Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Սահակյան. «Քուանշ»

Դեկտեմբեր 05,1998 00:00
Ara Sahakyan

Ազգային ժողովի դեկտեմբերի 4-ի նիստում շարունակվեցին էլեկտրաէներգիայի սակագների սառեցման շուրջ ընթացող քննարկումները։ Խոսք առավ եւ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը։

Նա ի մասնավորի ասաց. «Իմ խոսքը գուցե մի քիչ այսօրվան է վերաբերում, մի քիչ՝ երեկվան, շատ բանով՝ վաղվան, հետո՝ մեզանից հետո եկողներին. ճիշտ կլինի ելույթներ ունենալիս այս խոսափողերի մոտ կանգնածները ձեռքները գրպանները չդնեն, իսկ նախագահությունից ելույթ ունեցողներն էլ մատ թափ չտան, եւ վերջ տանք «մենտորսկի» տոնին»։ Արա Սահակյանը այնուհետեւ պարզաբանեց, որ «մենտորը» հին լատիներեն բառ է, որ նշանակում է վարժապետ։ Նախագահողը, որ այդ ժամանակ Ալբերտ Բազեյանն էր, արձագանքեց, ասելով՝ պարզ չէ, թե ում նկատի ունեք։ Արա Սահակյանն էլ պատասխանեց՝ համենայնդեպս, ոչ ձեզ։ Ընդմիջմանը մենք եւս փորձեցինք պարզել, թե ո՞ւմ էր իր խոսքը հասցեագրում ԱԺ նախկին փոխխոսնակը։

– Պարոն Սահակյան, ո՞ւմ նկատի ունեիք մատ թափ տվող ասելով։

– Դեկտեմբերի 3-ի ամբողջ նիստն ընթացավ այս վերջին տարիներին ձեւավորված փոխադարձ հարգանքի մթնոլորտին անհարիր՝ բավականին նյարդային ու գրգռված իրավիճակում։ Մի պատգամավոր անգամ իրեն թույլ տվեց պարզել, թե մյուս պատգամավորի բջջային հեռախոսի ֆինանսավորումն ի՞նչ աղբյուրներից է տեղի ունենում։ Ընդհանրապես, մեր հասարակության մեջ շատ ընդունված է, միջնադարյան կամ 17 թվականից հետո առավել մեծ տարածում գտած, անձնական կյանքի մեջ խորամուխ լինելու մարմաջը, ինչից զերծ չեն մնում նաեւ որոշ կուսակցական լիդերներ, մանավանդ երբ ցանկանում են պախարակել իրենց մրցակիցներին։ Դա անթույլատրելի է։

– Որքան հասկացա, Արշակ Սադոյանի բջջայինի վերաբերյալ ԱԺ նախագահի ակնա՞րկն եք մատնացույց անում։

– … (Լռություն)։

– Պարոն Սահակյան, ինչո՞ւ եք լռում։

– … (Լռություն)։

– Լավ, այդ դեպքում, խնդրում եմ անդրադառնաք ԱԺ նախագահության մեկ այլ անդամի՝ Ալբերտ Բազեյանի այն պնդումին, թե եթե պոպուլիստական մոտեցում «Երկրապահն» էլ ցուցաբերեր, ապա էլեկտրաէներգիայի սակագինը կսահմաներ ընդամենը 5 դրամ, եւ կդառնար հասարակության սիրելին։

– Դա հնարավոր է, եթե խորհրդարանից բացի ուրիշ պետական ինստիտուտներ չլինեն։ Սակայն այն Սահմանադրությունը, որն այսօր շատերն են փնովում, 5 դրամի առաջարկին խորհրդարանական մեծամասնության հավանության դեպքում, միայն հետեւյալ հնարավորությունն է տալիս. նախ կառավարությունը դա պետք է կապի բյուջեի հետ ու պահանջի, որ խորհրդարանում հավանության արժանանա առնվազն 96 ձայնով։ Երկրորդ՝ կառավարությունը կարող է հանրապետության նախագահին համոզել, որ այդ փաստաթուղթը չստորագրի։ Այդ պարագայում ներկայացված նախագիծը կարող է ԱԺ նախագահը ստորագրել, իսկ եթե դրանից հետո էլ ՀՀ նախագահը չհամաձայնի 5 դրամ սակագնին, ապա կարող է արձակել խորհրդարանը եւ նշանակել նոր ընտրություններ։ Կգա մի նոր խորհրդարան, ու եթե նա էլ ուզենա, որ էլեկտրաէներգիայի սակագինը լինի 5 դրամ, հանրապետության նախագահը կամ պետք է հաշտվի այդ մտքի հետ, կամ էլ հրաժարական տա։ Այս Սահմանադրությունը բոլոր այդ ճանապարհները ցույց է տալիս։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել