Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Դեկտեմբեր 04,1998 00:00
vark

ՀՀ ԱԺ օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի ու փոխառությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի 10.06.98-10.12.98թ գործունեության վերաբերյալ

Ազգային Ժողովի հունիսի 10-ի թիվ 011.0268 որոշմամբ ստեղծվեց օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի եւ փոխառությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով: Հարկ է նշել, որ հանձնաժողովն իր աշխատանքներն սկսեց երեք շաբաթ ուշացումով՝ առաջին նիստի հրավիրման ձգձգման պատճառով: Այնուհետեւ հետեւեցին ԱԺ-ի արձակուրդները: Մենք դիմեցինք ԱԺ նախագահին՝ հանձնաժողովի անդամներին արձակուրդից հետ կանչելու համար, ինչը մերժվեց:

Այս ամբողջ ընթացքում հանձնաժողովը թվով 250 գրություն է ուղարկել ՀՀ նախագահին, Վարչապետին, կառավարությանը, տարբեր նախարարությունների եւ այլ կազմակերպությունների, որոնք այս կամ այն կերպ առնչվում են վարկերի հետ:

Պետք է նշել, որ բավականին կանոնակարգված պատասխաններ են ստացվել էներգետիկայի եւ արդարադատության նախարարություններից, սահմանված ժամկետներում ստացվել են նյութեր բոլոր ԾԻԳ-երից: Մեր գրություններին գրեթե չեն պատասխանել վարչապետը եւ կառավարության աշխատակազմը, իսկ եթե պատասխանել են՝ ապա ոչինչ չասող տեղեկանքներով: Մեր գրություններին շատ անկանոն է պատասխանել ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը: Պահանջվող փաստաթղթերը հաճախ ստացվել են միայն անգլերեն լեզվով։ ՆԳ եւ ԱԱ նախարարությունից ստացված պատասխաններից հանձնաժողովը էական որեւէ տեղեկություն չի ստացել, նման որակի նյութեր ստացել ենք նաեւ ՀՀ դատախազությունից: Ընդհանուր առմամբ, կարելի է եզրակացնել, որ հանձնաժողովը գտնվել է տեղեկատվական կիսաշրջափակման մեջ: Այս բոլորով հանդերձ, հանձնաժողովը աշխատել է նախապես հաստատված աշխատանքային ծրագրով եւ կանոնակարգով:

Ամբողջ գործունեության ընթացքում համագործակցել ենք ԱԺ իրավաբանական ծառայության, Վերահսկիչ պալատի, Տնտեսագիտական վերլուծության վարչության եւ աշխատակազմի մյուս ծառայությունների հետ:

Այս ընթացքում հանձնաժողովին հաջողվել է ուսումնասիրել մոտ երկու տասնյակի հասնող վարկային ծրագրեր, այդ թվում՝

Չինական ապրանքային վարկ՝ 4.8 մլն ԱՄՆ դոլար ապրանքային,

Երեւանի «Զվարթնոց» բեռնային համալիրի՝ 22.8 մլն ԱՄՆ դոլար,

Ոռոգման համակարգերի վերականգնման՝ 57.15 մլն ԱՄՆ դոլար,

Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկի կառուցման՝ 57.4 մլն ԱՄՆ դոլար,

Մայրուղիների վերականգնման ծրագիրը՝ 16+15 մլն ԱՄՆ դոլար,

Աղետի գոտու՝ 30.8 մլն ԱՄՆ դոլար,

Կառուցվածքային բարեփոխումների առանձին վարկային ծրագրեր,

այդ թվում՝ «Սկադենի»-0.850 մլն ԱՄՆ դոլար եւ «Արմավենու» 0.650 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկերը,

Գյուղատնտեսական մեծածախ շուկա կառուցելու վարկ՝ 15 մլն ԱՄՆ դոլար,

Էներգահամակարգի վարկային ծրագրերը, շուրջ 200 մլն ԱՄՆ դոլար,

Ապրանքային վարկեր՝ (հացահատիկի առաքում)- 45 մլն դոլար:

Բնականաբար, պետք է հաշվի առնենք ժամանակի սղությունը եւ հանձնաժողովի հնարավորությունների սահմանափակությունը, դրան ավելացնելով կառավարության կողմից ստեղծված արհեստական դժվարությունները եւ տրված տեղեկանքների ոչ լիարժեքությունը: Դրա առիթով հանձնաժողովը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով, սակայն կառավարությունը մինչեւ վերջ մնաց իր «դիրքերում»: Դա, իհարկե, այսպես ասած բացատրելի է, քանի որ եւ նախկինում եւ ներկայումս վարկերի օգտագործման հարցերով զբաղվում են նույն մարդիկ: Բնական է, որ նրանք շահագրգիռ չեն «աղբը տնից դուրս հանելու մեջ»: Այնուհանդերձ, մեզ հաջողվել է ուսումնասիրել շուրջ մեկ տասնյակի հասնող վարկերի փաստաթղթերը, որով կարելի է ընդհանուր եզրակացություն անել ամբողջ 1.233 մլն. դոլար վերցրած եւ մոտ 800 մլն. դոլար օգտագործած վարկերի վերաբերյալ:

Պետք է նշել, որ վարկերը հիմնականում վերցվել են տասը տարի ժամկետով, արտոնյալ պայմաններով (սպասարկման վճարը 0,75%, կատարման վճարը 0,5%):

Հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունների արդյունքում կարելի է եզրակացություններ ներկայացնել ոչ միայն առանձին, այլեւ ընդհանուր բոլոր վարկերի համար:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդհանուր թերություններից ամենահիմնականը վարկերի օգտագործման հարցում այն է, որ ապահովված չէ հավասարակշռված վերահսկման մեխանիզմը: Նշենք փաստերը: Վարկային ծրագրերը նախապատրաստվում են համապատասխան նախարարություններում, ԾԻԳ-երը ձեւավորվում են նախարարություններին կից, ԾԻԳ-երի տնօրենները նշանակվում եւ ազատվում են նախարարների հրամաններով, ծրագրերի իրականացումը վերահսկվում եւ կատարված աշխատանքները ընդունվում են այդ նույն նախարարությունների կողմից: Ստացվում է փակ շրջան, որի դեպքում խոսել վարկերի արդյունավետ օգտագործման մասին՝ կարծում ենք անիմաստ է: Հիմնական թերությունները կարելի է խմբավորել մոտավորապես այսպես.

1. մրցույթների /տենդերների/ անցկացումը գրեթե բոլոր վարկային ծրագրերում կրել է ձեւական բնույթ, նախապես որոշված է եղել, թե ով է հաղթելու եւ ինչպիսի արդյունքով: Երբեմն այդ մրցույթներին մասնակցություն են ունեցել ոչ միայն իշխանական առանձին կառույցներ՝ մարզային, գերատեսչական, կառավարական, այլեւ թաղային հեղինակություններ: Իսկ որ դա նշանակում է ստվերային գումարների շարժ՝ կարծում ենք կասկած չի հարուցում.

2. գրեթե բոլոր վարկային ծրագրերում մեծ տոկոս են կազմել խորհրդատվական ծառայությունների համար նախատեսված եւ ծախսված գումարները: Ընդ որում, վերջին ժամանակներս, խորհրդատվական ծառայությունների համար հիմնական հաղթողները արտասահմանյան կազմակերպություններն են: Հատկապես՝ էներգետիկայի բնագավառին առնչվող վարկային ծրագրերում: Մեր կարծիքով, դրանով եւս մեկ անհաջող փորձ է արվում վստահություն ներշնչել գործարքների անաչառության վերաբերյալ: Ընդհանրապես այն շահարկումները, որ պայմաններ թելադրողները վարկատուներն են, միանշանակ անընդունելի է: Մեր համոզմամբ դա միայն քող է անարդյունավետ եւ աննպատակ ծախսված կամ ծախսվելիք գումարները արդարացնելու համար: Մասնավորապես, խորհրդատվական նպատակով ծախսվող գումարների մեծ տոկոսը վերցրած վարկերի մեջ: Եվ դա «բնական է»: Կատարված շինարարությունը եւ աշխատանքը կարելի է ստուգել եւ ընդունել, իսկ խորհուրդները վերահսկել եւ կոնկրետ դեպքերում հնարավոր չէ միանշանակ գնահատել:

3. բոլոր գրասենյակների կահավորումը, սպասարկումը, աշխատանքի դիմաց վարձատրությունը կատարվել եւ կատարվում է եվրոպական չափանիշնեով, այն դեպքում, երբ երկրի ընդհանուր իրավիճակը լուսային տարիներով հեռու է նույն այդ չափանիշներից: Միգուցե դա արդարացված համարվեր, եթե վարկերը արդյունավետ եւ նպատակային օգտագործվեին.

