«Ազատություն»՝ գոչեցին…
Վանաձորի տիկնիկային թատրոնի դահլիճում օրերս բնակչության հետ հանդիպում ունեցավ ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։ Իր ելույթում նա անդրադարձավ ներկա տնտեսական քաղաքականությանը եւ մասնավորապես նշեց. «Ինձ քննադատում էին, թե վատ եմ սեփականաշնորհում, իրենք երեք գործարան սեփականաշնորհեցին, երեքն էլ՝ «սկանդալ»։ Առհասարակ, հռետորը պարբերաբար անդրադառնում էր իր վերաբերյալ տարբեր առիթներով հնչած քննադատությանը եւ, ավելի հաճախ, իր մասին արտահայտվում էր երրորդ դեմքով (օրինակ՝ «Բագրատյանը չի մոգոնել»), կառավարության մասին ասում էր՝ «իրենք»։ Նա վիրավորված էր այն կարծիքից, թե իբր ներկա կառավարողները իր «շարունակությունն» են. «Իրանք ո՞վ են, որ իմ շարունակությունը լինեն»։
Էներգետիկայի նախարարությանը քննադատելով սակագների բարձրացման կապակցությամբ, նշեց, որ այդ ապարատի աշխատողների թիվը երկու անգամ ավելացել է։ Նա նաեւ զարմացած էր, թե ինչո՞ւ Վանաձորի արդյունաբերությունը չի աշխատում։
Ելույթի ընթացքում «Ազատություն» կուսակցության նախագահը նշեց, որ ճիշտ չէ այն կարծիքը, թե իբր ինքը համագործակցում է ԱԺՄ նախագահի հետ։ Նա հայտնեց, որ ԱԺՄ-ն սոցիալիստական կուսակցություն է եւ նույնիսկ՝ «սոցիալիստականից էլ վատ», որը նա որակեց որպես «մարտնչող մատերիալիզմ» ու մասնակիցներին պարզաբանեց. «Դուք նկատե՞լ եք, նրանք մենակ աշխատավարձերի բարձրացումից են խոսում»։
Կարդացեք նաև
Չի կարելի ասել, թե հանդիպման մասնակիցները բացառապես Բագրատյանի համակիրներն էին, քանի որ մի քանիսը դեմ առ դեմ համարձակություն ունեցան քննադատել։ Կային նաեւ կամացուկ դժգոհողներ։ Օրինակ՝ հռետորի այն հայտարարությունից հետո, թե բնակչությանը տրվող էներգիան ավելացվեց իր վարչապետության օրոք (երբ երկժամյա գրաֆիկը հանվեց)՝ մի մասնակից դիմելով զրուցակցին նկատեց, թե «կոմունիստների տված լույսը իրենք կտրեցին, հիմի էլ ասում են թե՝ մենք ենք տվել»։ Նաեւ եղավ մի պահ, երբ հարց տվողների մեջ դժգոհ նոտաներն սկսեցին ավելանալ, եւ այստեղ միջոցառման կազմակերպիչներից մեկը ճիշտ ժամանակին որոշեց «քաղցրությամբ» բաժանվել եւ ամփոփելով նշեց, թե «միջոցառումը կարելի է համարել «կայացած» (անշուշտ, չմոռանալով շնորհակալություն հայտնել «Ազատություն» կուսակցության նախագահին՝ մասնակիցների անունից)։
«Մենք այն ենք, ինչ որ կանք»
Քաղաքական աշունը Վանաձորում եզրափակվեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ (երաժշտական ուսումնարանի դահլիճում) բնակչության հանդիպումով։ «Որքան ինձ հայտնի է, ընտրությունների ժամանակ ձեզ համար ամենամեծ հեղինակությունը Դեմիրճյանն էր»,- ոչ այն է՝ հիշեցրեց, ոչ այն է՝ հիշատակեց ԱԺՄ նախագահը։ Նա խոսեց գրեթե բոլոր բնագավառներից։ Տնտեսական թեմայի ժամանակ նշեց, որ «Մենք պետք է գործենք ոչ թե Համաշխարհային բանկի թելադրանքով», այլ՝ օրինակ վերցնենք առանց ՀԲ-ի օգնության զարգացող երկրներից (բերվեց Մալայզիայի օրինակը)։ «Համաշխարհային բանկը ասում է՝ ի՞նչ պետք է որ ունենաք Մերգելյան ինստիտուտ, ավելի լավ է պոմիդոր աճեցնեք, իսկ կոմպյուտերը Ճապոնիայում էլ կսարքեն»,- քննադատեց Վազգեն Մանուկյանը։ Նա նաեւ նշեց, որ «արդյունաբերության սեփականաշնորհումը կործանեց երկիրը», ու պարզաբանեց. «Այնպես էին սեփականաշնորհում, որ գործարանները արհեստականորեն վատ էին աշխատում։ Չնչին արժեքով, վաուչերներով տալիս էին իրենց բարեկամին, իսկ այդ մարդը հաստոցները վաճառելով՝ հարստանում էր»։ Իբրեւ երկիրը արդյունաբերական ճգնաժամից դուրս բերելու միջոց, նա առաջնահերթ խնդիր համարեց «հոգեբանական, քաղաքական, իրավական վիճակի բարելավումը»։
Հանդիպման ընթացքում հանդիսականները գրավոր հարցեր ուղղեցին ԱԺՄ նախագահին։ Այն հարցին, թե ի՞նչ կլինի, եթե կոմունիստները գան՝ պատասխանեց, որ «Իրանք միայն բլոկով կարող են գալ» (որը պարզաբանեց որպես ԱՊՀ այլ երկրների կոմունիստների հետ համագործակցություն)։ Չգիտես հուսադրելո՞ւ, թե՞ չհիասթափեցնելու (կոմունիստներից) նպատակով նա նաեւ նշեց. «Կոմունիստական կուսակցությունը էլ առաջվանը չէ, ավելի հայրենասիրական մոտեցումներ ունի» ու ավելացրեց. «Ամեն դեպքում նախկինը չի վերականգնվի»։
«Առավոտի» թղթակցի գրավոր ուղարկած այն հարցին, թե «Նախորդ օրվա քաղաքական հանդիպման ժամանակ Հրանտ Բագրատյանը ԱԺՄ-ն անվանել է սոցիալիստական կուսակցություն. ձեր կարծիքը», պատասխանեց. «Ում ինչ դուր չի գալիս՝ կպցնում են մեզ», ու նշեց, թե տարբեր կուսակցություններից ամեն մեկը քաղաքական ինչ որակավորում է տալիս իրենց եւ ավելացրեց. «Իրականում մենք այն ենք, ինչ որ կանք»։
Չնայած հանդիպումն անցավ գործունյա մթնոլորտում, եւ նույնիսկ պաշտոնական ավարտից հետո հարցուպատասխանն արդեն բանավեճի տեսքով փոխադրվեց նախասրահ՝ հանդիսականներից մի քանիսին անհասկանալի մնաց այն, որ «ընտրություն չի, բան չի», բայց քաղաքական գործիչը եկել է իրենց հանդիպելու։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