Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ ի՞նչ, պատմության մի էջը փակվե՞ց

Դեկտեմբեր 04,1998 00:00

Նախորդ իշխանությունների վարած քաղաքական ուղեգծի գնահատականը, որի անհրաժեշտության մասին այդքան խոսում էին Քոչարյանին սատարած քաղաքական ուժերի ներկայացուցիչները (բայց ոչ ինքը՝ Քոչարյանը)՝ վերջապես տրվեց։ Էական չէ, որ այն տրվեց նախատեսված ժամկետներից բավական ուշացումով։

Սպասելի էր, որ նախագահին առընթեր Քաղաքական խորհրդում այդ խնդրի շուրջ այդպես էլ միասնական եզրակացության չէին եկել եւ խիստ պատմական այս 2 էջանոց փաստաթուղթն ընդունվել էր «Շամիրամի» վերապահումով եւ առավել արմատական ՔԽ-ականների 6 էջանոց հատուկ կարծիքով։ Փաստաթղթերը միայն այսօր կհանձնվեն մամուլին, իսկ երեկ ճեպազրույցում ՔԽ-ի գործադիր քարտուղար Հրանտ Խաչատրյանը լրագրողներին ներկայացրեց փաստաթղթերի միայն եզրափակիչ խիստ տարբեր որակումները։

ՔԽ-ի ընդունած փաստաթղթի ամփոփումն այս է. «Նախորդ իշխանությունների քաղաքական ուղեգծի վերլուծությունը հաստատում է, որ ազգային նպատակների նկատմամբ քամահրանքը, ազգային գաղափարախոսության մերժումը, դրա հետեւանքով՝ գործունեության սխալ հայեցակարգի որդեգրումը անխուսափելիորեն հանգեցնում են կոպիտ սխալների, ազգային շահերին անհարիր արդյունքների, խոչընդոտում են իրավական, սոցիալական պետության կայացմանը»։ Այս տարբերակին քվեարկությամբ իրենց հավանությունն են տվել՝ ՀՀԿ-ն, ՀՍՈՒՄ-ը, ԵԿՄ-ն, «Շամիրամը», ՀՅԴ-ն, ՀՌԱԿ-ը եւ Երիտասարդների ազգային խորհուրդը։

ՍԻՄ-ը ձեռնպահ է մնացել, ԳիԱրՔՄի-ն եւ ՀԴԿ-ն՝ դեմ քվեարկել, եւ այս եռյակը հանդես է եկել հատուկ կարծիքով, որի «մեխն» էլ այս է. «Հանուն ազգային եւ քաղաքացիական համաձայնության վերականգնման՝ նախորդ իշխանությունների վարած քաղաքական ուղեգիծը գնահատում ենք որպես ապազգային գաղափարախոսության եւ հակաժողովրդական հանցավոր գործելակերպի կիրառմամբ իրականացված՝ երկրի պետական, քաղաքական եւ հասարակական համակարգերի քայքայմանը միտված քաղաքականություն։ Այդ քաղաքականությունը ծրագրող, նախաձեռնող եւ միտումնավոր իրագործողներին որակում ենք որպես արտաքին եւ ներքին ապազգային ուժերի հետ գործարքի մեջ մտած վարչակարգ ստեղծողների, պահանջում ենք օրենքի ուժով նրանց դատապարտումը եւ հանրապետությանը հասցված նյութական եւ բարոյական վնասի հատուցումը»։

«Գնահատականը տրված է. ի՞նչ է դրան հետեւելու»,- հետաքրքրվեց «Հայոց աշխարհի» թղթակիցը։ Պարզվեց, որ դատապարտմանը հետեւելու է ազգային համաձայնության հռչակագրի նախապատրաստումը։ «Մենք հույս ունենք, որ գնահատականի հրապարակումը՝ ՔԽ-ի կողմից, կարող է խթանել հանրապետության նախագահի կողմից համապատասխան քաղաքական գնահատականներ տալուն»,- նաեւ ասաց Հրանտ Խաչատրյանը։

Սակայն իր հրապարակային վերջին ելույթում եւս Ռոբերտ Քոչարյանը հստակ նշեց, որ գնահատական տալը չի մտնում Սահմանադրությամբ նախատեսված իր իրավասությունների մեջ եւ որոշակի հարցերով իր կասկածներն արտահայտեց այս գործընթացի նպատակահարմարության վերաբերյալ։ Այս ամենը նկատի առնելով, «Առավոտը» փորձեց պարզել ՔԽ-ի դիրքորոշումն այն հավանական տարբերակի դեպքում, եթե նախագահը չերկրորդի նրանց որակումները։ Սակայն Հրանտ Խաչատրյանը հակված էր Ռոբերտ Քոչարյանի վերոհիշյալ տեսակետները գնահատել որպես մտորումներ։

Իսկ ՔԽ-ի եզրակացությունն ընդունել-չընդունելու եւ այս խորհրդի հայեցակարգը ճշտելու հարցերը թերեւս քննարկվեն Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ հաջորդ նիստի ընթացքում, որտեղ եւ կորոշվի ՔԽ-ի գործադիր քարտուղարի հետագա պաշտոնավարման հարցը։ Հրանտ Խաչատրյանը երեկ հանդիպել էր Ռոբերտ Քոչարյանին, սակայն չցանկացավ հայտնել, թե առկա փաստաթղթերի նկատմամբ ինչ վերաբերմունք է հայտնել հանրապետության նախագահը. «Ես հարմար չեմ գտնում պարոն նախագահի հետ միանձնյա սկզբունքային հարցեր քննարկել»։

«Իհարկե, այս գնահատականի մեջ կարող է դիտարկվել նաեւ դեմագոգիայի պահ»,- ասաց Հրանտ Խաչատրյանն ի պատասխան «Այժմ»-ի թղթակցի այն հարցի, թե արդյոք տարօրինա՞կ չէ, որ քաղաքական գնահատական տվեցին նաեւ այնպիսի կուսակցություններ, որոնք նախկին իշխանությանը մաս են կազմել։ ՔԽ-ի գործադիր քարտուղարը խիստ ուշացումով ճշտեց իր անձնական տեսակետը՝ ընտրված բնորոշման վերաբերյալ. «Նախկին իշխանություններ տերմինից, իսկապես, բրեժնեւյան հոտ է գալիս (…)։ Իմ կարծիքով, այն կարող էր անվանվել անցյալի գնահատական»։ «Այնուամենայնիվ, հաջողվե՞ց վերջին պահին ուժեղացնել թույլ բանը»,- ՀՀԿ-ի այդպես որակված նախագծի վերաբերյալ հետաքրքրվեց «Առավոտը»։ Հրանտ Խաչատրյանը պարզաբանեց, որ երկու փաստաթղթերն էլ «հարստացել են» իրենց սկզբնական տեսքի համեմատ։ Ճեպազրույցին ներկա ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը հավելեց. «Այն սկզբունքներն ու կառուցվածքը, որ կային Հանրապետական կուսակցության գնահատականի հիմքում՝ պահպանվել են»։

Ի դեպ, Հրանտ Խաչատրյանն իրենց հատուկ կարծիքը «քաղաքական դատավճիռ» անվանեց։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031