4. հանձնաժողովի կարծիքով վարկերի օգտագործման արդյունավետությունը կախված է ոչ միայն նշված ընդհանուր թերություններից, այլեւ ստուգող կազմակերպությունների ցանկի եւ ստուգման պայմանների կանոնակարգումից: Մեր կողմից վարկերի ուսումնասիրության ժամանակ հարցաթերթիկներ են ուղարկվել այն կազմակերպություններին, որոնք մասնակցել են այս կամ այն վարկային ծրագրերի իրականացմանը: Պարզվում է, որ մեկ տարվա ընթացքում ստուգումներ են անցկացվել մեկ տասնյակից ավելի անգամ, ստուգման ժամկետները երբեմն ձգվել են մի քանի ամսից մինչեւ տարիներ:

Հատկապես առանձնանում է ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարությունն իր մարզային կառույցներով: Ըստ ստացած նյութերի, նրանց կողմից ստուգումները կազմակերպվել են հիմնականում առանց որեւէ իրավական hիմնավորումների, հիմնականում բողոք-դիմումների հիման վրա, անցկացված ստուգումները գրեթե չեն փաստաթղթավորվել: Նման քանակի եւ որակի երկարաժամկետ ստուգումները նույնիսկ օրենքների գերակայության եւ ավանդույթներ ունեցող երկրներում չեն կարող վնաս չտալ, չկազմալուծել արտադրական գործունեությանը:

Մենք գտնում ենք, որ վարկերը առնվազն պետք է լուծեին երկու կարեւոր խնդիր՝ տնտեսական. վարկերի ներդրումը պետք է համապատասխան ոլորտում ապահովեր միջազգային չափանիշների ենթակառուցվածքների ձեւավորումն ու աշխատատեղերի ստեղծումը, որից հետեւում էր երկրորդ կարեւոր խնդիրը՝ սոցիալականը. ոչ միայն պետք է մեղմացվեր սոցիալական լարվածությունն այսօր, այլեւ ապագայում մեր սերունդների համար պետք է ապահովվեր բարեկեցիկ կյանք: Իրականում վարկերի օգտագործմամբ մի քանի տասնյակ մարդիկ այսօր ապահովել են իրենց եւ իրենց սերունդների ոչ միայն բարեկեցությունը, այլեւ մի բան էլ ավելի:

Այժմ անդրադառնանք հասարակական հնչեղություն ստացած մի շարք վարկային ծրագրերի կոնկրետ վերլուծությանը:

1. Չինական՝ 4.8 մլն ԱՄՆ դոլար ապրանքային վարկը՝ մեծ տոկոս է կազմել (17%) ապրանքի տեղափոխման վճարը,

ժամանակին եղել են բողոքներ գործվածքների անորակության վերաբերյալ, որոնց ընթացք չի տրվել,

այսօրվա դրությամբ վարկից մարված է 1.038.317 ԱՄՆ դոլար։

Այս վարկային ծրագրի օգտագործման եւ մարման գործընթացը, բոլոր չափանիշներով անարդյունավետ է եղել։

2. Երեւանի «Զվարթնոց» բեռնային համալիրի վարկային ծրագիրը՝ 22.7 մլն ԱՄՆ դոլար։ Այն պետք է կառուցվեր 365 օրվա ընթացքում, սակայն շահագործման է հանձնվել 164 օր ուշացումով։

«Բիլլ Հարբերթ» շինարարական կազմակերպությունն ուշացման համար պետք է տուգանք վճարեր 1,148.000 ԱՄՆ դոլար, սակայն ոչ միայն հրաժարվում է վճարելուց, այլեւ տարբեր հիմնավորումներով պահանջում 4.4 մլն ԱՄՆ դոլար։ Բեռնահամալիրը 6 ամսից ավելի շահագործման է հանձնված, սակայն աշխատում է 10 % ծանրաբեռնվածությամբ։ Եթե կառավարությունը անարդյունավետ օգտագործի այն, ապա կարելի է եզրակացնել, որ այն օգտագործվել է ոչ նպատակային։

