Երկրաշարժից 27 տարի անց
«Դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11.41 րոպեին Հայկական ՍՍՀ-ում տեղի ունեցավ ավերիչ ուժի երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Լենինական քաղաքից 25 կմ հյուսիս- արեւելք: Երեւանի սեյսմիկ կայանի սարքերը գրանցել են 6,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնում ցնցումների ուժը հասել է 10 բալի». սա «Արմենպրեսի» անդրանիկ հաղորդագրությունն էր:
Հայաստանում կառավարական հանձնաժողովը գլխավորել սկսեց Մինիստրների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանը, Միութենական կառավարական հանձնաժողովը՝ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ոիժկովը։ Աղետի շրջան առաջիններից մեկը մեկնեց Ն. Ոիժկովի տեղակալ Բ. Շչերբինան։
Օրվա երկրորդ կեսին մայրաքաղաքի բոլոր բուժհիմնարկներում հերթեր գոյացան։ Մարդիկ ուզում էին օգնել աղետյալներին, ուզում էին դոնորական արյուն տալ նրանց։ Երեկոյան հայտարարվեց «Որոնում» հատուկ ծառայության մասին, որը գործելու էր ՀԼԿԵՄ Կենտկոմի շենքում, եւ երկրաշարժի հետեւանքով տուժածների որոնման աշխատանքներն էլ գլխավորելու էր օպերատիվ ծառայության պատասխանատու Հրանուշ Հակոբյանը։
Հիշում եմ, հայտարարվեց, որ բնակսոցբանկի Երեւանի քաղաքային վարչությունը բացել է երկրաշարժից տուժածների օգնության ֆոնդ՝ 700412 հաշվի համարով։ Փրկարարական աշխատանքներին լծվեցին քաղաքացիական պաշտպանության հանրապետական շտաբը, հանքափրկարարները, զինվորական ստորաբաժանումները։
«Որոնում» խմբում ինձ «բաժին հասավ» թիվ 108 սենյակի աշխատանքները կազմակերպելը, որի հիմնական խնդիրն էր հավաքել անհրաժեշտ տեղեկատվություն։ Մի կողմից՝ աղետյալներից նրանց, որոնք ՓՆՏՐՈԻՄ են իրենց հարազատներին, ծնողներին, երեխաներին, ընտանիքի անդամներին, ընկերներին եւ նաեւ ԳՏՆՎՈՂՆԵՐԻ մասին տեղեկատվությունը: Աշխատանքի ծավալը նախապես չէինք պատկերացնում, նորից վերհիշենք. 1988 թվական, դեկտեմբեր, տեղեկատվության հոսք Լենինականից, Սպիտակից, Կիրովականից, Ստեփանավանից, եւ դա պետք է բազմացվի, գրանցվի, տարածվի, փակցվի պատերին (նախկին Ամերիկյան դեսպանատան շենքի), որի շուրջը բազմաթիվ էին մարդիկ՝ սթրեսի մեջ հայտնվածները։ Ընդ որում, չկար տեխնիկա, համակարգիչներ, ինչպես այսօր, եւ անուն-ազգանուններն ու ողջ տեղեկատվությունն արվում էր ձեռագրով կամ գրամեքենաներով՝ առանց ժամ ու ժամանակ հաշվի առնելու։ Հույսը սովորական հեռախոսային կապի վրա էր (չկային, իհարկե, այսօրվա գրպանի հեռախոսները, ֆաքսերը, փեյջերները), որն աշխատում էր առանց խափանման։
«Որոնում» խմբի կամավորները ժամ առ ժամ հայտնվում էին հիվանդանոցներում, գիտահետազոտական ինստիտուտներում, ուսումնական հաստատություններում, հյուրանոցներում, պանսիոնատներում, մասնավոր տներում։ Մի խոսքով, այնտեղ, ուր տեղափոխում էին տուժածներին։ Եվ ցանկացած տեղեկատվություն նրանց գտնվելու վայրի մասին, թեկուզ եւ մեծ դժվարությամբ, հասնում էր «Որոնում»։
108 սենյակը «տրաքվում» էր արդեն, եւ անհրաժեշտություն եղավ առանձնացնել տեղեկատվությունն ըստ շրջանների, գյուղերի։ Աշխատանք, որն, ի դեպ, սովետմիությունում առաջին անգամ էր իրականացվում։ Իսկ մենք ընդամենը կամավորներ էինք, որ ուզում էինք օգնել աղետյալներին՝ գտնելու իրենց հարազատներին եւ իմանալ ճշգրիտ տեղեկություններ։ Այս օրերի աչքերով երբ հետ եմ նայում, հիմա եմ մտածում, թե այդ արտակարգ իրավիճակում ինչ կարեւոր էր անձի մասին ամեն մի մանրուք իմանալը։ Պատկերացրեք, անուն- ազգանունների բազմաթիվ նմանությունների եւ կրկնությունների դեպքում մեզ որքան են օգնել հայրանունները։ Յոթ ամիսների իմ կամավոր աշխատանքում հատկապես ծանր է եղել երեխաների որոնման աշխատանքները։ Այդ հարցում ե՛ւ կամք էր պետք, ե՛ւ հոգեկան ամուր վիճակ, որպեսզի ոչ միայն հաշմված, կորսված երեխաների ծնողների աղերսներին դիմանայիր, ոչ միայն հույս տայիր, այլեւ կարողանայիր փնտրել, գտնել ամեն մի տեղեկություն, նշան, որը կօգներ գտնելու աղետյալ երեխաներին։ Նախնական որոնման աշխատանքները դժվար էին ընթանում, որովհետեւ ե՛ւ պետական հեռուստատեսությունը, ե՛ւ ռադիոն, այն ժամանակ, հավանաբար, վախենալով «զանգվածային խուճապ առաջացնող» դառնալուց, եթեր չէին տալիս։ Երբ որոնումի հետ կապված Սիլվա Հարությունյան լրագրողին իմ անդրանիկ (ուղիղ եթերով) հարցազրույցն էի տալիս, ինձ հետ վերցրել էի տասը երեխաների լուսանկարներ (փլատակների տակից հանված), որոնք ցուցադրելուց հետո սկսվեցին հեռախոսազանգերը՝ նրանց գտնվելու մասին։ Ի պատիվ հայկական ռադիոյի, թեկուզ ուշացումով, սկսվեցին ամենօրյա «ռադիոորոնումները», որոնք մեր խմբի պատրաստած տեղեկատվությունն էին հաղորդում եւ, ինչ խոսք, որի արդյունքում մարդիկ իրար ավելի արագ գտան։
Չեմ կարող չհիշել նաեւ առաջնորդի անունը կրող մանկական ֆոնդի եւ «Կոմսոմոլեց» թերթի համատեղ տպագրած ռուսերեն եւ հայերեն «Որոնում» եւ «Հույս» անուններով հավելվածների հրապարակումը, որը շատ կարեւոր էր խուճապի մատնված մարդկանց համար։ Հիշենք, որ այն ժամանակ թերթեր էլ չկային։ Չանցած մի քանի օր՝ դեկտեմբերի 10-ին, հետեւեց Երեւանի զինվորական պարետի հաղորդումը, ըստ որի՝ «տարերային աղետի հետեւանքների վերացմանն օգնելու համար, ժողովրդատնտեսական բեռների փոխադրումների ծավալի ավելացման կապակցությամբ պարետային ժամի գործողությունը հանրապետության ամբողջ տարածքում սահմանվեց ժամը 24-ից մինչեւ առավոտյան ժամը 5-ը»։ «Որոնում» խմբի որքան կամավորներ են գիշերել ՀԼԿԵՄ Կենտկոմի շենքում՝ մթության մեջ ընդունելով արտերկրից եւ միութենական հանրապետություններից հնչած հեռախոսազանգերը։ Մակաշովյան ռեժիմն էր, ինչ արած, որն իր անդրանիկ հարցազրույցում տեղեկացրեց, թե տարերային աղետի շրջաններում ստեղծվել է վեց վրանավան՝ 32 հազար մարդու համար, իսկ բնակչությանը բաժանվել էր 7200 ընտանեկան վրան (մարդիկ դեռ ինչքան ժամանակ փողոցներում պիտի գիշերեին)։ Տեղեկացանք, որ ձերբակալվել է «Ղարաբաղ» կոմիտեն, իսկ Գորբաչովի հայտնի այցի հաջորդ օրը՝ դեկտեմբերի 11-ին, Լենինականի օդանավակայանին մոտենալիս, վթարի ենթարկվեց «ԻԼ- 76» ոազմափոխադրական ինքնաթիռը՝ 78 զինծառայող- անձնակազմի անդամներով։ Քչերը կարող են հիշել, թե ինչպես Էջմիածնի քաղաքային հիվանդանոց այցելեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ ապագա Ամենայն հայոց կաթողիկոսը։ Սենյակից- սենյակ էր այցելում նա, քաջալերում աղետյալներին, իսկ նրան ուղեկցում էր Լիբանանի առողջապահության նախարար Քաջիկ Պապիկյանը: Տասը տարի անց, պիտի խոստովանեմ, որ այդ օրերին բացառիկ աշխատանք կատարեց Հրանուշ Հակոբյանը։ Կար պրոբլեմ՝ անմիջապես լուծվում էր, կար օգնության կարիք՝ նա տեր էր։ Չեմ կարող չհիշել որոնման պատասխանատուներից հատկապես Լեւոն Եսայանին, Նունե Ներսիսյանին, Մարինե Սարգսյանին, Լիլիթ Մկրտչյանին, Փառանձեմ Շահբազյանին։ Որոնումն առաջին փորձությունն էր, իսկ երբ 1990թ. հունվարը եկավ, ցավալի է, բայց փաստ, որ այդ նույն կամավորները մեկ ամսվա ընթացքում որոնեցին- գտան արդեն Բաքվի ջարդերից մազապուրծ մեր հայրենակիցներին (այն, ինչ հաջողվեց անել 7-8 ամսում՝ երկրաշարժի աղետյալների համար)։ Բայց ինձ համար ամենացնցող պատկերը, որից ազատվել մինչեւ օրս չեմ կարողացել, դա Սպիտակն էր, Սպիտակի փլված դպրոցը՝ դասարաններից մեկում, շրջված գրատախտակով։ Վրան կավիճով գրված էր. «Հիշենք հայրենին», եւ այս փլված գրատախտակի կողքին ու այդ փլված տառերի կողքին Իտալիայից եկած (իտալական թաղամասի տնօրեն) 74-ամյա հայուհի Լակմեն Փավիսը…
ՌՈԻԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ», 5 դեկտեմբերի, 1998թ.