Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ԿԱՆԽՈՐՈՇԵԼ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Դեկտեմբեր 03,1998 00:00
vardan oskanyan

Վերջին շրջանում խոսակցությունները ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի անձի եւ գործունեության շուրջ ակտիվացել են: Օգտվելով առիթից նրան խնդրեցինք մեծ եւ անկեղծ հարցազրույց տալ մեր թերթին, որը ներկայացնում ենք ստորեւ:

– Դուք խոստացաք մամուլի համար ավելի բաց դարձնել նախարարության աշխատանքը: Ներկայացրեք, խնդրեմ, Հայաստանի տարածաշրջանային քաղաքականությունը, մասնավորապես Ձեր երկու այցերը Մերձավոր Արեւելք, որոնցից հատկապես առաջինի շուրջ բավական աղմուկ բարձրացավ:

– Հնարավորության սահմաններում բաց ենք մամուլի համար եւ բավական շատ ենք հանդես գալիս: Տարածաշրջանում վարում ենք, ես կասեի, պրոակտիվ քաղաքականություն, այսինքն, փորձում ենք իրադարձություններից ինչ-որ չափով առաջ ընկնել եւ նույնիսկ կանխորոշել որոշ գործընթացներ: Հիմքում դրված են մի քանի հիմնարար սկզբունքներ: Առաջինը փոխլրացման, կամ կոմպլիմենտարության սկզբունքն է, երկրորդը՝ դրական հավասարակշռության, եւ երրորդը՝ պրագմատիզմի: Այս երեքի միասնությունն է կազմում մեր տարածաշրջանային քաղաքականության հիմքը: Սա նշանակում է, որ Հայաստանը՝ իր գնահատականը տալով իրավիճակին պետք է օգտագործի բոլոր հնարավորությունները իր համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու եւ անվտանգության ապահովման համար:

Նույն քաղաքականությունն է դրվել երկկողմ հարաբերությունների զարգացման հիմքում: Խնդիր է դրվել նորմալ հարաբերություններ զարգացնել Իրանի եւ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ, եւ դրական հավասարակշռության սկզբունքից ելնելով բոլորին հավասար հնարավորություններ տալ: Այլ խոսքով, մեր խնդիրն է Հայաստանը դարձնել տարբեր շահեր հետապնդող երկրների ոչ թե բախման, այլ համագործակցության կետ, ի տարբերություն մեր հարեւան Ադրբեջանի, որը վարում է տարածաշրջանը բեւեռացման տանող քաղաքականություն: Ես կարծում եմ, որ բարձրացված աղմուկը Իսրայել իմ այցի շուրջ, թե, իբր այն վնասում էր մեր շահերին, քաղաքական շահարկման միտում ուներ: Դրա վառ ապացույցն էր իմ հաջորդ այցը Դամասկոս, որտեղ ես ամենաբարձր մակարդակով պաշտոնական հանդիպումներ ունեցա: Այնտեղի քննարկումները ցույց տվեցին, որ մեր հարաբերությունները ոչ թե խաթարվել են, այլ ընդհակառակը, ամենաբարձր մակարդակում են գտնվում հատկապես քաղաքական առումով: Նույնը ես կասեի Իրանի մասին: Պետք է ասեմ նաեւ, որ Հայաստանը, ճիշտ է, հաշվի է առնում իր հարեւանների եւ բարեկամների կարծիքը, բայց արտաքին քաղաքականություն վարելիս առաջնորդվում է իր ազգային շահերով:

– Իհարկե, թույլատրելիի սահմաններում կխնդրեի քաղաքացիների համար մատչելի ձեւով պարզաբանել, ի վերջո, ի՞նչ է առաջարկվել ԵԱՀԿ վերջին փաթեթով այս անգամ, ինչից մեր նախագահը հիացած չէ, բայց որպես բանակցություններ սկսելու հիմք ընդունում է:

