Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ ԵՐԲԵՄՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Դեկտեմբեր 03,1998 00:00
David Shahnazaryan

Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում քաղաքագիտական ֆակուլտետի ուսանողների նախաձեռնությամբ ստեղծվել է «Քաղաքագետների եւ երկրագետների ակումբ», որի առաջին հյուրը երեկ «21-րդ դար» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանն էր։ Ուսանողները նախապատրաստվել էին. քննարկել էին նրա նախընտրական ծրագիրը, հայտարարությունները եւ այլն։

Ըստ էության այս գործչի դիրքորոշումներն ու առանցքային խնդիրների վերաբերյալ տեսակետները հանրահայտ են, ուստի այս անգամ կներկայացնենք ուսանողների եւ Դավիթ Շահնազարյանի հարցուպատասխանի որոշ հատվածներ միայն։

«Իշխանությունը պիտի հնարավորին չափ ժողովրդին քիչ խանգարի, որ ժողովուրդն ինքն իրեն կարողանա պահել»,- իր խոսքի նախաբանում Դավիթ Շահնազարյանը սա որպես իրեն արդարացրած սկզբունք էր մատնանշել։ Ուսանողները խնդրեցին մանրամասն պարզաբանել այս դրույթը, եւ հետեւեցին ոչ պակաս ուշագրավ մտքեր. «Ես պաշտոնապես ու ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. Հայաստանում չկա գոնե մեկ ձեռներեց, որն օրենքը չի խախտում։ Հակառակ դեպքում նա չի կարողանա զբաղվել ձեռներեցությամբ»։ Դավիթ Շահնազարյանը տարվող հարկային քաղաքականությունն «անընդունելի» համարեց։ Այս պնդումը հիմնավորելու համար մասնավորապես բերվեց արդեն չարչրկվող մի օրինակ. «Սասունցի Դավիթ» էպոսում, երբ հարկահավաքները գալիս հարկը տանում էին՝ գոնե այնքան սերմացու էին թողնում, որ գյուղացին կարողանար ավելի շատ ցանել, ու բերքը շատանար։ Իսկ հիմա հակառակն է. վերարտադրման հնարավորություններ, ըստ էության, չեն տրվում»։ Տեղից սկսեցին գուշակություններ անել, թե Սմբատ Այվազյանին առավել ում կարելի է նմանեցնել. Բադինի՞ն, թե՞ Կոզբադինին։

Ընդհանուր առմամբ, բավական պատրաստված լսարան էր։ Բրյուսովի ինստիտուտի գեղեցիկ աղջիկները տեղ-տեղ անգամ լրագրողների նախանձին արժանի հարցերով նեղում էին պատգամավորին։ Ասենք, մի աղջիկ խոստովանեց, որ թեեւ Շահնազարյանին լսելով միշտ մեծ ոգեւորություն է ապրել, բայց այն գնալով պակասում է եւ հարցրեց, թե արդյոք երաշխիք կա՞, որ «21-րդ դար» կուսակցությունն իշխանության հասնելու դեպքում օրենքի գերակայություն կապահովի։ «Ոչ մի երաշխիք չկա՝ միանգամից ասեմ,- պատասխանեց պրն Շահնազարյանը։ – Ամեն ինչ կարելի է խոստանալ՝ երաշխիքն ընտրական համակարգն է։ Այլ երաշխիք չկա»։ Իսկ նրա այն հայտարարությանն արձագանքելով, թե «1990-95-ին Հայաստանում օրինական իշխանություն կար, որը ձեւավորվել էր ժողովրդի կամքով»՝ մեկ այլ աղջիկ հիշեցրեց, որ կեղծիքների դիմեց եւ ամենամեծ հիասթափությունը պարգեւեց հենց մեծամասնության ընտրած իշխանությունը։ «Մենք արդեն կերել ենք այն ապուրը, որ մեզ համար եփել էին մեր կողմից մեծ սիրով եւ վստահությամբ ընտրված մարդիկ։ Ուրեմն ինչպե՞ս ընտրենք, ո՞ւմ, որ նորից մի բան չեփվի եւ մեզ չմատուցվի»,- այս հարցին տեղից ԱԺ պատգամավոր Վահագն Խաչատրյանն արձագանքեց իր խորհրդով. «Խոհարարներին փոխեք»։

Պրն Շահնազարյանը կարեւորում էր, որ իշխանության ձեւավորումից հետո այն մի քանի անգամ փոխվի։ Ի դեպ, Դավիթ Շահնազարյանի դատողությունները երբեմն զարմանալիորեն համընկնում էին իր քաղաքական ընդդիմախոսների արտահայտած մտքերին։ «Ես ընդհանրապես խորապես համոզված եմ, որ տարանջատելով ազգային եւ ժողովրդավարական արժեքները՝ մեծագույն սխալ ենք կատարում, երբ փորձում ենք դրանցից մեկը մյուսից գերադասել».- սա համահունչ էր Հանրապետական կուսակցության հավաքում Վազգեն Սարգսյանի հայտնած տեսակետին։ Թերեւս տարբեր էր միայն եզրակացությունը. «Ինչպես նախորդ իշխանությունների ժամանակ արժեզրկվեց ժողովրդավարությունը, այնպես էլ այսօր մեր աչքի առջեւ արժեզրկվում է ազգայինը»,- ասաց Դավիթ Շահնազարյանը։

Նշենք նաեւ այն հայտարարությունները, որոնք տրամագծորեն հակադիր էին նույն առիթով արտահայտված պաշտոնական տեսակետներին։ Ասենք, չնայած Ռոբերտ Քոչարյանի հավաստիացմանը, թե Եվրախորհրդին Հայաստանի մաս կազմելու խնդիրը լուծվելու է շատ կարճ ժամկետներում, Դավիթ Շահնազարյանը դարձյալ պնդեց. «Հայաստանը չի դառնալու Եվրախորհրդի անդամ (Ադրբեջանի հետ միասին)։ Վրաստանը հունվարին Եվրախորհրդից հրավեր կստանա։ Դա արդեն պաշտոնապես է հայտարարվել»։ Հայտնեց, թե իր հանդիպումների ժամանակ միշտ ընդգծում է, որ եվրոպացիները սխալ են վարվում. «Վանելով՝ ընդհակառակը, նրանք թեւ ու թիկունք են դառնում Հայաստանի այն լուրջ քաղաքական ուժերին, որոնք բացեիբաց ժողովրդավարությունն ընդհանրապես չեն ընդունում։ Պարզ ասեմ՝ ազգայնամոլական ուժերին, որոնք այսօր իշխանության են»։

Հակադրվեց Վազգեն Սարգսյանի հայտնի «3-4, լա՛վ, 5-6» կուսակցություն է պետք (առանց հասցեատերին որոշակիացնելու) արտահայտությանը՝ Գերմանիայի փորձը վկայակոչելով, որտեղ ընտրություններին շուրջ 40 կուսակցություն է մասնակցել, բայց 5-ն են ընդամենը 5%-ի սահմանը հաղթահարել. «Այնպես որ, սա էլ է նորմալ եւ բնական ճանապարհով պիտի լինի»։ Դարձյալ առանց որոշակիացնելու, բացարձակապես անընդունելի համարեց Պարույր Հայրիկյանի տեսակետը, թե բոյկոտը քաղաքական պայքարի ամենաթույլ ձեւերից մեկն է. «Ո՛չ, բավական ուժեղ է, եւ այսօրվա իշխանությունները լա՜վ էլ վախենում են, թե կարող է պատահի՝ ժողովրդավարական կուսակցությունները հանկարծ բոյկոտեն ընտրությունները»։

Ուսանողուհիներից մեկի խնդրանքով Դավիթ Շահնազարյանը Կարեն Դեմիրճյանի վերաբերյալ իր տեսակետը հայտնեց եւ նրան միայն «դե-յուրե» ընդդիմության առաջնորդ անվանեց՝ իր հավաքած ձայների քանակը նկատի առնելով։ «Իմ խորին համոզմամբ, Կարեն Դեմիրճյանն առաջին փուլում արդեն հաղթել էր կամ մոտ էր դրան։ Երկրորդ փուլում, ես հստակ հայտարարում եմ, որ նա մոտ 80% ձայն էր ստացել»։

Ինչեւէ։ Ուսանողներից մեկը վերջում դժգոհեց, որ այսօր ոչ մի քաղաքական գործիչ կամ կուսակցություն երիտասարդների հետ աշխատանք չի տանում. «Գալիս, հանդիպում, զրուցում են ուսանողների հետ, գեղեցիկ խոսքեր են ասում՝ ոչ ավելին»։ Եվ նրան տեղից մեկ այլ ուսանող լրացրեց. «Օգտագործում են ընտրությունների ժամանակ՝ ընդամենը»։ Սակայն Դավիթ Շահնազարյանը համոզված էր, որ երիտասարդները խնամակալության կարիք չունեն էլ։ «Մի սպասեք, որ ձեզ հետ աշխատեն, դուք մեզ հետ աշխատեք»,- առաջարկեց նա։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031