1993 թ. հունիս ամսին ես անցա աշխատանքի կառավարությանն առընթեր Բարձրագույն որակավորման հանձնաժողովում (ԲՈՀ)։ Աշխատանքային տարածք չկար, «Հայգյուղշիննախագիծ» ինստիտուտի շենքում մի սենյակ էր վարձակալված, ուր սկսեցինք աշխատել։ Ամռանը սենյակում շոգ էր, նեղվածք… մենք փորձում էինք կանոնադրություն գրել, թղթեր հավաքել, համակարգը ի մի բերել, ծանոթանալ։ Ահավոր ծանր էր. որոշ գիտնականների չկամությունն ու չմահավանությունը սպանում էր, անսահման թերահավատ վերաբերմունքը՝ վիրավորում։ Երեւի թե մենք համառ էինք։ 1993-94 թթ. դաժան ձմեռն էր։ Մեր ունեցած մեկ սենյակում վառարան դրեցինք, հավաքվեցինք շուրջը ու շարունակեցինք աշխատել։ …Տարիները գլորվեցին. «վերեւներում» մեզ այդպես էլ չհիշեցին։
Իսկ մենք, իրար գլխի հավաքված, բոլոր երկար ու ձիգ օրենքներով քննարկեցինք ու հաստատեցինք մեր կանոնադրությունները, ստեղծեցինք գիտական անվանացանկ եւ մասնագիտական խորհուրդներ, հաղթահարեցինք արհամարհանքն ու չկամությունը, զուտ մեր հանդեպ համակրանքի շնորհիվ ստեղծեցինք մինիմումների 150 ծրագրեր, սկսեցինք հաստատել քննությունների հանձնաժողովների կազմերը, ամբողջ ընթացքում նաեւ կատարելով մեր բուն գործը՝ գիտական աշխատանքների քննարկումն ու հաստատումը։ Հիմա, հետադարձ հայացքով, ապշում եմ, թե ի՞նչ ուժ ու համբերություն ունեինք. 15 հոգով մեկ սենյակում խցկված, անվերջանալի քննարկումների համար դահլիճներ «մուրալով», նամակների անչափելի կույտին պատասխանելով, գիտնականների համոզմունքներին հակառակ իրականության պարտադրած ճշմարտությունները պարզելով, վատ աշխատանքների հետեւում կանգնած հզոր բարեկամ-ծանոթներին դիմակայելով, ԲՈՀ- ի առնչությամբ դատողություններից ու անկապ հարձակումներից պաշտպանվելով։ Իսկ վարձատրությունը դարձյալ գիտնականների բարի խոսքերն էին ու հավատը մեր հանդեպ։
Իհարկե, մենք չէինք մոռանում ժամանակ առ ժամանակ բոլոր վարչապետներից, ընդ որում, յուրաքանչյուրից մի քանի անգամ, աշխատելու տեղ խնդրել, բայց իզուր։ Մեր ԲՈՀ-ի նախագահը զարմանալիորեն համբերատար էր, շատ համեստ ու չէր նեղվում (կամ գուցե ցույց չէր տալիս), որ աշխատասենյակ չունի, քարտուղարուհի չունի, մեքենա չունի, հեռախոս չունի։
Եվ հանկարծ, այս տարվա նոյեմբերի 15-18-ը մեզ հիշեցին։ Հիշեցին (ոչ հիշեին) ու որոշեցին պատժել։ Որովհետեւ նոյեմբերի 10-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության ու ազգագրության ինստիտուտում իր դոկտորական ատենախոսությունը պաշտպանեց Աբխազիայից գիտնական (թող որ արտգործնախարար), մեզ համար մեկն այն 30 օտարերկրյա գիտնականներից, որոնք պաշտպանել են մեզ մոտ 14 երկրներից (ներառյալ՝ Արցախից)։ Իսկ արդյունքում ԲՈՀ-ի նախագահը աշխատանքից ազատվեց, պաշտոնյա, որ 6 տարի շարունակ մի ամբողջ համակարգ էր սարքել ու պահել, պաշտոնյա, որ համընդհանուր իրավիճակին այդպես էլ «չհարմարվեց» ու մինչեւ վերջ էլ մաքուր ու արդար մնաց։ Կատարվածից ապշահար, ահավոր վիրավորված ու շվարած ենք։ Ո՞վ է գալու փոխարենը, արդյո՞ք կմնա-կպահպանվի տարիների մեր արածը, թե՞ կքանդվի ու կխառնվի մնացած քանդածներին եւ վերջապես այս անհեթեթ պատմության մեջ ի՞նչ կապ ուներ ԲՈՀ-ի նախագահը, երբ անհասկանալի խառնաշփոթ ստեղծողը 15 րոպեում 15 վարկած առաջ քաշող Ազգային ակադեմիայի պրեզիդենտն էր։ Ես ինչ անելս չգիտեի, օրերն անցնում էին, իսկ մեր աշխատանքը նաեւ հրամաններ են, ընդ որում, օրական երբեմն մի քանիսը։
Կարդացեք նաև
Փորձեցի հանդիպել կրթության եւ գիտության նախարարին։ Հինգ օր հետո հասկացա, որ իզուր է։ (Առհասարակ, պաշտոնավարության այս հինգ տարիների ընթացքում այդպես էլ չհասկացա, թե ինչի համար է կառավարական հեռախոսը, միեւնուն է, լսափողը վերցնում է քարտուղարուհին, միեւնույն է, ասում է՝ «նա» տեղում չէ)։
Փորձեցի հանդիպել վարչապետի աշխատակազմի ղեկավարին, պարզվեց, ըստ էության, նույն քարտուղարուհին էր։ Երկու օր հետո խորհուրդ տվեց ինձ դիմել տեղակալին։ Փորձեցի հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին հանդիպել։ Երկու օր շարունակ քարտուղարուհիների հետ «բանակցությունները» մնացին անարդյունք։
Ա՜յ քեզ բան… Իսկ ես ո՞ւմից հարցնեմ, որ եթե ԲՈՀ-ի նախագահը «լուրջ արժեք էր» հայ-վրացական հարաբերությունները շտկելու համար, ո՞նց պատահեց, որ ԲՈՀ-ի առաջին նախագահը այդպես էլ շնորհակալության չարժանացավ։ Իսկ ես ումի՞ց հարցնեմ՝ աբխազ գիտնականի վկայագիրը ստորագրե՞մ, թե՞ չստորագրեմ. իսկ եթե նույնը իմ գլխի՞ն գա։ Իսկ ես ո՞ւմ խնդրեմ, որ նոր նշանակման դեպքում շատ զգույշ լինեն եւ արված ահռելի աշխատանքը պահպանելու պայմանը դնեն։ Արդյո՞ք երբեմն մտածել եք, որ ընկճված ու նվաստացած պետական պաշտոնյան, այսպես թե այնպես, երկրի անօրինությունն է բնորոշում, եւ որ քարտուղարուհիներին «զրահ» ունենալը պատիվ չի բերում։
ԼԻԼԻԹ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
ՀՀ ԲՈՀ-ի նախագահի տեղակալ