱՆԱ, ԻՆՉԸՂ ԿԱՊՐԻՄ»

Դեկտեմբեր 09,1998 00:00
Gyumri

Դեկտեմբերի 7-ին լրացավ երկրաշարժի 10-ամյակը, եւ այդ օրն աղետի գոտին դարձել էր հանրապետության մեծ ու փոքր պաշտոնյաների ուշադրության էպիկենտրոնը։

Այնքան բարձրաստիճան պաշտոնյա կար Երեւանից գնացած, որ լրագրողներիս թվաց, թե երկիրն անտեր է մնացել, եւ հիմա ով ասես՝ կարող է հեղաշրջում կատարել։ Հետո, երբ Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղի մոտ հավաքվածների մեջ չտեսանք ՆԳ եւ ԱԱ, ՊՆ նախարարներին, սիրտներս տեղն ընկավ։ Բացի այդ, աղետի գոտի այդ օրը չայցելեցին եւս մի քանի նախարար՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի, կրթության եւ գիտության։ Մնացած բոլոր պաշտոնյաները՝ ՀՀ նախագահից սկսած (վերջացրածը դժվար է ասել) այդ օրը դեսանտ էին իջեցրել աղետի գոտում։

Պաշտոնական արարողակարգին ընթերցող հեռուստադիտողները ծանոթ են։ Մենք կներկայացնենք այն, ինչ տեղի ունեցավ պաշտոնականին զուգահեռ, հենց միաժամանակ, եւ, որ ամենակարեւորն է՝ պաշտոնականի կողքին։ Մինչեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կժամաներ Սպիտակ, բազմաթիվ հյուրեր եկան, ու նրանց շարքում հնարավոր չէր չնկատել մի թունդ հայրենասեր (թե՞ այս դեպքում հայասեր) սփյուռքահայի։ Նրա միայն եռագույն (իհարկե ոչ սեւ-սպիտակ-մոխրագույն) «շարֆը» եւ նույնքան եռագույն թիթեռնիկ-փողկապն էին վկայում նրա հայրենասիրության թնդության մասին, որովհետեւ մեզ «օրհնյալ լինեքն» էլ անգլերեն ասաց։ Հյուրերի շարքում էր 1988-ին ԽՍՀՄ պաշտպանության նախարար Դմիտրի Յազովը։ Նա վիրավորվեց, երբ լրագրողներից մեկն ասաց, թե մարշալը Հայաստանին միշտ էլ վերապահումով է վերաբերվել։ Պրն Յազովն ասաց, որ հակառակը՝ ինքը Հայաստանը միշտ սիրել է։

Թեեւ երկրաշարժի 10-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների պաշտոնական ծրագրում 1998-ի դեկտեմբերի 7-ին, ժամը 10.30-ին նշված էր «պսակադրություն Սպիտակի տարածաշրջանի երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձանին (Ջրաշեն գյուղ)», սակայն հասկանալի է, որ ՀՀ նախագահն ու նրան ուղեկցող անձինք ընդամենն այնտեղ պսակներ դրեցին։ Այդ ընթացքում ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը կնոջ եւ թոռան հետ եկավ, իր բաժին պսակը դրեց հուշարձանին եւ գնաց՝ ներկա լինելու սեփական կիսանդրու բացման արարողությանը։

Եղան նաեւ՝ գուցեեւ նախատեսված, բայց առանձնապես ոչ ցանկալիի տպավորություն թողնող հանդիպումներ։ ՀՀ նախագահին (միայն ու միայն նրան, եւ ոչ մի ուղեկցող անձի, ինչպես ասում են, յոթ սրբի աղոթելու փոխարեն միակ Աստծուն աղոթիր) մարդիկ իրենց դարդ ու ցավն էին պատմում։ Ռոբերտ Քոչարյանն էլ թե՝ նամակում գրե՞լ եք։ Բանավոր դիմողները գրեթե բոլորն էլ իրենց հետ ունեին իրենց դարդուցավի գրավոր տարբերակները։ Մի կին շատ բողոքեց, թե «10 անգամ եկել ենք ընդեղ (նախագահի նստավայր- Ա. Գ.), թույլ չեն տա մտնենք, կգնանք քաղաք (Երեւան- Ա. Գ.), հետ կգանք, կգնանք մարզպետարան, հետ կգանք…»։ ՀՀ նախագահը զարմացավ իր ժողովրդի ոչ պրագմատիկ մտածելակերպի վրա։

-Ինչի՞ ես դու՛ գալիս, հենա ես գալիս եմ։ – Հետո էլ «երեսով տվեց»։ – Էս տարի չորս անգամ եկել եմ։

Սպիտակում ռետինե զսպանակներով նորակառույց սպիտակ շենքի եւ մշակույթի տան հարեւանությամբ կառուցված հուշարձանի բացմանը, պաշտոնական ելույթների արանքում հավաքված ժողովրդից մի ձայն չդիմացավ.

