Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՈՒՏ Է։ ՄԻՆՉԵՎ ՇԱՀՈՒՅԹ ՉԵՂԱՎ՝ ԳՈՐԾԸ ԱՌԱՋ ՉԻ ԳՆԱ»

Դեկտեմբեր 04,1998 00:00
Aray

Հայաստանի բյուջեն լցնելը եւ հատկապես այդ բյուջեից գումարներ հատկացնելը մեր կառավարությունն անում է ահավոր դժվարությամբ։ Եվ այս «հալին» էլ՝ իր խոշոր հարկատուների համար հարկային (եւ մաքսային) գոնե մի քիչ մարդկային պայմաններ ստեղծելու փոխարեն՝ անկատար օրենքներով աշխատում է նրանցից հնարավորինս շատ փող կորզել։ Այս պայքարում, ինչ խոսք, հաղթում է պետությունը։ Խոշոր հարկատուն էլ գործունեության այլ ոլորտներ կամ այլ երկրներ է փնտրում։ Եվ գտնում է։

Երկու օրով Հայաստանում է «Արայ» ֆիրմայի գլխավոր տնօրեն Արա Պետրոսյանը։

– Պրն Պետրոսյան, ասում են՝ հանրապետության առաջին հարկատուն «ԱրմենԹելն» է, երկրորդը՝ «Գրանդ Տոբակոն»։ Ձեր ֆիրման չի՞ հավակնում եզրափակել եռյակը։

– Ես գտնում եմ, որ հանրապետության ամենալուրջ հարկատուն մենք ենք։ Ամեն ամիս 100-150 հազար դոլար միայն ֆիքսված հարկ ենք տալիս պետությանը։ Էլ չեմ ասում՝ շահութահարկը, մնացած սոցիալական մասերով հարկերը։ Հայաստանն այսօր հիմնականում գոյատեւում է առեւտրից, ներմուծումներից ստացված հարկերի միջոցով։ Մեր ընկերությունն արդեն մի քանի երկրներում հիմնադրել է ֆիրմաներ։ Եվ դա ստիպել է ուսումնասիրել այլ երկրների հարկային քաղաքականությունը։ Այսօրվա մեր հարկային եւ մաքսային քաղաքականությունը 100%-ով սխալ է։ Օրինակ՝ Թուրքմենստանում ունենք գրասենյակ։ Այնտեղ մինչեւ 15000 դոլարի ապրանքաքանակ ներմուծելու դեպքում ապրանքն ընդհանրապես չի հարկվում, չի մաքսվում։ Դրանից ավելիի դեպքում ավելացած արժեքի հարկի տոկոսադրույքը 0,367 % է։ Մեզ մոտ դա կազմում է 30,3%. սահմանագլխին վճարվում է մաքսավճար, ավելացած արժեքի հարկ, մաքսատուրք։ Ուղիղ 100 անգամ ավելի։ Ոչ տրամաբանական, սուբյեկտիվ, իրար հակասող օրենքների հետեւանք է սա։

– Ձեր ընկերությունը մեծ տեղ է տալիս գովազդին։ Կոնկուրենտ ֆիրմաները միմյանցից հաճախորդ խլելու նպատակով իրենց գովազդներում նշում են նաեւ մինչեւ 20% զեղչերը։ Հետո մեկ էլ պարզվում է, որ զեղչը, լավագույն դեպքում, 5% է։

– Սկսենք կոնկուրենտներից։ Ես համարում եմ, որ մենք կոնկուրենտ չունենք։ Եվ ոչ թե ապրանքատեսակ վաճառելու մասով, այլ կայացած, էլեկտրոնիկայի բիզնեսով զբաղվող ֆիրմա՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող իր բոլոր կառույցներով։ Գովազդից մենք շահութաբերության աստիճանն ենք հաշվարկում։ Եթե նկատել եք, «Բիզնես-TV»-ով արդեն գովազդներ չենք անում։ Կրկնում եմ՝ մենք կոնկուրենտ չունենք. տոնավաճառներում էլ են «TOSHIBA» վաճառում։ Հետո՞։ Հիմա մենք մրցակցում ենք «Տակրալ էլեկտրոնիկս»-ի հետ, որը 98-ին «Panasonic» ֆիրմայի արտադրանքի ամենամեծ վաճառողն է։ Մեր գովազդներում, ի դեպ, որեւէ կեղծ կամ ոչ հավաստի ինֆորմացիա չի գնում։ Հայաստանում զեղչերը ոչ ոք չի վերահսկում, քանի որ չունենք համապատասխան օրենք։ Այնպես որ, ձեր ասած խաբեության դեպքերն, իրոք, կան:

– Պրն Պետրոսյան, դուք դժգոհ եք մեր օրենքներից, հարկային քաղաքականությունից։ Ձեզ եւ շատ այլ բիզնեսմենների պարբերաբար երկխոսության են հրավիրում պաշտոնյաները։ Մասնավորապես, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանը։ Այդ հանդիպումները, փաստորեն, արդյունավետ չե՞ն։

– Ցավոք, մենք չունենք ոչ միայն արհեստավարժ կառավարություն կամ խորհրդարան, այլեւ չունենք արհեստավարժ բիզնեսմեններ։ Այո, ես մասնակցել եմ առաջին եւ վերջին անգամ ֆինանսների նախարարի հետ ձեր նշած հանդիպմանը (էլ երբեք չեմ մասնակցի)։ Այդ հանդիպման ժամանակ, օրինակ, յուրաքանչյուր գործարար սկսեց իր դարդը լացել։ Բիզնեսմենները օրենսդրական դաշտի վերաբերյալ գլոբալ հարցեր չբարձրացրին։ Եթե բարձրացրին էլ՝ կպած իրենց օրինակի վրա։ Էդպես չի ստացվի։ Իմ սիրտը պայթում էր։ Բարսեղը («Ֆլեշ» ընկերության տնօրենը- Լ. Ա.) բենզինից խոսեց, Արայիկ Բադեյանը պատմեց, թե հարկայինն իրեն ինչպես է ստուգել, Սուքիասյան Խաչիկն էլ բոլորի ասածներին արձագանքում էր։ Ժամանակը թանկ բան է, ու այն օպերատիվ չօգտագործելը մեծ սխալ է… Հետո, ղեկավարների հետ կապվելը դժվար բան է։ Մի օր շատ հրատապ հարցով փորձում էի մի ղեկավարի (անունը չտամ) հետ կապվել, սուտկայուկես չեմ կարողացել նրան գտնել։ Սուտկայուկե՛ս։ Սա՛ է իրականությունը։ Ինչքան էլ ուզում է արհեստավարժ լինես։ Ա՛յ մարդ, բա հարկատուի հետ կապ չունենա՞ս (անկախ նրանից՝ լավ տղայա, վատ տղայա)։ Էս մարդը ամիսը 100-150000 դոլար փող է վճարում պետբյուջե։ Պետակա՛ն բյուջե։ Եթե ես այդքան վճարեի Թուրքմենստանում, կդառնայի туркменский национальный герой։

– Իսկ այնտեղ ինչքա՞ն հարկ եք վճարում։

– 100 անգամ պակաս։ Բայց ես եւ իմ աշխատողներն այնտեղ հյուրանոցում ենք ապրում, սնվում։ Ես ինվեստիցիաներ եմ անում, ես ինվեստոր եմ, հասկանո՞ւմ եք։ Էն որ մեր հարգելի պրեզիդենտը Ամերիկա գնաց-եկավ, թե՝ ինվեստոր եմ գտել, մի միլիոն դոլար ինվեստիցիա է անում։ Մենք տարվա մեջ 1,6 միլիոն ենք անում։ Բայց մեզ մոտ՝ հեչ: Ես հարկատո՛ւ եմ, հասկացե՛ք:

– Շատ զայրացած եք խոսում։ Կարո՞ղ է մի օր փակեք ձեր խանութներն ու ճամփա ընկնեք այլ երկիր։

– Չէ՛։ Այլ երկիր գնալու ճանապարհը գիտեմ։ Չե՛մ գնա։ Ես այսօր 80%-ով, այո՛, դրսում եմ աշխատում, որպեսզի չկորցնեմ իմ այս ֆիրման։ Այսօր Հայաստանում այն շահույթով չի աշխատում։ Կամ մինուս է, կամ զրո՝ շահույթը։

– Լավ, իսկ հնարավոր չէ՞ գործարարներով համախմբվել։ Դուք ունեք փող, որը նաեւ իշխանություն է։ Չե՞ք կարող միասին պաշտպանել ինքներդ ձեզ։

– Եղել են էդպիսի առաջարկություններ, բայց ես չեմ գտնում, որ այդ միությունը պետք է լինի կախյալ։ Կամ մեր միջից մեկը պետք է դառնա միության նախագահ։ Ես ասել եմ՝ ոչ, եկեք ամեն մեկս 1000 դոլար աշխատավարձ նշանակենք, մի խելքը գլխին տնտեսագետի նախագահ նշանակենք։ Ամիսը տանք 10000, 20000 դոլար աշխատավարձ։ Այսօր այդպիսի կազմակերպություն չկա։ Ե՛վ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանն առաջարկել են՝ ստեղծեք միություն, ես դառնամ ձեր նախագահը։ Էդիկ Սանդոյանն էլ։ Էդպիսի բան չի կարող լինել, եթե չկան հստակ մեխանիզմներ։ Հը՜ս-տա՜կ։ Սո՛ւտ է, եթե շահութաբեր չեղավ գործը, ոչ ոք դա չի անի։ Հիմա Սեն-Սիմոններ չկան։ Սո՛ւտ ա։ Իսկ բոլոր բիզնեսմենները իրար լավ ընկերներ են։ Ամեն տեսնելուց՝ բարեւ-բարլուս, ոնց ես-ոնց չես, գործերը ոնց են, ՕK, լա՛վ, հաջողություն։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031