ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, վարչապետ Արմեն Դարբինյանին, Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանին, Ազգային ժողովի պատգամավորներ Պավել Ասատրյանին, Արշակ Սադոյանին եւ մյուսներին
Մեծարգո պարոններ, ինչպես գիտեք, 1988 թ. ավերիչ աղետը հիմնահատակ կործանեց երկրաշարժի էպիկենտրոն Նալբանդ գյուղը։ 2700 բնակիչներից 317-ը զոհվեցին, տասնյակ մարդիկ հաշմվեցին, հարյուրավոր երեխաներ որբացան։ Մինչ մենք զբաղված էինք ԽՍՀՄ-ով մեկ ցրված մեր հարազատներին որոնելով եւ նրանց բուժման հարցերը հոգալով, շինարարները հին գյուղատեղը մաքրեցին՝ տեղում նոր գյուղ կառուցելու համար։ Մեր տասնյակ տարիների տքնաջան աշխատանքով դրած տունուտեղից ինչ էլ որ կարելի էր օգտագործել, փլատակների հետ կիրճերը լցրին։ Մխիթարվեցինք մեր կորցրածի դիմաց որպես հատուցում պետության տված որոշ գումարով։ Ի դեպ, մեր գյուղին տրված հատուցման գումարի միջինը կազմեց 26, իսկ հարեւան գյուղերինը՝ 46 հազար ռուբլի, քանզի շինությունների չափումների ժամանակ մենք գյուղում չէինք։ Բայց այժմ այդ մասին չէ խոսքը։ Աղետյալներս մինչեւ օրս այդ գումարը չենք ստացել խնայդրամարկղից, այն հույսով, որ մի օր 1989 թ. համարժեքով կվերադարձվի մեզ։ Երեխան էլ է հասկանում, 200 ռուբլին 1 դրամի հարաբերությամբ փոխանակելուց հետո, նույնիսկ ծիծաղելի էր այդ գումարը խնայբանկից ստանալու մասին մտածելը։
Փաստորեն, մեր կորցրած տան, օժանդակ շինությունների, գույքի, անասունների դիմաց որպես հատուցում տրված այդ 26 հազար ռուբլին դարձավ 130 դրամ, որով այսօր կարելի է գնել 1 կգ հաց։ Ասացեք, խնդրեմ՝ աշխարհի որ քաղաքակիրթ երկրի կառավարությունը այդպես անխղճորեն կթալաներ իր աղետյալ ժողովրդին։ Շարունակ կրկնում եք՝ ըմբռնումով մոտեցեք։ 10 տարի ըմբռնումով ենք մոտեցել, խնդրում ենք, հիմա էլ դուք ըմբռնումով մոտենաք։ Գյուղի 710 ծխերից առ այսօր 330 ընտանիք է տնավորվել։ Ինչ է լինելու արդեն փտած վագոն-տնակներում սովի ու ցրտի ճիրաններում տառապող մյուս 330 ընտանիքների վիճակը։ 1996 թ. Համաշխարհային բանկի միջոցներով Նալբանդում ընդամենը 5 կիսակառույց տուն է ավարտին հասցվել։ Եթե շինարարությունը այս տեմպերով շարունակվի, 330-րդ ծուխը 76 տարի հետո տուն կստանա, այսինքն՝ այսօրվա անտուններից շատերս մեր ողջ կյանքում պիտի ապրենք բաց երկնքի տակ, քանզի հայաստանաբնակներիս միջին կյանքը 70, իսկ վագոն-տնակներինը 10 տարի է։ Այս գործում իրենց մեղքի բաժինն ունեն նաեւ Հայաստանի այն ժամանակվա ղեկավարները։ Փոխանակ հիմնահատակ կործանված շեները առաջնահերթ կառուցելու ծրագիր մշակեին, օգնության եկած շինարարներին Հայաստանով մեկ ցրեցին։ Վերջապես ով չի հասկանում. այլ բան է ունենալ վթարային տուն ու օժանդակ շինություններ՝ անվնաս գույքով ու անասուններով, մեկ այլ բան է՝ ոչինչ չունենալ, բացի հագուստից։
Վթարային տունը հնարավոր է ամրացնել, ժամանակավոր օգտագործել, հին տան շինանյութերով կողքին նորը կառուցել, անվնաս մնացած անասուններով եւ գույքով օջախը շենացնել, իսկ մենք՝ անտուն, անհող, անգործ նալբանդցիներս ինչ կարող ենք անել։ Ի դեպ, հողի սեփականաշնորհումն էլ մեր գյուղին ոչինչ չտվեց։ Ջրովի մեկ հողաբաժինը մեր գյուղում 1100 քմ է՝ հարեւան գյուղերի հեկտարների համեմատ։ Շատերս անջրդի հողերից հրաժարվել ենք ծախսերը չծածկելու պատճառով։ Իսկ ջրովի 1100 կամ 2200 քմ հողակտորում ի՞նչ բերք աճեցնենք, որ 3-7 անձից բաղկացած մեր ընտանիքը պահենք եւ մթերքի վաճառքից գոյացած մնացած դրամով էլ հողի, ոռոգման եւ խմելու ջրի, լույսի, արոտավայրի ու խոտհարքի վարձերը մուծենք։ Ի դեպ, «Փարոս» ծրագիրն էլ մեր գյուղին քիչ բան տվեց։ Ինչպես անցած, այնպես էլ այս տարի մոտ չորս հարյուր ընտանիք նավթ չստացավ։
Կարդացեք նաև
Հարգարժան պարոններ, մենք պարզ տեսնում ենք, որ շինարարության համար հատկացված գումարները կորչում են բանկ-շինկազմակերպություն ընկած ճանապարհին եւ ծախսվում են եռահարկ եւ քառահարկ դղյակներ ու պալատներ կառուցելու վրա։ Ավելի նպատակահարմար չի՞ լինի այդ գումարից մաս-մաս տալ աշխատող ձեռք ունեցող տնազուրկներիս, մեր տները մեր ձեռքով կառուցելու պայմանով։ Դրանով կլուծվի նաեւ մեր աշխատանքի հարցը։ Մեր գյուղից ամեն տարի ավելի քան 300 տղամարդ մեկնում է արտագնա աշխատանքի։ Դրսում հիմնականում զբաղվում են տնաշինությամբ եւ մեծ մասամբ դատարկաձեռն վերադառնում։ Ավելի լավ չի՞ լինի բախտ որոնելու փոխարեն մնանք գյուղում եւ մեր տները կառուցենք։ Դա կարագացնի նաեւ ծնողազուրկ երեխաների, հաշմանդամների եւ թոշակառուների տները առաջնահերթ կառուցելու գործը, գյուղի միակ շինտեղամասը կզբաղվի միայն այդ գործով, կկանխվի արտագաղթը։ Այսօրվա տվյալներով քառասուն ընտանիք հեռացել է գյուղից։
Հավատացեք, եթե մենք փող ունենանք, մի երկու տարում մեր տները կկառուցենք։ Ախր համայն աշխարհը աղետյալներիս դրամական օգնություն տվեց։ Հապաղել պետք չէ։ Այդ գումարը պիտի ծախսել միայն տնաշինության համար։ Հարգարժան պարոններ, սույն նամակը ստորագրող նալբանդցիներս լիահույս ենք, որ մեր նշած պահանջները կլսվեն համապատասխան հանձնաժողովներում, կդառնան Ազգային ժողովի օրակարգ եւ դրական լուծում կստանան։
Նամակը ստորագրել են 130 նալբանդցիներ