Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՍԱ՝ ՌԻԺԿՈՎԻՆ, ՍԱ՝ ԻՆՁ, ՍԱ՝ ՔԵԶ»

Դեկտեմբեր 05,1998 00:00
Vahe Gabrielyan

Երեկ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը ճեպազրույց անցկացրեց՝ լրագրողներին հայտնելու երկրաշարժի տարելիցին նվիրված միջոցառումներին նախագահի մասնակցության մասին։

«Դեկտեմբերի 7-ի նախօրեին նախագահը կընդունի օտարերկրյա պատվիրակությունների, գործիչների, մի շարք հայտնի անձանց, որոնց երկրաշարժի հետեւանքները վերացնելու, տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու եւ վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ունեցած նշանակալի ավանդների համար կպարգեւատրի ՀՀ շքանշաններով եւ մեդալներով։ Այդ անձինք արտերկրից են, մեծ մասամբ ԱՊՀ երկրներից՝ թվով 40 հոգի, որոնցից 2-ը կպարգեւատրվեն Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով, իսկ մյուսները՝ Մխիթար Գոշի, Մխիթար Հերացու եւ Անանիա Շիրակացու մեդալներով»։

Երկրաշարժին նվիրված հուշ- երեկոյին ՀՀ նախագահի մասնակցությունը նախատեսվում է, իսկ դեկտեմբերի 7-ին նախագահը, վարչապետը, ԱԺ խոսնակը կմեկնեն աղետի գոտու բնակավայրեր (ոչ մշտական բնակության, միջոցառումներին կմասնակցեն, հետ կգան – Ա. Գ.)։ Ըստ էության, մամլո խոսնակի հայտնած տեղեկատվությունը ընդամենը այս էր եւ մեկ էլ «կարճ՝ ամեն ինչ նախատեսվում է՝ երկրաշարժի հետեւանքների, երկրաշարժին նվիրված միջոցառումների շրջանակներում նախագահի մասնակցության առումով» («Առավոտ»-ը հավատարիմ է մնում նախագահի մամուլի խոսնակների եւ նրանց պաշտոնակատարների խոսքը ուղիղ մեջբերելու ավանդույթին – Ա. Գ.)։

Վահե Գաբրիելյանը զարմացավ, որ լրագրողներն իրենից ակնկալում են «10 տարվա ընթացքում աղետի գոտու վերականգնման համար Հայաստանը ի՞նչ է արել» հարցի պատասխանը եւ ասաց միայն, թե՝ ընդհանուր քաղաքականությունն ինչպիսին է եղել։ Եթե Խորհրդային Միությունը կարող էր իրեն թույլ տալ կարճ ժամանակում ամբողջական քաղաքներ ու գյուղեր վերականգնել, ապա Հայաստանն այլեւս ի վիճակի չէր շարունակել այդ քաղաքականությունը եւ փոխեց շինարարությունների ծավալների «մարտավարությունը կամ ռազմավարությունը (ինչպես հարմար եք գտնում – Վ. Գ.)»։ 1998-ին կառավարությունը համալիր միջոցառումների նոր՝ բավական հաստ փաթեթ է ընդունել, որտեղ շարադրված սկզբունքների թվում առաջինը նշվում է բնակարանների վերականգնման եւ շինարարության անհրաժեշտությունը, այնուհետեւ՝ սոցիալական ենթակառուցվածքներինը՝ դպրոցներ, հիվանդանոցներ։ «Եվ հռչակված է նաեւ, գիտեք, որ պետք է մենք ջանանք մինչեւ 2001 թ. ազատվել աղետի գոտի հասկացությունից»։

Այն հարցին, թե ինչպես է մեկնաբանում Հովհաննես Իգիթյանի այն հայտարարությունը, որ ԵԱՀԿ նոր առաջարկները լիսաբոնյան սկզբունքների կրկնություն են, խոսնակը պատասխանեց. «Պրն Իգիթյանի հայտարարությունը… միակը չէ նման համատեքստով… Հայտարարության բովանդակությունը իրականությունից բավական հեռու է, եւ այդ փորձերը՝ այդպես որակելու… նորացված առաջարկությունները, մարդկայնորեն հասկանալի են»։ Իսկ ՄԱԿ-ի նստաշրջանում ցեղասպանության դատապարտման բանաձեւի ընդունումը օրակարգում ՀՀ ԱԳՆ-ի «բավականին տքնաջան աշխատանքի արդյունք» համարվեց։

ՔԽ-ն նախորդ իշխանություններին տված իր գնահատականը, մինչեւ մամուլի խոսնակի ճեպազրույցը դեռեւս չէր ուղարկել ՀՀ նախագահին։ ԱՊՀ բարեփոխումների մասին Բերեզովսկու վերջին առաջարկությունների ընդհանուր տարբերակին «նախնական համաձայնություն է տրվել։ Եթե Մոսկվայում Հայաստանի վարչապետն ինչ-որ բան է ստորագրել, բնականաբար, դա արվել է նախագահի գիտությամբ»։

Ապարդյուն անցան լրագրողների ջանքերն՝ իմանալու, թե երկրաշարժի տարելիցի առթիվ ովքեր են Հայաստան ժամանելու, արդյո՞ք Ազնավուրն ու Ռիժկովը լինելու են նրանց մեջ։ Պրն Գաբրիելյանը «կոչ արեց»՝ մի քիչ սպասենք։ «Քանի որ դա որոշ մարդկանց համար լինելու է հաճելի անակնկալ»։ Պարզաբանումն այն մասին, թե խոսքը ոչ թե «հաճելի անակնկալի» ենթարկվելիք (իմա՝ պարգեւատրվող) հյուրերի մասին է, այլ ընդհանրապես ժամանողների, չսասանեց պրն խոսնակի համառությունը. «Եկողների ցանկը չունեմ»։ Նման դիմադրությունը կանխեց «առավոտական» (ինչպես ավարտին ասաց լրագրողներից մեկը) այն հարցը, թե արդյո՞ք պարգեւատրվողների ցանկում չեն լինի երկրաշարժի շնորհիվ սեփական բնակարանների կառուցման գործի «երախտավորներ» Արարատ Գոմցյանն ու Պավլիկ Ասատրյանը։ Ոչինչ, կապրենք մինչեւ երկուշաբթի։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031