Կրթության եւ գիտության նախարարի յոթամսյա գործունեությանը գնահատական տալ չէինք համարձակվի, եթե կառավարության կազմում փոփոխություններ չլինեին եւ հենց իրենք՝ իշխանության վերին ատյանները յոթ ամիս աշխատած նախարարների աշխատանքը չգնահատեին։
Որպեսզի կրթական համակարգի վիճակն արձանագրենք, բավական է թվարկել, թե ինչից էին խրոնիկ բողոքում ուսուցիչները եւ կրթասեր հասարակությունը։ Առաջին եւ ամենակարեւոր դժգոհությունը, այսպես կոչված, դպրոցի վճարովիությունն էր։ Անվճար 10-ամյա կրթության սովոր հասարակության աչքի առաջ պետությունը դպրոց պահելու իր հոգսը դնում է ծնողի ուսերին։ Թաքուն, թե բացահայտ, ծնողը ստանձնում է նախ՝ դպրոցական շենքի պահպանման (նորոգում, վարագույր, մաստիկա, ավել եւ այլն), ապա ուսուցչի վարձատրության հոգսը։ Վերջինը դրսեւորվում է դասից դուրս վճարովի պարապմունքների ձեւով։ Պարապմունքներ, որտեղ տարանջատված չէ պետական պարտադիր կրթության ծավալը եւ որոնք, փաստորեն, անվճար կրթության վճարովի դառնալու անվիճելի ապացույցն են։ Եվ եթե նախորդ տարինեին սա ինչ-որ ձեւով քողարկված էր, ապա այսօր՝ Լեւոն Մկրտչյանի օրոք, բացահայտ ու անարգել է կատարվում։ Եթե անգամ որոշ երեխաներ դեռ չեն օգտվում վճարովի պարապմունքների համակարգից, ապա դա ընդամենը նշանակում է, որ նրանք մի կողմից կրթություն չեն ստանում, մյուս կողմից՝ այդ ստացած կրթության դիմաց վճարում է դասընկերոջ ծնողը։
Հաջորդ բողոքը ուսուցչի սոցիալական վիճակին էր վերաբերում։ Եթե այսօր ուսուցչի վիճակն անգամ բարելավվել է, ապա վերը նշած վճարովիության, այլ ոչ թե պետական աշխատավարձի բարձրացման հաշվին։ Ավելին՝ աշխատավարձի համար գործադուլ անելու տարիներին (1993-94 թթ.) ուսուցչի ռեալ աշխատավարձը շատ ավելի բարձր էր (գների ու դոլարի կուրսի հետ համեմատ), քան այսօր։ Այսինքն՝ այստեղ էլ ունենք հետընթաց։ Ուրիշ բան, որ ուսուցիչը հաշտվել է առանց վարձատրության աշխատելու մտքի հետ։
Մյուս խրոնիկ բողոքը կրթական դաշտում առկա իրավական քաոսն է։ Նախեւառաջ, կրթության մասին օրենքի բացակայությունը։ Թվում է, օրենքը պատրաստ է (լավագույն դեպքում, 1999 թ. կեսերին կընդունվի), բայց օրենքի նախագծին առաջին ծանոթությունները եւ առաջին արձագանքներն ասում են, որ այն նախարարը, որի օրոք կընդունվի նման օրապակաս օրենք, պատմության մեջ կմտնի որպես կրթությանն ամենամեծ վնասներ հասցրած գործիչ։ Իրավական դաշտում առանց այն էլ բազմաթիվ խութեր կան, սկսած հանրակրթական հաստատության տիպային կանոնադրությունից (որն այսօր չի գործում), ավարտած բուհերի արտոնագրման եւ հավատարմագրման կարգերով։ Ի դեպ, կրթության մասին օրենքը դեռ չընդունած, կրթական չափորոշիչները չսահմանած՝ փորձում են բուհերի հավատարմագրման կարգը ընդունել։ Բայց ինչպես պիտի որոշվի տվյալ բուհի կարգավիճակը, ինչ չափանիշներով, եթե սահմանված չէ, թե ուսանողը գիտելիքների ինչ չափաքանակ պետք է յուրացնի։ Նորից պիտի առաջնորդվեն աչքաչափով կամ անցյալից մեզ ծանոթ «մեթոդներո՞վ» (մի մոռացեք, որ հավատարմագրումն սերտ առնչվում է բանակ գնալու խնդրին)։
Կարդացեք նաև
