Գյուղացիների վկայությամբ հանրապետության ամենասակավահող գյուղն է
Գյուղն ունի 2600-ից ավելի բնակչություն։ Տարեկան ծնվում է 35-40 երեխա։ Երկրաշարժից առաջ գյուղում եղել է երեք հազարից ավելի բնակիչ։ Երկրաշարժից զոհվել են 323 նալբանդցիներ։ Հաշմանդամ է դարձել 70 գյուղացի։ Գյուղում գործում է փայտաշեն դպրոց, մանկապարտեզը չի գործում, քանի որ սննդի հարցը չի լուծվում։
Վերջին ռուս շինարարն այս գյուղից հեռացել է 1992-ից հետո, թողնելով իր կառուցած 270 քարե տները։ Դրանից հետո արդեն վեց տարի երկրաշարժի էպիկենտրոն ոչ մի շինարար ոտք չի դրել, ինչպես նաեւ ոչ մի պաշտոնյա։ Խոսքն, ինչպես մեծ, այնպես էլ փոքր պաշտոնյաների մասին է։ Ու ապրում է նալբանդցին ցուրտ ձմեռների մեջ, իր արդեն կիսաքանդ «դոմիկում» ու երազում «կոմունիստների» ժամանակվա «երանելի օրերը»։ «Այսօրվա դրությամբ շիրակամուտցին գտնվում է սոցիալական ամենավատթար դրության մեջ»,- ասում է գյուղապետի տեղակալ պրն Պապոյանը։ Մեր այցելության պահին գյուղապետը գյուղում չէր, սակայն նրա ուժերով տպագրված գիրքը՝ «Նալբանդ-Շիրակամուտի վիշտը», 500 օրինակով տպագրվել է եւ 1100 դրամով վաճառվում է գյուղացիներին։ Գրքում պատկերված են երկրաշարժի զոհերը եւ նրանց փոքրիկ կենսագրականները։ Առավել անմխիթար է գյուղի հաշմանդամ մարդկանց վիճակը։ Վարդգեսը, օրինակ, երկու թեւից զրկված է։ Ամուսնացել է, նորածին զավակ ունի, սակայն չի կարող կնոջն ու երեխային պահել։ Համագյուղացիներն օգնում են ինչով կարող են։ Բայց այդ օգնությունը քիչ է։ Այս հարցում էլ պետությունը ձեռքերը լվացած մի կողմ է քաշվել եւ տասը տարի շարունակ մարդուն թողել է իր վշտի եւ հոգսի հետ միայնակ։
Գյուղի դպրոցն էլ ավելի անմխիթար վիճակում է։ Հատակը փտել է, տանիքը փլվում է, երեխաներից շատերը հագուստ եւ կոշիկ չունեն, դասագրքեր վարձակալելու դրամ չունեն, (գնելու մասին խոսելն անգամ ծիծաղելի է)։
Կարդացեք նաև
Մի անգամ բողոք-նամակ են ուղարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք։ Եկան, գրեցին ու ջնջեցին ու էն գնալն է, որ գնացին։ Էն օրվանից այլեւս ոչ մի պետական ոտք չի տրորել այս հողը։ Թեպետ եկել են Լոռու մարզի բոլոր երեք մարզպետները, եկել են, թե «Էս ա, մենք ոչ մի բան չենք կրնա էնենք»։
«Եթե մեր ժողովրդի տեղն ուրիշ ժողովուրդ լիներ, կելներ ու կգնար ուրիշ երկիր»։
Գյումրի-Լենինական
Գյումրի քաղաքի սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը բավականին մարդաշատ էր։ Այցելուների մի մասը կենտրոն էր եկել «Փարոսում» վերահաշվառվելու, մի մասն էլ՝ տնակներում ապրողներին հասանելիք ամերիկյան նավթի կտրոնները ստանալու։
Մշակույթի պալատի շենքում հաշմանդամ երեխաների «Աստղիկ» կազմակերպության Գյումրիի մասնաճյուղը միջոցառում էր կազմակերպել՝ նվիրված հաշմանդամների միջազգային օրվան։
Թեպետ օրը հինգշաբթի էր, բայց «Յոթ վերք» եկեղեցում պսակադրության արարողություն էր կատարվում։ Մի քիչ շինծու, մի քիչ տխուր թվաց այդ արարողությունը, մանավանդ, երբ եկեղեցուց դուրս գալու պահին նորապսակներին «անմահացրեց» «3-րդ ալիքի» օպերատորական խումբը։