-Բան ունեմ խնդրելու Ռոբերտ Քոչարյանից։

Մարդն իզուր «ծանր տեղը թեթեւացրեց», ձայնը մնաց «բարբառոյ յանապատի»։

(Հուշարձանի շուրջը փխրեցված հողով ծաղկանոցներ էին. ինչքան էլ դժվար էր դրանք շրջապատող բետոնե եզրերի վրա ձգվելով հավասարակշռությունը պահել, ոչ մի սպիտակցի չտրորեց փխրուն հողը։ Կոշիկների մի քանի «նախշ» թողեցին լրագրողներից ոմանք)։

Գյումրիի Յոթ վերք եկեղեցում պատարագի ժամանակ մի ծեր կին դիտողություն էր անում նախագահի թիկնապահներից մեկին, որը թիկունքով կանգնած խորանին՝ հսկում էր նախագահի թիկունքը։

-Մեջքով չի կարելի, բալա ջան։ Մենք ստեղ ենք,- իբրեւ նախագահի անվտանգության երաշխիք նշեց գյումրեցի անատամ տատիկը։ Խեղճ թիկնապահը այդ պահին չիմացավ ում ծառայել՝ Աստծո՞ւն, թե՞ նախագահին, եւ խնդիրը լուծեց՝ կիսաշրջված կանգնելու եղանակով։

Յոթ վերքում ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչը Ռոբերտ Քոչարյանին նվիրեց Մոսկվայի 850-ամյակին նվիրված «Святыни православной Москвы» գիրքը։ Սակայն ամենահետաքրքիրը եկեղեցու դռանը կատարվողն էր։ Շիրակի մարզպետ Արարատ Գոմցյանը «դոշ տված» խոչընդոտում էր գյումրեցիների դեմառդեմ հանդիպմանը նախագահին։ Ի դեպ, գյումրեցիներն իրենց մարզպետին տեսնելու անհնարինությունից էլ էին բողոքում։

-Ե՞րբ ես եկել, որ չեմ ընդունել,- մարդկանց հետ «անմիջական» դու-ով խոսելու մեջ պրն Գոմցյանը կարող էր մրցել թերեւս միայն պրն Քոչարյանի հետ։

Բագրատաշենից հասած մի կին իր երեխայի սնունդը հոգալ չի կարողանում։ Նախագահը խոստացավ օգնել։ Մի կին էլ՝ «անտեր, անմարդ», ընդամենը ուզում էր մի քիչ շատ նայել նախագահին։ Այստեղ էր, որ թիկնապահներից մեկի համբերությունը հատեց. «Դե, մոտեցար, էլի՛»։

Արդեն ՀՀ նախագահի հետեւից հնչեցին. «3000 դրամ թոշակ կուտաս, 25 դրամ հոսանքի՞ն կառնիս», «ըշտե անձեռնմխելի է», «էնքան կոլոտ էր, մեջները չերեւաց»։ Ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցի բակում ՀՀ նախագահը միառժամանակ չկողմնորոշվեց՝ իր շնորհակալությունն աշխարհին ռուսերե՞ն, թե՞ հայերեն ասի։ Հետո կողմնորոշվեց՝ հօգուտ հայերենի։ Նախագահը այդտեղ, գուցեեւ անկախ իր կամքից, տվեց նախորդ իշխանությունների գնահատականը՝ ընդ որում ՔԽ-ի արմատականներից ավելի արմատական. «10 տարին բավական ժամանակաշրջան էր՝ աղետի գոտին վերականգնելու համար»։ Հենց լրագրողները էլեկտրաէներգիայի սակագնի անուն տվեցին, նախագահն ու իր շրջապատը «է՜-է՜», «հը՜» անելով նստեցին մեքենաները։

Ափսո՛ս, «Առավոտն» ուզում էր իմանալ, արդյո՞ք իրար չեն հակասում այն պնդումները, թե Հայաստանը աղետի գոտու գլոբալ վերականգնման խորհրդային քաղաքականությունը չի կարող ժառանգել եւ այն, որ մինչեւ 2001 թվականն այլեւս չենք ունենա աղետի գոտի հասկացությունը (Միխայիլն էլ՝ Սերգեեւիչը, կարծեմ 1987-ին հայտարարեց, որ 2001 թվին Խորհրդային Միությունում բնակարանային պրոբլեմ չի լինի)։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. այս վերջին մի շաբաթը չափից ավելի օգտագործվեց նախկինում շրջանառության մեջ մտած «երկրաշարժի անմեղ զոհեր» արտահայտությունը։ Երկրաշարժի մեղավոր զոհե՞ր էլ են լինում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031