– Ոչ մեկս հիացած չենք այս փաստաթղթով: Մենք կարող ենք լիովին բավարարված լինել, եթե միջազգային հանրությունը սեղանին դնի մի փաստաթուղթ, որով կճանաչվի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Սակայն այս փաստաթղթով ընտրվել է միջին ճանապարհ այն առումով, որ որեւէ նախապայման չի դրված եւ հնարավորություն է տալիս, որպեսզի մենք բանակցությունների միջոցով կարողանանք հասնել մի այնպիսի կարգավիճակի, որը ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Նախկին առաջարկներում եղել են Լիսաբոնի սկզբունքները, որոնք ի սկզբանե կանխորոշել են բանակցությունների արդյունքը: Այսինքն, հստակ ասվում էր, որ Լեռնային Ղարաբաղը մնալու է Ադրբեջանի կազմում: Այս փաստաթղթում դա գրված չէ, եւ դա արվել է այն նոր գաղափարի հիման վրա, որը կոչվում է «ընդհանուր պետություն»: Այս գաղափարը դեռ բովանդակություն չունի, այն ձեռք կբերի բանակցությունների արդյունքում, բայց գաղափարի առկայությունը հնարավորություն է տալիս շրջանցել այն հակասությունը, որը կա պետությունների տարածքային ամբողջության եւ ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքների միջեւ:

– Ըստ Ձեզ, Ադրբեջանի մերժումը ունի՞ ռացիոնալ բացատրություն:

– Տարբեր մեկնաբանություններ են տրվում, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը միշտ պնդել է, որ ինքնավարությունից բացի այլ կարգավիճակի չեն համաձայնի, միակ բացատրությունը, որ կարող եմ տալ, նրանց կարծիքով, այս փաստաթղթով ինքնավարության մակարդակը արդեն գերազանցվում է: Կարծում եմ, դա է մերժման հիմնական պատճառը:

– Այսինքն, վախ ունեն, որ Ադրբեջանը կվերածվի ֆեդերացիայի՞:

– Նրանք մտահոգություն ունեն, որ այստեղ նույնիսկ ոչ թե ֆեդերացիայի, այլ կոնֆեդերացիայի հիմքերն են դրվում, ինչը երեւի թե նրանց համար այսօր անընդունելի տարբերակ է: Նրանք ուզում են, որ առաջարկի հիմքում լինի Լիսաբոնի սկզբունքը, այսինքն, ոչ թե կարգավիճակի հարցը որպես այդպիսին, այլ ինքնավարության չափը Ադրբեջանի ներսում: Եւ երեւի այնքան ժամանակ, քանի դեռ փաստաթղթում դա չկա, Ադրբեջանը շարունակելու է մերժել, եթե դա թողնվի իրենց կամքին:

– ՀՀ վարչապետը մասնակցեց ՏՐԱՍԵԿԱ-ի վեհաժողովին, ինչը տարբեր խոսակցությունների առիթ տվեց: Ունի՞ արտաքին գերատեսչության ղեկավարը իր մեկնաբանությունը:

– Մեր համաձայնությունը այդ երրորդ կետին ոչ թե բացթողում էր, այլ գիտակցաբար կայացրած որոշում: Մենք չառարկեցինք, որովհետեւ այս հարցում որեւէ հակասություն մեր ազգային շահերին չենք տեսնում: Ընդդիմությունը փորձում է ներկայացնել, թե մենք Ղարաբաղը ճանաչում ենք Ադրբեջանի կազմում: Այստեղ խոսքը մեր տարածաշրջանում ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ որոշումների հիման վրա հակամարտությունների կարգավորման մասին է: Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշում չկա, որում խոսք է գնում ԼՂ հակամարտության կարգավորման մասին: Կան փաստաթղթեր, որոնք մեզ համար դրական կամ բացասական տարրեր պարունակում են, բայց դրանց այդպիսի մեկնաբանություն հնարավոր չէ տալ:

– Վերջերս մեծ է աղմուկը նաեւ հարեւան Իրանի հետ մեր դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցման կամ սառեցման շուրջ: Արդյո՞ք դա կապվում է Ձեր իսրայելյան ուղեւորության հետ:

– Դիվանագիտական պրակտիկայում ընդունված է, որ դեսպանին փոխարինելիս նշանակվում է գործերի ժամանակավոր հավատարմատար մի քանի ամսով: Կարող եմ բերել մեր օրինակը Ֆրանսիայում, որտեղ վեցերորդ ամիսն է, դեսպան չունենք: Արդյո՞ք դա նշանակում է հարաբերությունների սառեցում: Կարծում եմ, շուտով իրանական կողմը ագրեման կպահանջի իրենց նոր դեսպանի համար: Պարզապես այս ամենը համընկավ իմ Իսրայել կատարած այցի հետ, եւ քաղաքական շահարկման տեղիք տվեց: Իրականությունը այն է, որ մեր հարաբերությունները մնում են նույն մակարդակին, որեւէ խնդիր Իրանի հետ չկա: Դիվանագիտության մեջ ընդունված է, որ մի երկիրը մյուսի նկատմամբ կարող է մտահոգություններ հայտնել, առարկություններ անել, բայց դա երբեք չի հանգեցնի հարաբերությունների սառեցման կամ նվազեցման:

– Այսինքն, մտահոգություններ հայտնվե՞լ են:

– Իհարկե, Իրան կատարած իմ այցի ժամանակ ես այդ մասին խոսել եմ, այնպես որ, ամեն երկիր իր կարծիքն ու տեսակետը ունի, բայց դրա պատճառով հարաբերությունների մակարդակի իջեցում կամ խզում ես ուղղակի բացառում եմ:

– ԵԱՀԿ հերթական գագաթաժողովը Ստամբուլում անցկացնելուն Հայաստանը առարկում էր, սակայն վերջին պահին հանեց առարկությունը: Ինչո՞ւ:

– Սթափ դատելով առարկությունը պահելու դրական եւ բացասական կողմերի վրա, գտանք, որ հանելը նպաստում է մեր շահերին: Նկատի է առնվել երկու միտում. բխում է մեր ազգային շահերից, եւ նպաստում է տարածաշրջանում մթնոլորտի բարելավմանը:

– Չկա՞ վտանգ, որ Ստամբուլում ավելի որոշակի ձեւակերպումով փաստաթուղթ կընդունվի Ղարաբաղի վերաբերյալ:

– Չեմ կարծում, Ստամբուլի հանգամանքը որեւէ ձեւով չի նպաստում կամ չի խանգարում: Վայրը կարող է զուտ հոգեբանական առումով նշանակություն ունենալ, բայց գործնական առումով հետեւանք չի ունենա:

– Մամուլում, այդ թվում՝ նաեւ մեր թերթում եղան հրապարակումներ, որոնցում շոշափվում էր արտասահմանում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը ոչ ամենաբարենպաստ լույսի ներքո: Տրվեցին որոշակի անուններ եւ գործունեության ձեւեր:

– Կարող եմ ասել միայն հետեւյալը. այդ ամենին լուրջ ուշադրություն ենք դարձնում եւ հարցերը ուսումնասիրում ենք: Եթե համոզվենք, որ ասվածների մեջ իրականություն կա, անպայման քայլեր կձեռնարկենք օրինախախտումներ թույլ տվողների նկատմամբ եւ վիճակը կարգավորելու առումով: Պարզապես հիմա ամեն ինչ այնքան է քաղաքականացված ու նաեւ անձնավորված, որ նախկին աշխատակիցներ, որ խնդիրներ են ունեցել դեսպանի հետ, գնում են նման քայլերի, ուռճացված մեղադրանքներ են ներկայացնում: Բայցեւայնպես, այս բոլորը մենք նկատի ենք առնում, հատուկ միջոցառումներ են ձեռնարկվել, եւ հարցերն ոււումնասիրվում են:

Միանշանակ է, որ ասվածի մի մասը ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը:

Հարցազրույցը վարեց ՈՍԿԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031