Հաջորդ բողոքը վերաբերում էր գիտելիքների մակարդակին։ Եթե բուհ ընդունվելու համար աշակերտն առաջ կես տարի էր պարապում, այժմ՝ կլոր երկու տարի (տարին՝ 500-700 դոլարով)։ Դպրոցի տվածն օրեցօր նվազում է։ Եթե գոնե ակադեմիական գիտելիքների նվազումը փոխհատուցվեր կենցաղում անհրաժեշտ պրակտիկ գիտելիքներով, դպրոցի զարգացման միտումը կերեւար։ Բայց խորհրդային դպրոցի տված տեսական իմացությունը չկա, չկան նաեւ վերապրելուն, կյանքի պայքարում տեղ գտնելուն ուղղված գիտելիքները (լեզուներ, կոմպյուտեր, արհեստ, տնտեսվարում եւ այլն), ուստի պատահական չէ, որ բարձր դասարաններում աշակերտների համատարած բացակայություններ են, էքստեռն քննություն տվողների մեծ բանակ, ատեստատ գնելու բազմաթիվ դեպքեր։ Դպրոցը դադարել է իր կրթական-դաստիարակչական ֆունկցան իրականացնելուց։ Այս վիճակն, անշուշտ, վաղուց է սկսվել, բայց առավել խորացել Լեւոն Մկրտչյանի օրոք։ Որտե՞ղ են յոթ ամսում ստեղծված ծրագրերն ու դասագրքերը, ի՞նչ նոր բովանդակություն է դպրոցին բերել դաշնակցական նախարարը (բացի, իհարկե, մաթեմատիկայի դասագրքի խիստ ազգային խնդիրներից եւ ազգային թեմաներով խոսքուզրույցից)։ 1998-99 ուստարվա համար ընդունած ուսումնական պլանը դպրոցին զրկել է որեւէ՝ քիչ թե շատ, ինքնուրույնությունից, վերացրել վերջին տարիներին ձեւավորված ու քննություն բռնած սկզբունքները։ Այնպես որ, Համաշխարհային բանկի գրասենյակն արդեն հաստատված իր ծրագրերի իրականացման ճանապարհին լուրջ խոչընդոտների է հանդիպել՝ կապված ուսպլանի կարծրության հետ։
Հաջորդ բողոքը վերաբերում էր դասագրքերի գներին։ Դրանք այս տարի գերազանցեցին բոլորիս սպասելիքները։ Եթե անցյալում 4-5 հարյուր դրամանոց դասագիրքը վրդովմունքի ալիք էր առաջացնում, այսօր 2000 դրամանոցը նորմալ է ընդունվում. պարզապես, հասարակությունը սա էլ մարսեց։
Մյուս բողոքը վերաբերում էր դպրոցական շենքերի վիճակին։ Այստեղ չնչին բացառությունները (եւ սոցներդրումների հիմնադրամի հատուկենտ շինարարությունը) չհաշված՝ վիճակն աղետալի է։ Եվ այսօր արդեն կազմված 1999-ի բյուջեն ու հանրակրթության ֆինանսավորման չնչին թվերը, ասում են, որ հաջորդ տարի ավելի վատ է լինելու։ Բոլոր թվերից, անցած տարվա համեմատ, աճել է միայն պետական կառավարմանը հատկացվող գումարը։ Հանրակրթական դպրոցներին անցյալ տարի հատկացված 15,1 մլրդ դրամի դիմաց այս տարի նշվում է 15 մլրդ դրամ։ Այսինքն՝ այս կրթության նախարարի մասնակցությունը բյուջեի ձեւավորմանը դրսեւորվել է իր ապարատի ծախսերը մեծացնելով եւ դպրոցին հատկացվող կոպեկները կրճատելով։ Սակայն նախարարը չի զլանում շարունակ հայտարարել, որ կրթությանը «լուրջ» գումար է հատկացվելու։ Այս «լուրջ» գումարը համեմատեք անցյալ տարվա «լուրջի» հետ (չմոռանալով մտաբերել ինչ են ստացել 1998-ին դպրոցն ու ուսուցիչը), եւ ամեն ինչ տեղը կընկնի։
Փոխարենը 1999-ի բյուջեում փոքր-ինչ աճում են բարձրագույն կրթությանը հատկացվող գումարները։ Բուհերի պետպատվերը նվազում է, վճարը բարձրանում, վճարովի տեղերի քանակն ավելանում, բայց պետությունը բարձրագույն կրթությանը սկսում է մի փոքր ավելի շատ ֆինանս տրամադրել։ Ո՛ր տրամաբանությամբ՝ անհասկանալի է։
