Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ բան չէինք էլ սպասում

Դեկտեմբեր 05,1998 00:00
spitak

Աղետի գոտին արդեն տասը տարի դարձել է հանրապետության անբաժանելի մասնիկը, եւ կարծես թե կարգավիճակից դուրս գալու ելքուդուռը չի երեւում։ Երկրաշարժը հիմնավոր ավերեց ամեն ինչ, մարդկանց հոգիներում էլ մի շատ կարեւոր բան փշրվեց ու մնաց անտեր-անտիրական։ Աղետի գոտու մի շարք գյուղերում եւ քաղաքներում մեր պտույտը ոչ մի նոր բան չավելացրեց մեր իմացածին ու տեսածին։ Միակ նորությունն այն էր, որ Սպիտակ քաղաքում (քաղաքի մի փոքրիկ հատվածում) բուռն թափով շինարարական աշխատանքներ էին ընթանում։ Այս մեծ թափի պատճառը նախ այն էր, որ Սպիտակի քաղաքապետը սպիտակցիների վկայությամբ «թափով մարդ է» եւ հետո՝ չէ՞ որ արհավիրքը կոչվեց Սպիտակի երկրաշարժ։ Հավանաբար անունը պարտավորեցնող է եւ տասնամյակի կապակցությամբ հանդիսավոր միջոցառումները, պատվավոր հյուրերի ընդունումն ու շնորհակալություն հայտնելը կկենտրոնանա Սպիտակում։

Աշխույժ եռուզեռ էր ապագա մշակույթի տան հրապարակում։ Թամաշա անողներն ավելի շատ էին, աշխատողները եռանդով գործի էին կապել։ Ի դեպ, գործի պակասը ակնհայտ է նաեւ աղետի գոտում։ Գործազրկությունը աղետի գոտում երեք անգամ գերազանցում է ամբողջ հանրապետության գործազրկության չափը։

Սպիտակցիները ոչ մի սպասելիք չունեին, հույս էլ չունեին, թե տասնամյակի կապակցությամբ իրենց յուղ ու բրինձ կբաժանեն։ Այստեղ եւս ուշանում են կենսաթոշակն ու նպաստը, այստեղ եւս բաղնիք չկա, ջուր չկա։ Այս բոլոր չկաների շարքը շարունակում է տուն չլինելու շարքը, «դոմիկների» մաշվածությունը եւ այլն։ Սպիտակում արդեն դպրոց են գնում այն երեխաները, ովքեր ծնվել են երկրաշարժից հետո։ Նրանք երկրաշարժը չեն տեսել, բայց շրջակայքի փլված ու ավերված պատկերները հիշեցնում են երկրաշարժի մասին։ Երկրաշարժից հետո ծնվածներին հայրենի քաղաքի այսպիսի ավերված պատկերը սովորական է թվում, եւ հեքիաթներն այստեղ տխուր վերջաբան ունեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031