3. Ոռոգման համակարգի վարկային ծրագիրը՝ 57.150 մլն ԱՄՆ դոլար։

Ծրագիրը պետք է գործեր 1995-1999թթ, հետագայում հաշվի առնելով ծրագրի վերանայման խնդիրը եւ շինարարական ծավալների մեծացումը, ժամկետը երկարացվել է մինչեւ 2000թ։

Ծրագրի շրջանակներում վերանորոգման, մաքրման եւ շահագործման նպատակով «Հայջրտնտ» ՀՆՊՁ172ին 1995-1996թթ համապատասխանաբար հատկացվել է 3.5 եւ 1.5 մլն ԱՄՆ դոլար, որը օգտագործվել է ոչ արդյունավետ, սկզբնական փուլում խորհրդատվական ծառայությունների համար 2.0 մլն ԱՄՆ դոլար գումար է ծախսվել, վարկային միջոցներից 1995թ 177.117.7 ԱՄՆ դոլար էլեկտրաէներգիայի պարտքերի դիմաց վճարումներ են կատարվել։ Ըստ 1997-1998թթ հաշվետվության, տնտեսվել է 3.8 մլն ԱՄՆ դոլար, որը ՀԲ-ի համաձայնությամբ լրացուցիչ օգտագործվել է համակարգի վերականգնման նպատակով։

4. Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկի կառուցման վարկային ծրագիրը՝ 57.4 մլն ԱՄՆ դոլար։ Ի սկզբանե, 1992թ. Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկի մնացորդային արժեքի գնահատումը կատարվել է սխալ, այսօրվա դրությամբ ծախսվել է 55.0 մլն ԱՄՆ դոլար, սակայն պարզվում է, որ նշված օբյեկտը շահագործման հանձնելու համար անհրաժեշտ է եւս 108.2 մլն ԱՄՆ դոլար։ Վարկային ծրագիրն իրագործվել է ոչ միայն անարդյունավետ, այլեւ աննպատակ եւ ոչ ժամանակին։

5. Հայաստանի Հանրապետության մայրուղիների ծրագիրը 16+15 մլն ԱՄՆ դոլար։ 1996-1997թթ կատարված աշխատանքների որակը բավականին ցածր է եղել, ոչ լիարժեք են օգտագործվել տեխնիկական վերազինմանն ուղղված 3.4 մլն ԱՄՆ դոլար ներդրումները, ոչ նպատակային է թվով 9 բարձր անցողունակության ավտոմեքենաների ձեռքբերումը՝ 255.400 ԱՄՆ դոլար, տրանսպորտի նախկին նախարար Հ. Քոչինյանի կողմից չի ապահովվել կառավարության համապատասխան որոշումների կատարումը։

6. Աղետի գոտու վարկ՝ 30.8 մլն ԱՄՆ դոլար, որը կազմում է մեր պետության վարկային ընդհանուր ծավալի 2.5%։ Խախտումներից կարելի է առանձնացնել. վերջին տարիներին բնակարանները շահագործման են հանձնվում կիսատ-պռատ, հիմնականում բնակեցված չեն, «Մուշ» թաղամասում 1996թ. կառուցվել է կաթսայատուն, ծախսվել է շուրջ 120.0 ԱՄՆ դոլար, սակայն առայսօր այն չի շահագործվում, 7.0 մլն ԱՄՆ դոլար ներդրվել է արդյունաբերության ոլորտում, որով պետք է ապահովվեր մոտավորապես 11.0 մլն ԱՄՆ դոլար տարեկան արդյունք եւ ստեղծվեր լրացուցիչ 3527 աշխատատեղ. նշված ցուցանիշներն այսօր պլանավորվածի համեմատ նվազագույն են, Աղետի գոտու վերականգնման համար հատկացված վարկային միջոցների օգտագործումն արդյունավետությամբ էականորեն չի տարբերվում ընդհանուր վարկերի օգտագործումից։

Շարունակելի

27.11.1998թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031