Կրթության բնագավառում անզեն աչքով անգամ նկատելի անկման ֆոնի վրա ինչո՞վ է զբաղվել 7 ամիս մեր նախարարը։ Դրա 4-5 ամիսը տրամադրված է եղել բուհերում ընդունելությունների արդար քննություններ կազմակերպելուն։ Թվում է, ազնիվ է նպատակը, բայց մամուլ սպրդած հայտարարություններից, դրսում շրջող խոսակցություններից եւ անձամբ իր՝ նախարարի խոստովանությունից կարելի է վստահ ասել, որ այսօր դա անիրականանալի խնդիր է։ Քանի դեռ երկիրը չի փոխվել եւ ընդունելության այլ համակարգ չի կիրառվում։ Այսօր էլ դեռ նախարարը եւ իր աշխատակազմը զբաղված են հետընդունելության հարցերով, նախապատրաստական ֆակուլտետների ձեւավորմամբ։
Գանք ամենացավոտ՝ կադրերի եւ կառուցվածքի խնդրին։ Գիտեք, չէ՞, կկվի պատմությունը՝ բունը շարունակ փոխում է՝ կարծելով, թե հոտը բնից է։ Մեր բոլոր նախարարներն առանց նախորդ կառուցվածքը ուսումնասիրելու եւ աշխատեցնելու, սկսում են նորը կազմելուց։ Կրթության վերջին երկու նախարարները դա անում էին խիստ կոնֆիդենցիալ պայմաններում։ Կառավարությունում արդեն հաստատված կառուցվածքին անգամ նախարարության աշխատակիցներն այսօր ծանոթ չեն։ Հայտնի է, որ մի վարչություն (ծրագրամեթոդականը) վերանում է կամ տեղափոխվում ինստիտուտ, մյուսները կրճատվում են 40 տոկոսով, բայց նախարարության ընդհանուր թվաքանակը պահպանվում է։ Ավելորդ հաստիքները նոր մարդիկ տեղավորելու (հիմնականում դաշնակցականներ) հնարավորություն կտան։ Նախարարը կունենա իր աշխատակազմը, կավելանա բարեփոխումների գծով փոխնախարարի հաստիքը։
Կառուցվածքային փոփոխության կենթարկվեն նաեւ ենթակա չորս ինստիտուտները, որոնք կմիավորվեն՝ ձեւավորելով մանկավարժության եւ կրթության պրոբլեմներով զբաղվող գիտական-մեթոդական կենտրոն։ Բոլորը մեկ ամանի մեջ։
Ինչ վերաբերում է կադրերին, չնայած զգուշավորությանը, բայց այստեղ էլ են երեւում նախարարի հեռուն գնացող մտադրությունները։ Փոխնախարարների հետ աշխատանքը, ականատեսների վկայությամբ, այնքան էլ լավ չի ստացվում։ Երկար տարիներ գիտությունը համակարգող փոխնախարար Արամ Շահինյանի, հայ-ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնում արդեն կանխորոշված, նշանակումը չկայացավ։ Նշանակվեց պետական համալսարանի դասախոս Լեւոն Մկրտչյանը։ Տեխնիկումների վարչության պետին արդեն ասվել է, որ աշխատանք փնտրի։ Վտանգի տակ է նաեւ բուհերի վարչության պետը։ Ընդհանրապես, ողջ նախարարությունը յոթ ամիս կաթվածահար վիճակում է, բոլորը սպասումների մեջ են։ Պրն Մկրտչյանի գործելակերպում այլ մեթոդներ էլ են ընդգրկված. կառավարության վերահսկողական ծառայության պետի խոստովանությամբ (տես «Իրավունք» թերթ), Հայկական մանկավարժական ինստիտուտում կատարվող ստուգումների նախաձեռնողը նախարարն է։ Դուք արդեն գրել եք ե՛ւ մանկավարժական ինստիտուտում, ե՛ւ Բլեյանի կրթահամալիրում իրականացվող ստուգումների մասին։
Բայց կրթության նախարարի կադրային քաղաքականության թագնուպսակը, անշուշտ, բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ (եւ նրա հիմնադիր) Արեգ Գրիգորյանի պաշտոնաթողությունն էր։ Մի մարդու, որը ոչ միայն լավագույնս դրսեւորել է իրեն աշխատանքում, այլեւ պարկեշտ մարդ է եւ իսկական մտավորական։ Նրա փոխարինումը Լենդրուշ Խուրշուդյանի նման հայացքներն ու պատմությունը արագ փոխող մեկով, ոչ մի լավ բան մեզ առաջիկայում չի խոստանում։
Հ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Լրագրող, մանկավարժ
Կրթության եւ գիտության նախարարի արձագանքն այս գնահատականներին մտադիր ենք ներկայացնել առաջիկա համարներում: