«ՆԵՐԿԱԾ ՇՈՒՐԹԵՐՈՎ ՉՀԱՄԲՈՒՐԵԼ» «Յոթ վերք» սբ. Աստվածածնի եկեղեցին Գյումրիի միակ կանգուն մնացած եկեղեցին է։ Այստեղ են վշտառատ գյումրեցիներն իրենց եւ ուրիշների հոգու հանգստության համար մոմ վառում, աղոթում կամ՝ պարզապես նստում ու նայում եկեղեցու պատերին։ Մեր այցելության օրը եկեղեցում պսակադրության արարողություն էր։ Ավարտից հետո կարճ զրուցեցինք եկեղեցու ժամկոչի եւ ավագ սարկավագի հետ։ Եկեղեցի այցելում են աղքատներն ու խեղճերը, մեկ էլ նրանք, ովքեր հուսահատ են, տնից հալածված։ Երկրաշարժը ավերեց ոչ միայն գյուղերն ու քաղաքները, այլեւ՝ մարդկանց հոգիները, ժողովրդի ավանդույթներն ու սովորույթները։ Ավանդապաշտ եւ ծնողապաշտ գյումրեցին այսօր հնարավորություն չունի իր ծնողին պահելու եւ նրան փողոց է թողնում առանց հագուստի ու հացի։ Շատերն էլ արգելում են ծնողին տնից դուրս գալ եւ մեկնումեկին բողոքել, վախենալով, թե այդ բանն իրենց կպատվազրկի։ Տարեցներից շատերը մահանում են տներում ոչ թե հիվանդությունից (ինչպես հայտարարվում է), այլ սովից, հյուծվածությունից։ Եկեղեցի եկողների մեջ քիչ չեն սոված եւ հալածված ծերերը։ Հարուստներն ու ապահովվածները հազվադեպ են մտնում եկեղեցի, գալուց էլ ոչ մուրացկանի են նայում, ոչ սարկավագի, գալիս են իրենց ցուցադրելու եւ ձեռք գցած ինչքի համար Աստծուն գոհություն հայտնելու։ … Եկեղեցու զանգերը հնչում են օրվա մեջ երեք անգամ՝ վաղ առավոտյան, կեսօրին եւ երեկոյան։ Ժամկոչը երեսուն տարի շարունակ քաշում է եկեղեցու զանգերն ու մտածում գյումրեցու կորցրած հրաշքի մասին։ Ժամկոչ Հարությունի կարծիքով, մարդիկ երկրաշարժից հետո խեղճացել են ու չարացել։ «Աղանդավորներն ամբողջ երկրում շատացել են, սովետը որ վերացավ, մարդկանց վիճակը վատացավ, ու մի կիլո բրնձով մարդիկ իրենց հոգին ծախեցին։ Ամերիկայից աղանդավորների համար մթերք է գալիս, շոր է գալիս։ Ով աղանդավոր է դառնում, սկսում է լավ ապրել։ Բայց չեն հասկանա, որ հետո իրենց հոգին դժոխք է գնալու»։ … Եկեղեցում պահպանվում է Մարիամ Աստվածածնի սրբապատկերը։ Այն Հասան-Ղարայի վանքից բերվել է Հառիճի վանք 1830 թվին, Ջրօրհնեքի տոնին։ 1851-ին Ներսես 5-րդ կաթողիկոսի հրամանով այնտեղից տեղափոխվել է սբ. Էջմիածին։ Այնտեղից էլ՝ 1852 թվին տեղափոխվեց Ալեքսանդրապոլ եւ ամփոփվեց սբ. Աստվածածին ավագ եկեղեցում։ Ասում են՝ պատկերը նկարվել է 16-րդ դարում, եւ այսօր գյումրեցին աղոթում է սրբապատկերի առաջ. «Եվ փրկիր մեզ չարից»։ Սրբապատկերի առջեւ մի փոքրիկ գրություն կա՝ «Ներկած շուրթերով չհամբուրել»։ Նման գրություն կա նաեւ եկեղեցու մուտքի դռանը։