Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԳՈՐԾՈՒՄ Է ՍՏԱԼԻՆՅԱՆ ՏՐՈՅԿԱՅԻ ՊԵՍ

Դեկտեմբեր 04,1998 00:00
Aleqsandr Agamalyan

Հասարակության համար «բախտորոշ հարցերից» մեկի՝ էլեկտրաէներգիայի սակագների մասին էր երեկ ՍԻՄ-ում կայացած մամլո ասուլիսը, որտեղ ՀՀ նախագահին կից Քաղաքական խորհրդի սոցիալական եւ տնտեսական հանձնաժողովի պատասխանատուի (եւ ոչ՝ ԳիԱրՔՄի-ի նախագահի) անունից ելույթ ունեցավ եւ այս առնչությամբ իր հայտարարությունն արեց Ալեքսանդր Աղամալյանը։

Ի դեպ, վերջին շրջանում ե՛ւ իր, ե՛ւ ոչ իր ասուլիսներում է նա բարձրացնում այս հարցը՝ մեծացնելով իր համախոհների շրջանակը։ Նրան են միացել Գիտաարդյունաբերական եւ քաղաքացիական միությունը, «Սահմանադրական իրավունք» միությունը, Դեմկուսը, «Արցախ-Հայաստան» հասարակական-քաղաքական կազմակերպությունը եւ այլն (Երիտասարդների դաշինքը տեխնիկական պատճառով չի ստորագրել հայտարարության տակ, «որովհետեւ նախագահը փեչաթով այստեղ չէր»)։ Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, այն լիովին միացել է այս հայտարարության տեքստին, սակայն պատրաստվում է համալիր մի հայտարարությամբ ներկայանալ։ Մերժել են ստորագրել Հայաստանի ժողովրդական կուսակցությունը եւ Ազգային ժողովրդավարական միությունը. «Համարում են՝ քանի որ ՔԽ-ի ինիցիատիվան է, պետք չէ դրան միանալ»։ Իսկ ինչո՞ւ չի ստորագրել Հանրապետական կուսակցությունը, որը քվեարկել է այս որոշմանը կողմ՝ ՔԽ-ում, եւ նաեւ՝ Սոցիալիստական ուժերի միությունը… հասկանալի չէ։

Վերոնշյալները մեկ անգամ եւս ուզում են հաստատել, որ ՔԽ-ի եզրակացությունը սակագների վերաբերյալ՝ ներկայացված ՀՀ նախագահին, բխում է նրա իսկ կողմից ստորագրված կանոնադրությունից։ Սակայն, մեղմ ասած, այն չի ընդունվել։ Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե նախագահի ոչ բարյացակամ վերաբերմունքից ՔԽ-ը հետ է նահանջել, վերջինս եւ նրա կուսակցություններն այսօր վերահաստատում են իրենց պնդումները։

Փաստաթուղթն ունի երկու կողմ. առաջինը էներգետիկայի սակագնի իջեցման հնարավորությունն է, մյուսը՝ այն փաստացի կատարվող բարձրացումը, որի որոշումն ընդունել է էներգետիկայի հանձնաժողովը։ ՔԽ-ի պնդումը հետեւյալն է. հնարավոր է էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնել 25 տոկոսով՝ այս համակարգում գերուռճացված աշխատակազմի կրճատման, կարճաժամկետ վարկերի տոկոսներն այդ հաշվարկի մեջ չմտցնելու միջոցով։ «Եթե վարկերի ժամկետն անցած է, իրավական հիմք չկա՝ մտցնելու այդ վարկերի տոկոսները սակագնի մեջ»։ Իսկ էներգետիկայի հանձնաժողովը ոչ մի կերպ ՔԽ-ին չի տրամադրում այն վարկերի փաստաթղթերը, որոնց տոկոսները հսկայական թվեր են կազմում։ «Մենք համոզված ենք, որ դրանք հենց ժամկետանց վարկերն են…»։ Այս ամենի, այս միջոցառման արդյունքում տուժողը լինելու է ամենաչքավոր խավը (անխուսափելի են «գործարքները էլեկտրիկների հետ»), ինչը բերելու է չմուծումների։

Ալ. Աղամալյանը կոնկրետ առաջարկներ արեց. նախ՝ «Էներգետիկայի հանձնաժողովի կազմն իրեն վարկաբեկել է եւ պետք է լուծարվի…», «պետք է ստեղծվի անշահախնդիր մասնագետներից կազմված մի հանձնաժողով…» եւ ընդհանրապես «արժե՞ ստեղծել նոր հանձնաժողով, թե՞ ոչ, որովհետեւ այսօր այդ հանձնաժողովը ստալինյան տրոյկայի պես է գործում, բոլորից անկախ ստատուս ունի, բայց իրականում կառավարությունից, իշխանությունից կախյալ է…»։

Ի վերջո, ինչո՞ւ մերժեց ՀՀ նախագահը ՔԽ-ի առաջարկը։ Ըստ Ալ. Աղամալյանի, նախագահը կառավարության կողմից ստացել է հսկայական հակափաստարկներ եւ միակողմանիորեն գերծանրաբեռնված է այս ինֆորմացիայով։ Նա չբացառեց արտաքին ճնշումները (բայց սա լուրջ քաղաքական հարց է). «Նախագահը հանրության առջեւ չի բարձրացնում այս հարցը։ Գուցե նրան հարմա՞ր են այդ ճնշումները»։

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031