Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՑԱԽԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ

Դեկտեմբեր 03,1998 00:00
Hovhannes igityan

Դեկտեմբերի 2-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանը մամլո ասուլիս էր հրավիրել, որին, լրագրողներից բացի, ներկա էին նաեւ Ազգային ժողովի մի խումբ աշխատակիցներ՝ խոսնակ Խոսրով Հարությունյանի խորհրդականը եւ հիմնականում ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության աշխատակիցներ։ Ինչո՞վ է դա պայմանավորված եւ որքանո՞վ է բնական։

Այս հարցերը, բնական է, որ առաջին հերթին ուղղեցինք ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության պետ Շմավոն Շահբազյանին։ Իսկ նա ասաց. «Բնական է, որ արտաքին հարաբերությունների վարչության աշխատակիցները մեծ հետաքրքրություն ցուցաբերեն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի մամլո ասուլիսի նկատմամբ։ Նույնիսկ զարմանալի կլիներ, որ նրանք ներկա չլինեին»։

Այս հարցի շուրջ՝ այսքանը, իսկ հիմա անցնենք Հովհաննես Իգիթյանի մամլո ասուլիսի բովանդակությանը։ Նա իր խոսքը բաժանեց երեք թեմայի։ Նախ՝ պարոն Իգիթյանը հարկ համարեց անդրադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկություններին, փաստաթղթի շուրջ եղած վիճակը համարելով չափից դուրս կոնֆիդենցիալ։ Այդուհանդերձ, Հովհաննես Իգիթյանը դրսի աղբյուրներից տեղեկություններ ստացել է, ու հենց այդ հիմքով էլ այն կարծիքին է, որ ԼՂՀ հիմնահարցը որեւէ մեկի մենաշնորհը չէ, այդ թվում՝ եւ Ռոբերտ Քոչարյանի։ Միով բանիվ, տարբեր աղբյուրներից ստացված համարյա նույնատիպ տեղեկությունները համադրելով, Հովհաննես Իգիթյանը եկել է այն եզրակացության, որ ըստ էության Լեռնային Ղարաբաղին միայն լայն ավտոնոմիա է առաջարկվում Ադրբեջանի կազմում, ինչի մասին առաջին անգամ Հեյդար Ալիեւն է հայտարարել։ Ադրբեջանի չհամաձայնելը, ըստ էության, իր իսկ կոնցեպցիայով առաջարկված փաստաթղթին, Հովհաննես Իգիթյանը բացատրեց Ալիեւի՝ խաղ անելու ցանկությամբ։ Միջազգային հանրությունը միանգամայն ընդունելի է համարում, որ եթե մի անգամ Հայաստանն է մերժել փաստաթուղթը, մյուս անգամ էլ Ադրբեջանը մերժի։ Համենայնդեպս, Հովհաննես Իգիթյանը նման տեսակետ հայտնեց, զուգահեռաբար փաստելով, որ Ադրբեջանը ձգտում է փուլային տարբերակի։

Այդ պետությունը էլի է ձգտելու ամրագրել լիսաբոնյան սկզբունքները, սակայն հայկական կողմը Օսլոյում պետք է ջանա, որպեսզի հնարավորինս փոքրացվի Հայաստանի դերը եւ մեծացվի ԼՂՀ դերը բանակցային գործընթացում։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն անդրադարձավ նաեւ Եվրոպայի խորհրդի շրջանակներում Հայաստանին վերաբերող վերջին զարգացումներին։ Մեր հանրապետություն էր ժամանել ԵԽ ԽՎ կանոնակարգի հանձնաժողովի ներկայացուցիչ Մագնուսոնը, որի հետ զրույցում վերջինիս ասվել է՝ ավելի ճիշտ կլինի, որպեսզի խմբակցություններն իրենք որոշեն, թե ովքեր են անդամագրվելու Ստրասբուրգ մեկնելիք խորհրդարանական պատվիրակությանը։ Հովհաննես Իգիթյանը, համաձայնելով հանդերձ «Առավոտի» դիտարկմանը, որ իր այդ պահանջը հակասության մեջ է ԱԺ կանոնակարգի հետ, ուր ասված է, թե պատվիրակությունը կազմավորում է ԱԺ նախագահը, միաժամանակ վերապահ տեսակետ արտահայտեց՝ եթե որեւէ կազմակերպության խաղի կանոններն ընդունում ես, հենց դրանցով էլ պետք է առաջնորդվես։ Իսկ Եվրոպայի խորհրդի ԽՎ կանոնակարգը պահանջում է, որ պատվիրակության կազմը արտահայտի քաղաքական ուժերի դասավորությունը տվյալ երկրի խորհրդարանում։

Եվրոպայի խորհրդի շրջանակներում նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել նաեւ բուդապեշտյան հանդիպումը՝ նվիրված ԼՂՀ հիմնահարցի շուրջ լսումներ անցկացնելուն։ Այնտեղ ելույթ է ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչ Նագիեւը, որի խոսքից վերջապես պարզ է դարձել, թե ինչ է ուզում Ադրբեջանը։ Եթե ճիշտ եմ ընկալել Հովհաննես Իգիթյանի խոսքը, ապա Ադրբեջանը հակասական պահանջներ է առաջ քաշել՝ մեկ պնդելով, որ ԼՂՀ պատվիրակության կազմում նաեւ ադբեջանական համայնքի ներկայացուցիչներ լինեն, մեկ էլ թե՝ Ադրբեջանի պատվիրակության կազմում ընդգրկված լինի նաեւ Ղարաբաղի փախստականների ներկայացուցիչը։ Փաստորեն հնգակողմ այս ֆորմատի առաջադրմամբ է հանդես եկել Ադրբեջանի ներկայացուցիչը, իսկ ԵԽ ԽՎ քաղաքական հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանն այդ նիստին չի մասնակցել։

Իր խոսքի ավարտին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը խոսեց ընտրական օրենսգրքի ունենալիք հնարավոր հետեւանքների մասին, այդ շրջանակում արձանագրելով, որ Հայաստանի իմիջի գրեթե բոլոր բացասական դաշտերը գոյացել են ընտրությունների նկատմամբ եղած անբարենպաստ արձագանքների արդյունքում։ «Չեմ բացառում, որ եթե թվաբանական հնարավորություններ գործի դրվեն եւ ոչ թե քաղաքական մոտեցումներ, քաղաքական հիմնական ուժերը շատ խիստ քայլերի դիմեն, ինչը միջազգային մեծ արձագանք կառաջացնի»։ Մի խոսքով, Հովհաննես Իգիթյանի կարծիքով՝ Արցախը փրկելու լավագույն ձեւերից մեկն էլ լավ ընտրական օրենսգիրք ունենալն է։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031