Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԻՑ ԳՆԱՑՈՂՆԵՐԸ

Դեկտեմբեր 03,1998 00:00
mard

Ընտանեկան նպաստի համակարգի անցման շեմին հետզհետե կրքերն ավելի ու ավելի են շիկանում, վերոհիշյալ աշխատանքի պատասխանատուներն ավելի են լարվում, «Փարոս»-ի ցուցակների «մաքրման» գործընթացն առավել դրամատիկ է դառնում։ Ըստ սոցապ նախարար Գագիկ Եգանյանի, վերոհիշյալ համակարգին անցնելը երկրի ամենագլխավոր քաղաքական ծրագիրն է։ Հավանաբար, այն պատճառով, որ մենք մեզ հռչակել ենք սոցիալական պետություն։

Սոցիալական հռչակված պետության մեջ մեծ թափ է ստացել «առավել կարիքավորներին» հայտնաբերելու «լրջագույն» որոնումը։ Երբ ամբողջ ժողովուրդն է կարիքավոր, (չհաշված՝ 10-8 տոկոս ամենահարուստներին), իսկապես դժվար կլինի առավել կարիքավորներին գտնելը։ Առանձնացված է 230 հազարի սահմանը եւ արդեն որոշակի է, որ այս թվի մեջ ինչ-ինչ ձեւով տեղավորվող «երջանիկները» կարող են օգտվել պետության՝ հասցեագրված քաղաքականությունից։

Հունվարի 1-ից (իսկ գուցե 15-ի՞ց, կամ 20-ի՞ց) հանրապետության ամբողջ տարածքի կարիքավորները կօգտվեն ընտանեկան նպաստի համակարգից, հետեւում թողնելով այլեւայլ նպաստներն ու փոխհատուցումները։ Եվ միայն այդ ժամանակ քիչ թե շատ տեսանելի կլինի հասցեագրված քաղաքականության բերածն ու տարածը։

Իսկ մինչ այդ, էլեկտրաէներգիայի սակագները բարձրացան… Կարծում եք այս բարձրացումը որեւէ կապ ունի՞ ընտանեկան նպաստի հետ։ Բոլորովին։ Իրականում, ըստ հանրապետության նախագահի, «սակագները չեն բարձրանում, սակագները անցած տարի հաստատվել են նույն մակարդակի վրա, այդ սանդղակն է փոխվում»։ Սակայն ՀՀ այն քաղաքացիների համար, ովքեր բավարար գիտելիքներ չունեն հասկանալու համար, թե ինչ է նշանակում սակագնի բարձրացում եւ ինչ է նշանակում սանդղակի բարձրացում, անշուշտ, միեւնույն է, թե բարձրացողի անվանումն ինչ է։ Կարեւորն այն է, որ ինչ-որ բան բարձրանում է եւ բարձրանում է այն պահին, երբ ժողովուրդը (առավել կարիքավորը) վճարելու բան չունի։

Վերջերս սոցապ նախարարի հետ մի կարճ հարցազրույցում փորձեցի պարզել, թե էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը որքանով է խփելու անապահովների դատարկ գրպանին։ Պարոն նախարարը փորձեց ապացուցել, որ վերոհիշյալ բարձրացումը չի ազդելու սոցիալապես անապահովների գրպանին։ Ինչը ասաց նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս մի փոքրիկ խումբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Առնվազն տարօրինակ է, թե ինչպես կարելի է մի բան բարձրացնել, առանց մեկ այլ բանի (այս դեպքում՝ կենսամակարդակի) իջեցման հեռանկարի։

Իրականում ընտանեկան նպաստի համակարգին անցումով վերանալու են բոլոր ձեւի եւ տեսակի փոխհատուցումները։ Փոխհատուցում չեն ստանալու հաշմանդամները, ծնողազուրկները եւ այլ կատեգորիաների սոցիալապես անապահովները։ Ստացածը մեկ գումար է կազմելու, այն էլ, մինչեւ հիմա որեւէ պաշտոնյա որոշակի չի հրապարակում, ստացվելու է մինչեւ այժմ ստացածին ավելացրած ինչ-որ գումա՞ր, թե՞ պակասեցրած գումար։ ՀՀ նախագահը հայտնում է. «Նպաստի օգնությամբ մենք այդ սակագների հետ կապված պրոբլեմները կլուծենք բնակչության իսկապես կարիք ունեցող ամբողջ զանգվածի համար։ Այդ զանգվածը չի նկատելու այդ սակագների փոփոխությունը, որովհետեւ ուղղակի կոմպենսացիա է ստանալու 230 հազար ընտանիք։ Դա եւս մեծ թիվ է եւ մի քանի տասնյակ հազար ընտանիք այլ ճանապարհով եւս կստանան համապատասխան կոմպենսացում»։

Հետաքրքիր է, որ վերոհիշյալ հավանական փոխհատուցման մասին խոսում է նաեւ սոցապ նախարար Գագիկ Եգանյանը, սակայն այն հարցը, թե ինչ ձեւով է լինելու այդ փոխհատուցումը, ինչ սկզբունքով է տրվելու, միշտ մնում է անպատասխան։ Իրականում սոցիալապես անապահովներն առաջին հերթին են տուժելու։ Դատեք ինքներդ։ Եթե երեք հոգանոց մի ընտանիք երջանկություն ունենա ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվել, ապա յուրաքանչյուր ամիս այդ ընտանիքի բյուջե կմուտքագրվի արդեն հայտնի 7600 դրամը։ Ամենամեղմ հաշվարկներով վերոհիշյալ ընտանիքն իր հանապազօրյա հացը գնելու համար պետք կունենա ոչ ավել, ոչ պակաս՝ 6 հազար դրամի։ Սա էլ այն դեպքում, եթե երեք հոգանոց ընտանիքը մեկ օրվա համար միայն 2 հատ հարյուր դրամանոց հաց գնի։ Մնացած 1600 դրամն էլ կտրվի «չբարձրացած» սակագնով էլեկտրաէներգիայի դիմաց եւ առանց ջուր խմելու (քանի որ ջրի վարձը չեն կարողանա վճարել) կսպասեն հաջորդ ամսվա «հասցեագրված» քաղաքականությանը։

«Կուշտը սովածին չի հասկանա», այս ասացվածքը վաղուց է ստեղծվել, երբ կային կուշտեր ու սովածներ։ Հիմա երբ կան շատ կուշտեր եւ շատ սովածներ, պետք չէ զարմանալ։ Մնում է հասցեագրված սոցիալական քաղաքականությունից անցնել հասցեագրված տնտեսական քաղաքականության, հետո՝ հասցեագրված մշակութային քաղաքականության, մինչեւ կհասնենք անհասցե մի տեղ, ուր բոլորը հավասար են։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031