Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԱԲԿԵՆ ԱՐԱՐՔՑՅԱՆ. ՀՀՇ-Ն ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է

Դեկտեմբեր 04,1998 00:00
Babken Ararktsyan

Դեկտեմբերի 3 քաղաքական օրվա ընթացքում տեղի ունեցավ մի շատ հետաքրքիր իրադարձություն։ Երկար ամիսներ ՀՀՇ վարչության եւ խորհրդի նիստերը բոյկոտելուց հետո ՀՀՇ վարչություն (Խանջյան 27) այցելեց Ազգային ժողովի նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանը։ Հիշեցնենք, որ նրա եւ նրա մերձավորների բոյկոտի հիմքում հակասություններն են Վանո Սիրադեղյանի հետ։

– Պարոն Արարքցյան, բավականին տարօրինակ է, որ երկարատեւ բոյկոտից հետո վերստին վերադարձել եք ՀՀՇ։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

– Ես նման հարցադրումն եմ համարում տարօրինակ։ Իսկ իրականությունն այն է, որ դեկտեմբերի 3-ին գումարվեց ՀՀՇ առաջիկա համագումարի կազմկոմիտեի անդրանիկ նիստը։ Ես մասնակցել եմ այդ ժողովին։ Սա է ամբողջը։ Նիստն ընթացավ սովորական աշխատանքային մթնոլորտում։

– Իսկ ե՞րբ է նախատեսված համագումարը եւ ի՞նչ հարցեր եք արդեն հասցրել հստակեցնել։

– Որոշումը հետեւյալն է՝ համագումարը պետք է հրավիրվի փետրվարի վերջից մինչեւ մարտի վերջ ընկած ժամանակահատվածում։ Օրը դեռ որոշված չէ։ Իսկ այսօր (խոսքը դեկտեմբերի 3-ի մասին է- Ա. Զ.) քննարկեցինք համագումարի նախապատրաստմանը վերաբերող հարցեր։ Մոտավորապես ճշտվեց այն ժամանակացույցը, որի համաձայն պետք է անցկացվեն տեղական ժողովները։ Քննարկեցինք նաեւ այն խնդիրը, թե ինչպիսի քվոտաներ պետք է լինեն համագումարում եւ որոնք պետք է լինեն օրակարգային հարցերը։ Խոսվեց նաեւ, թե երբ է նպատակահարմար սկսել փաստաթղթերի մշակման աշխատանքների կազմակերպումը։ Այս կազմկոմիտեի լիազորություններն այնպիսին են, որ դրանք պետք է հաստատվեն ՀՀՇ կամ վարչության կամ խորհրդի կողմից։ Նախապատրաստական այս ամբողջ աշխատանքները կատարելուց հետո, իսկ կազմկոմիտեի հաջորդ նիստը նախատեսում ենք մինչեւ դեկտեմբերի 15-ը, երբ արդեն պատրաստ կլինեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, կորոշենք խորհրդի՞, թե՞ վարչության հաստատմանը ներկայացնել դրանք։

– Ես նկատեցի Ձեր խոսքի շեշտադրված այն հնչերանգը, որ ՀՀՇ համագումարի կազմկոմիտեի նիստն ընթացավ աշխատանքային մթնոլորտում։ Մինչդեռ, կարող եմ փաստել, որ նախընթաց փուլում ոչ բոլոր դեպքերում էին համընկնում ՀՀՇ-ի եւ խորհրդարանի «Հանրապետություն» խմբակցության տեսակետները։ Կարո՞ղ ենք ենթադրել, թե սառույցն այսօր կոտրվել է։

– Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ որոշ դեպքերում եղել են տարբեր մոտեցումներ։ Բայց ես համաձայն չեմ այն հարցադրմանը, թե տարաձայնությունները գոյություն ունեին «Հանրապետություն» միավորման խորհրդարանական խմբակցության եւ ՀՀՇ-ի միջեւ։ Իրականությունն այն է, որ տարբեր մոտեցումներ ունեին ՀՀՇ վարչության տարբեր անդամներ։ Ես դրա մասին խոսելու առիթ ունեցել եմ։ Վարչությունում քննարկվում էր կազմակերպության անունը եւ նրա ծրագրի մեջ փոփոխություններ կատարելու հարցը։ Իմ կարծիքն այն է, որ դրա անհրաժեշտությունը չի եղել ու այսօր էլ չկա։ Ինչպես տեսաք՝ աշխատանքային կարգով առկա մթնոլորտում հնարավոր եղավ այդ բոլոր հարցերին լուծում տալ։ Շատ բնական է, որ մոտեցումները տարբեր լինեն։ Ու թեպետ կազմկոմիտեի այսօրվա նիստում նման բան տեղի չունեցավ, սակայն ես չեմ բացառում, որ տարբեր դիրքորոշումներ լինեն նաեւ համագումարի նախապատրաստման ընթացքում։ Հենց այդ նպատակով էլ ձեւավորվում են խորհուրդներ, վարչություններ, կազմկոմիտեներ, որպեսզի քննարկումների ժամանակ արտահայտված տարբեր կարծիքների միջից դուրս բերվի այն ամենը, ինչն ավելի նպաստավոր է հետագա գործողությունները պլանավորելիս։

– Վերջին հարցս։ Բոլոր դեպքերում կարո՞ղ ենք արձանագրել, որ Ձեր եւ Վանո Սիրադեղյանի միջեւ եղած սառույցն, այնուամենայնիվ, կոտրվել է, ինչի փաստարկումն է նաեւ Ձեր այցը ՀՀՇ։

– Ես նկատում եմ, որ շատ եք ուզում այդ սառույցը լինի։ Մինչդեռ ես էլի իմ կարծիքին եմ։ Տարբեր հարցերի նկատմամբ կարող են տարբեր մոտեցումներ լինել։ ՀՀՇ-ն այն կազմակերպությունն է, որը մենք ենք ստեղծել, փայփայել ու կփայփայենք։ Եվ դա ոչ թե այն պատճառով, որ մենք ուղղակի մեծ սեր ունենք ՀՀՇ-ի նկատմամբ, այլ այն հիմքով, որ համոզված ենք՝ ՀՀՇ-ի գաղափարախոսությունը ճիշտ է, որի շրջանակներում եւ մենք կարող ենք ունենալ տարբեր կարծիքներ։ Չեմ կարծում, թե տվյալ դեպքում որեւէ սենսացիա գոյություն ունի։ Բայց միարժեքորեն ընդունում եմ, որ կարող են լինել տարբեր տեսակետներ, ՀՀՇ-ն դեմոկրատական կուսակցություն է՝ ի տարբերություն բազմաթիվ այլ կազմակերպությունների։ Մենք փայփայում ենք հենց այդ տարբեր կարծիքներ ունենալու մթնոլորտը ՀՀՇ-ում։ Այ, եթե դա վերանա ՀՀՇ-ում, արդեն այլ մոտեցումներ կլինեն։ Իսկ ժողովրդավարական մթնոլորտը ՀՀՇ-ում պահպանվում է։

Զրույցը վարեց ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031