ՆԱԽԱԳԱՀԸ «ԳԱԼՈՉԿԱՅԻ» ՀԱՄԱՐ ՈՉ ՄԻ ՏԵՂ ՉԻ ԳՆՈՒՄ Երեկ Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելեց պրոթեզավորման եւ կադրերի պատրաստման կենտրոն։ Մի քիչ՝ կենտրոնի, այնուհետեւ՝ այցելության մասին։ Կենտրոնը հիմնադրվել է 1989 թվականին Գերմանիայի կառավարության կողմից, սակայն գործել սկսել է 1994-ին։ Պատրաստվում են ստորին եւ վերին վերջույթների պրոթեզներ, որոնք, ըստ տնօրեն Լյովա Պետրոսյանի, համապատասխանում են միջազգային ստանդարտներին։ 3 տարում պատրաստվում են տեխնիկ-օրթոպեդներ։ Հետագա ուսուցման եւ վարպետի կարգ ստանալու համար ուսանողները կատարելագործվում են Գերմանիայում։ 40 աշխատակից ունեցող կենտրոնում տարեկան պրոթեզավորվում են 600 հայաստանցի եւ 100 ԱՊՀ-ի հաշմանդամներ։ Մեր հայրենակիցների պրոթեզավորման ծախսերը հոգում է պատվիրատուն՝ ՀՀ սոցապ նախարարությունը։ Յուրաքանչյուր պրոթեզավորում միջին հաշվով (կախված ամպուտացիայի աստիճանից) արժե 1000 ԱՄՆ դոլար։ Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) մասնագետ Յոհան Բայերլը կենտրոնի աշխատանքներում եղած դժվարությունների շարքում առաջինը նշեց հայերիս անճշտապահությունը (ի դեպ, նախագահի 15 րոպեանոց ուշացումը պրն Բայերլը գուցեեւ նրբանկատորեն չնկատելու տվեց)։ Դժվարություններից է նաեւ այն, որ ժամանակակից սարքավորումներով հագեցած այս կենտրոն այցելելու փոխարեն մեր հաշմանդամները դիմում են դեռեւս սովետական տեխնոլոգիաներով աշխատող պրոթեզների գործարանին, ինչ է թե՝ այնտեղ ավելի էժան է։ Այն հարցին ի պատասխան, թե արդյոք նրանց այնտեղ մեր սոցապնախարարությո՞ւնն է ուղարկում, գերմանացի մասնագետն ասաց, որ ինքը չի ուզում խառնվել մեր գործերին, իր խնդիրը միայն սովորեցնելն է։ Կենտրոնը մասնաճյուղեր ունի Գյումրիում, Ղարաբաղում եւ առաջիկայում նպատակ ունի վերածվել ռեգիոնալի։ Դրա համար, ըստ պրն Բայերլի, անհրաժեշտ է, որ քաղաքագետները համաձայնության գան, իսկ իրենք հիմա էլ մասնագետներ են պատրաստում Վրաստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի համար։ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սոցապ նախարար Գագիկ Եգանյանի ուղեկցությամբ, որն առիթը բաց չէր թողնում պոլիգլուբի իր ընդունակությունները ցուցադրելու համար եւ նույնիսկ մի անգամ «ուղղեց» թարգմանչուհուն (վերջինս համառորեն պնդում էր, որ անարդարացիորեն), այցելեց կենտրոնի նախաուսումնական սենյակը։ Այստեղ ուսուցիչներն անցնում էին ձեռքի պրոթեզավորման դասընթաց։ Այնուհետեւ եղավ պրոթեզների պատրաստման արտադրամասում, նյութերի պահեստում (կենտրոնում հավաստիացրին, որ աշխատում են բացառապես գերմանական հումքով)։ Փորձասենյակում (այսպես կոչում են պրոթեզների փորձարկման, քայլվածքի շտկման սենյակը) «ձյաձ Բորյան» երկար ժամանակ բաց չէր թողնում իր երկրակից՝ ՀՀ նախագահին, մինչեւ կարողացավ գոնե ուրվագծերով ներկայացնել իր դարդուցավը եւ ցուցադրել իր վստահ քայլվածքը՝ արհեստական ոտքով։ Նախագահը, հավանաբար, իր ուշացումը փոխհատուցելու նպատակով բավական երկար մնաց կենտրոնում, եւ տարեց Յոհան Բայերլը (իր մասնագիտությունը ստացել է 1932-36 թթ.) հաջողացրեց մի լավ մրսել։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