Երեկ նախագահի խորհրդական Արամ Սարգսյանը գերազանցեց իր պաշտոնական լիազորությունները. իր անձնական եւ կուսակցական շահերին ծառայեցրեց մեր հարկատուների գումարները՝ նախագահի նստավայրում կազմակերպելով մամուլի ասուլիս, որտեղ արտահայտված մտքերի եւ տեսակետների զգալի մասը ոչ թե պաշտոնական էին, այլ պրն Սարգսյանինն ու Դեմոկրատական կուսակցությանը։ Պրն Սարգսյանը նախատեսել էր հանդիպումը կազմակերպել իր կուսակցությունում, բայց…
Արամ Սարգսյանի գլխավորած հասարակական էքսպերտային հանձնաժողովը, որը զբաղվում է արտաքին քաղաքական խնդիրներով, երեկ քննարկել է Արամ Սարգսյանի ամենասիրելի թեման՝ Հայաստան-Իրան հարաբերությունները։ Բայց, ի տարբերություն ձեւավորված անվանդույթի, ոչ թե Ռուսաստան-Հայաստան-Իրան առանցքի, այլ այս անգամ միջազգային հարաբերությունների կոնտեքստում։ Խորհրդականը սկզբում ասաց, թե հայկական մամուլը սխալվում է Հայաստան-Իրան հարաբերություններում սառեցում արձանագրելով, եւ որպես ասածի ապացույց վկայակոչեց իրանական ապրանքների ցուցահանդեսը։ Ապա ասաց, թե Հայաստանի պարզաբանումները (թե՞ արդարացումները- Ա. Բ.) իրանական կողմն ընդունել է։ Հանձնաժողովը քննարկումների արդյունքում եկել է պատմական եզրակացության, որը, ավելի ամբողջացնելով, կարող է դառնալ Հայաստանի արտաքին քաղաքական դոկտրինի առաջին կետը. «Իրանի հետ հարաբերություններ ձեւավորելիս պետք է ելնել մեր սեփական՝ ազգային եւ պետական շահերից՝ տուրք չտալով այն տրամադրություններին, որոնք թելադրված են այլ պետությունների կողմից»։ Դատողությունն, անշուշտ, շատ թարմ է հնչում:
Արամ Սարգսյանը նշեց, որ թույլ չի տա Թուրքիա-Իսրայել մերձեցման խորացումը, այլապես չեն բացառվում համապատասխան պատասխան գործողություններ։
Արտաքին քաղաքականության մեջ նման կտրուկ սպառնալիքներից հետո պրն Սարգսյանը նույն ոճը տեղափոխեց ներքին քաղաքականություն, որտեղ Թուրքիա-իսրայել թշնամու համարժեքը նախկին իշխանություններն էին։ Ի տարբերություն ՔԽ-ի կողմից ընդունված քաղաքական գնահատականի, ՔԽ-ի առավել արմատական թեւը՝ ՍԻՄ, ԳիԱրՔՄի եւ ՀԴԿ, 1990-97 թթ. ՀՀ իշխանությունների գործունեության քաղաքական գնահատականի վերաբերյալ ընդունել է հատուկ կարծիք։ Ներկայացնելով հատուկ կարծիքը, պրն Սարգսյանն ասաց, որ իրենց տարբերակն ընդունվածից տարբերվում է իր ծավալով։ Եթե ՔԽ-ի կողմից քվեարկությամբ ընդունված փաստաթուղթը 2 էջ է, ապա իրենցը 6 էջ է, հետեւաբար, ըստ ամենայնի, երեք անգամ ավելի լավն է։ Քանի որ այդ երկու փաստաթղթերն էլ կան մեր ձեռքին, ապա ճշտենք, որ ոչ թե 6, այլ 5,5 էջ։
Կարդացեք նաև
Մյուս կողմից, հատուկ կարծիքը, հավանաբար, միտումնավոր տպագրված է ավելի մեծ տառատեսակով եւ, ըստ համակարգչային մասնագետների, կարող էր զգալի ծավալային կորուստներ կրել, եթե տպագրվեր նույնպիսի տառատեսակով, ինչպիսին ՔԽ-ի կողմից ընդունվածինն է։ Եթե առաջին փաստաթղթում արձանագրված են նաեւ նախորդ իշխանությունների ձեռքբերումները, ապա հատուկ կարծիքում թվարկված են միայն տնտեսության քայքայման, արտագաղթի, աղքատության, էներգետիկ տեռորի, հիվանդությունների եւ համաճարակների տարածման, սոցիալական բեւեռացման, քաղաքական սպանությունների եւ դատավարությունների կազմակերպման, Արցախի հարցում պարտվողական քաղաքականություն իրականացնելու մեջ։ Հետաքրքիր է, որ այս հատուկ կարծիքին չի միացել ՀՅԴ-ը, որը նախորդ իշխանություններից ամենաշատ տուժածն է, իսկ մեկ ամիս առաջ ներկայացրեց նախորդ իշխանության ներկայացուցիչների կողմից ենթադրաբար կատարված հանցագործությունների մի ամբողջ շարք։
«Պետք է ձեւավորվի իրավասություններ ունեցող հանձնաժողով, քանի որ կուսակցությունները չունեն նման լիազորություններ եւ հնարավորություններ»,- ասաց պրն Սարգսյանը, որն ուզում է իմանալ՝ պրն Բագրատյանը մեղավո՞ր է, թե՞ ոչ, մենք իզո՞ւր ենք նրան քարկոծել, երբ հնարավոր է, որ նրան պետք է սրբի տեղ դնեինք։ «Թե վաղը նույնը կարող է անել Արմեն Դարբինյանը։ Եթե դատված չէ, ապա մեղավոր չէ»,- համարձակորեն ասաց նախագահի խորհրդական Արամ Սարգսյանը՝ թերեւս մոռանալով, որ Հայաստանում նախադեպ կա, երբ վարչապետը նախագահ է դառնում։
Արամ Սարգսյանը հրաժարվեց գնահատական տալ Վանո Սիրադեղյանի այն հայտարարությանը, թե անհեթեթ է նախորդ իշխանություններին գնահատական տալը, քանի որ հասարակարգի փոփոխություն տեղի չի ունեցել։ «Ես չեմ ուզում գնահատական տալ Վանիկ Սիրադեղյանի ասածներին։ Թող նա ինքն իրեն գնահատական տա, նոր ես կմտածեմ»,- ասաց պրն Սարգսյանը, որի կուսակցությունն իր լուման ունի իշխանափոխության մեջ, որի պատճառով էլ ընդամենը լումա ունի իշխանությունում։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