Թեհրանից ստացվել են ճարտարապետ Արփիար Պետրոսյանի նամակը եւ լուսանկարները՝ Ջուղայի հին գերեզմանատան ավերման մասին։ Ականատեսները եղել են 4 հայ ճարտարապետներ, որոնց ստորագրությամբ նամակներ են հղվել տեղական եւ համաշխարհային կազմակերպություններին։ Դեպքի մասին պատմող որոշ նյութեր արդեն գտնվում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունում։
«Արաքսի իրանական ափով դեպի Սուրբ Նախավկա վանք գնալիս (նոյեմբերի 26-ին, ժամը 11-ին) չորս հայ ճարտարապետներս նկատեցինք, որ Արաքսի նախիջեւանական (ՆԻՀ) ափին սիստեմատիկ կերպով քանդում են պատմական Ջուղայի գերեզմանատունը։ Հիշյալ ժամին գործողության վայրում կար մի բուլդոզեր, շարժական մեկ կռունկ եւ հարթակով մեկ գնացք։ Բանվորները տեղահան էին անում տապանաքարերը, ինչպես նաեւ զարդանախշերով հարուստ խաչքարերը, որոնց մի մասը թվագրվում է 9-րդ եւ 10-րդ դարեր։ Դրանք բարձվում էին գնացքի հարթակին, որից հետո հարթեցվում էր հողը։
Նույն այդ տեսարանը գրավել է նաեւ մի ուրիշ խմբի ուշադրությունը (Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության հաստատության պաշտոնյաների), որոնք մեզ միացան երկու ժամ հետո։ Համաձայն սբ. Նախավկա վանքի վերանորոգման աշխատանք կատարող բանվորների եւ այդ տարածքում ապրող բնակիչների, գործողությունները սկսվել են մեկ շաբաթ առաջ։ Մեր հաշվարկներով, գերեզմանատան մոտ 20 տոկոսն արդեն «մաքրված» էր (համեմատ անցյալ ամսվա մեր դիտարկումների)։ Կից լուսանկարները ցույց են տալիս ավերման գործողությունը նշված ժամանակահատվածում։ Գնացքի առկայությունը, որը պատկանում է Նախիջեւանի պետությանը եւ պետականորեն վերահսկվող երկաթուղուն, փաստում է, որ աշխատանքը կատարվում է Նախիջեւանի իշխանությունների կողմից եւ իմացությամբ, կամ առնվազն կարելի է ասել՝ առանց պետական արգելքի։
Ոչ մի ցանկություն չունենալով չարաշահել շարժառիթները, մենք հավատացած ենք, որ այս գործողությունները շարունակվելու դեպքում, ավարտվելու են մարդկության ժառանգության մի արժեքավոր հատվածի կորստով։ Ուստի, կարծում ենք, որ անհրաժեշտ է փաստը հանձնել համաշխարհային կազմակերպությունների պատասխանատուների ուշադրությանը, հուսալով, որ այն կկասեցվի»։
Կարդացեք նաև
ԱՐՓԻԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՎԱՐՈՒԺԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ԷԴՎԱՐԴ ԶՈՀՐԱԲՅԱՆ
ՎԱՀԻԿ ՇԱՀՄԻՐԶԱՅԱՆ
Թեհրան