Լրահոս
Օրվա լրահոսը

«Չամիչե ռմբակոծումներ» չեն լինի…

Դեկտեմբեր 03,1998 00:00
shrjapakum

Մենք տնտեսական շրջափակումից աչքներս վախեցած երկիր ենք, թեեւ մինչեւ շրջափակվելը նույնիսկ չէինք պատկերացնում, թե դա ինչ է: Հետո ամեն ինչի մասին իմացանք ամենայն մանրամասնությամբ, եւ հիմա այդ տհաճ հասկացողության կիրառումից, եթե ճիշտն ասենք, աշխարհի ոչ մի ազգ չի վախենում այնպես, ինչպես մենք:

Մեր հարեւաններից մեկը, օրինակ, մեր հանդեպ իրեն ինչ հանդգնություն ասես կարող է թույլ տալ, բայց մենք ձայններս կտրում ենք, որովհետեւ այդ երկիրը, եթե ցանկանա, կշրջափակի մեզ եւ այնժամ մենք անելանելի վիճակի մեջ կընկնենք: Մենք սարսուռով ենք մտածում Հյուսիսային Կովկասում հնարավոր պատերազմի բռնկման մասին, որովհետեւ դա կփակի եւս մի ճանապարհ:

Հիմա, բացի Հայաստանից եւ աշխարհի կողմից չընդունված մի քանի նորանկախ պետական կազմավորումներից, դժվար է հիշել մի այլ երկիր (բացի, իհարկե, բոլորովին այլ դեպք, իսկ ավելի ճիշտ՝ այլ նախադեպ ներկայացնող Իրաքից), որը շրջափակման տեսակետից նույնպիսի վտանգների առաջ կանգնած լինի, ինչպես մենք: Նույնիսկ հին դարերում, երբ այն աշխարհի հզորները իրար հետ համարյա պերմանենտ պատերազմական վիճակի մեջ էին, առեւտուրը եւ ապրանքափոխանակությունը սուրբ էին եւ անձեռնմխելի: Մեզ համար միայն մռայլ գույներով գծագրվող միջնադարում՝ նույնպես:

Մեր դարը, սակայն, տնտեսական ամենադաժան շրջափակման մի օրինակ տվել է, եւ այդ «պարգեւի» բոլոր «հմայքները» ճաշակած ազգի համար, կարծում եմ, հենց թեկուզ զուտ ճանաչողական իմաստով, հետաքրքիր է իմանալ, թե երբ եւ ինչպես է դա եղել:

1948 թվականի հունիսի 20-ին Արեւմտյան Գերմանիայում սկսվեց դրամական ռեֆորմը եւ գների միաժամանակյա ազատականացումը: Այդ օրը շրջադարձային դարձավ ոչ միայն Գերմանիայի, այլեւ ողջ Եվրոպայի հետագա պատմության համար: Դրա հետ կապված քաղաքական իրադարձությունները «սառը պատերազմի» ամենաողբերգական ճգնաժամերից է համարվում: Հենց այդ ժամանակ էր, որ ամերիկյան հետախուզության պետ, գեներալ Դոնովանը աշխարհով մեկ հայտարարեց.

– Ռուսաստանի հետ մենք պիտի ճակատամարտենք հենց այստեղ՝ Բեռլինում: Սա սառը պատերազմ չէ: Սա դժոխքի պես տաք պատերազմ է:

Դոնովանը չափը չէր անցնում: Աշխարհը 1948 թվականի գարնանը, իրոք, կանգնած էր համաշխարհային նոր պատերազմի շեմին: Այսօրվա այսպես կոչված «դեմոկրատական» պատմագրության մեջ ընդունված է այն կարծիքը, թե այդ տարվա մարտի վերջին Ստալինը փաստորեն ցրեց Բեռլինի Վերահսկիչ խորհուրդը, որը հաղթանակ տարած չորս պետությունների համատեղ օրգանն էր: Իրականում այդ խորհուրդը ցրվել էր առնվազն մի ամիս առաջ դաշնակիցների՝ Լոնդոնում կայացած խորհրդաժողովում, ուր երեք արեւմտյան պետությունները միավորվել էին՝ մենակ թողնելով ԽՍՀՄ-ին: Ահա այդ քայլից հետո էր, որ խորհրդային զորքերը հետզհետե սկսեցին երկաթե օղակի մեջ առնել Բեռլինը, իսկ գերմանական մարկը շրջանառության մեջ դնելուց հետո (այն համարյա անմիջապես օրինականացվեց նաեւ Արեւմտյան Բեռլինում), վերջնականապես շրջափակեցին քաղաքը, որի երեք քառորդը, ինչպես հայտնի է, արեւմտյան դաշնակիցների վերահսկողության տակ էր: Երկու օր անց, սակայն, Արեւմտյան Գերմանիայի եւ Արեւմտյան Բեռլինի միջեւ, սկզբից միայն ամերիկացիների, իսկ հետո նաեւ անգլիացիների ջանքերով սկսեց գործել «օդային միջանցքը», որով տեղափոխվում էին քաղաքի բնակչությանն անհրաժեշտ բոլոր ապրանքները:

Դա իր նախադեպը չունեցող գործողություն էր: Նրա՝ մինչեւ օրս էլ ողջ ականատեսները այդ իրադարձության կեսդարյա հոբելյանին նվիրված հանդիսություններում պատմում էին, որ Արեւմտյան Բեռլինում ամեն չորս րոպեն մեկ վայրէջք էր կատարում մի ինքնաթիռ: Քանի որ դրանցից շատերը ռազմական մեքենաներ էին, օդաչուները ինքնաթիռների ռմբանետման խցիկներում քաղցրավենիքի տուփեր էին լցնում եւ ցածր թռիչքի ժամանակ «քաղցր անձրեւ» թափում քաղաքի այն հատվածների վրա, ուր նրանց սպասում էին երեխաները: Պատահական չէ, որ նախկին օկուպանտները ընդամենը մի քանի օրվա մեջ աշխարհի ամենաբարի մարդկանց համբավը վաստակեցին: Ընդհանուր առմամբ «օդային միջանցքը» գործեց մեկուկես տարի, Արեւմտյան Բեռլին տեղափոխվեց 2,5 միլիոն տոննա բեռ… (Մեր շրջափակման տարիների մասին հեղինակին թվային ստույգ տվյալներ հայտնի չեն եւ դրանք, ամենայն հավանականությամբ, գոյություն չունեն):

Այստեղ կարելի էր վերջակետ դնել, եթե մեծ չլիներ համեմատության մի այլ գայթակղություն: Խոսքը դրամական ռեֆորմի եւ գների ազատականացման մասին է, որոնց մենք հիմա միայն պատմության դասագրքերից չէ, որ ծանոթ ենք: Ինչպես եւ մեզ մոտ, դրամական ռեֆորմից եւ գների ազատականացումից հետո խանութները ասես հրաշքով լցվել են անհրաժեշտ բոլոր ապրանքներով: Ինչպես մեզ մոտ, գները սկզբում մատչելի չեն եղել մեծամասնության համար: Բայց ահա թե ինչ է պատմում «չամիչե ռմբակոծիչների» սերնդի ներկայացուցիչ, այն ժամանակվա Արեւմտյան Բեռլինի բնակիչ Բերտ Մալկենբուրը.

– Նոր մարկերը մեր ձեռքն առնելուց հետո մենք հասկացանք, որ նոր կյանք է սկսվում, հանուն որի արժե աշխատել: Տասը տարի անց աշխարհն արդեն խոսում էր մեր «տնտեսական հրաշքի» մասին:

Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք անցել ենք այդ ճանապարհի ճիշտ կեսը, սակայն ազգային դրամի անշեղ արժեզրկումից բացի ոչնչի չենք արժանացել: Իսկ եթե այս պայմաններում որեւէ մեկը համարձակվի «տնտեսական հրաշքի» գոնե թույլ նախանշաններ տեսնել, ապա նրան անշուշտ հոգեպես անհավասարակշիռ մարդ կհամարեն:

…Իսկ եթե մի պահ պատկերացնենք, թե մեր սեփական շրջափակման օղակը հանկարծ կարող է ավելի սեղմվել, ապա ներկա պայմաններում հայկական երկնակամարում հայտնված ինքնաթիռները հազիվ թե ռմբահարեն մեզ չամիչով…

ՆԱՐԵԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031