Քաղաքական խորհրդում ներկայացված երեք՝ նախորդ իշխանություններին առանձնապես չսիրող կուսակցությունների ներկայացուցիչները մերժեցին այդ իշխանություններին դատապարտող ՔԽ-ի կուսակցությունների մեծամասնության կողմից ընդունված՝ համեմատաբար մեղմ փաստաթուղթը եւ որպես հատուկ կարծիք ներկայացրեցին իրենց տարբերակը, որը սկսվում է փոքր-ինչ պարսկական ոճով. «Հանուն ազգային եւ քաղաքացիական համաձայնության վերականգնման»: Տարբերակի առաջին պարբերության մեջ օգտագործված են «ապազգային», «հակաժողովրդական» եւ «հանցավոր» հայտնի ածականները: Անշուշտ, պաշտոնաթող իշխանավորների հասցեին նման թունդ բառեր ասելու համար անհրաժեշտ է ոչ միայն տղամարդկություն, այլեւ քաղաքացիական մեծ արիություն:
Արմեն Դարբինյան
Այս խորագրի մշտական հերոս վարչապետ Արմեն Դարբինյանն իրեն հատուկ հստակ, տղամարդկային ոճով հայտարարեց, որ զուգահեռաբար պայքարելու է ՍՊԻԴ-ի եւ ոչ լեգիտիմ /խուժան/ արաղի դեմ: Պետք է նշել, որ մեր վարչապետը նրբորեն է զգում ժամանակի զարկերակը եւ կարողանում է առանձնացնել առաջնային պետական խնդիրները երկրորդականներից /որպիսիք են, օրինակ, ուսուցիչներին եւ գիտնականներին ամիսներով աշխատավարձ չվճարելը/: Հիշեցնենք, որ ավելի վաղ պրն Դարբինյանը կենտրոնացավ մեկ այլ կարեւորագույն պետական խնդրի՝ «Ար» հեռուստատեսությամբ գիշերվա ժամը 3.00-ին ցուցադրվող էրոտիկ ֆիլմերի վրա: Պետք է ենթադրել, որ անցած գիշերն էլ վարչապետն անց է կացրել անքնության մեջ՝ հետեւելու համար, որպեսզի «Ար»-ը չափից դուրս մերկ մարմիններ ցույց չտա:
ԱԺ պատգամավորները
Կարդացեք նաև
Անցած չորեքշաբթի լենինյան համեստությամբ փայլող երեսփոխանները տղամարդավարի հրաժարվեցին՝ պետական պաշտոնյաների, նաեւ իրենց աշխատավարձը բարձրացնելու առաջարկությունից: Աշխատավարձի հույսին մնացած, կիսասոված պատգամավորները որոշեցին շարունակել իրենց ժուժկալ կյանքը՝ միայն թե ժողովուրդն իրենց մասին լավը մտածի եւ հաշվի առնի այդ խոշոր զոհողությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