Թեպետ նախապես հայտարարվել էր, որ դեկտեմբերի 1-ից կսկսվի ջեռուցման սեզոնը, բայց արի ու տես, որ երրորդ օրն է՝ չեն ջեռուցվում Հարավ-արեւմտյան գիգանտ թաղամասի բնակարանները։ Այդ հիմքով էլ «Առավոտը» հարց ուղղեց Մալաթիա-Սեբաստիայի համայնքապետ Վահան Զատիկյանին։
– Ձեր աշխատանքում որքա՞ն եք թերացել, որ ջեռուցումը չկարողացաք հասցնել ժամանակին։
– Ասեմ, որ ջեռուցման ամբողջ համակարգը պատրաստ է։ Թեկուզ այսօրվանից այն կարող ենք գործի գցել։ Այս հարցում դեր է խաղում եղանակը։ Օգտվելով դրա՝ համեմատաբար տաք լինելու հանգամանքից, ու որպեսզի վճարման հարցում էլ որոշակի թեթեւացնենք ժողովրդի վիճակը, որոշեցինք շարժվել եղանակին համընթաց։ Համակարգը պատրաստ է եւ կմիացվի երբ մի քիչ ավելի ցրտի։ Ջեռուցման ուշացումը զուտ խնայողության խնդիրների հետ է կապված՝ գազը քիչ ծախսվի եւ այլն։
– Դուք մտածում եք պետական խնայողության մասին, բայց միեւնույն է՝ բնակչից գանձելու եք ամբողջ տարվա համար նախատեսված գումարը։
Կարդացեք նաև
– Այդ հարցերը շաղկապված են՝ մեկը մյուսին։ Եթե քիչ գազ ու քիչ էներգիա ծախսվի, բնակիչն ավելի քիչ կվճարի։ Առաջին հերթին մենք հենց բնակչի շահերն ենք հաշվի առնում։
– Պարոն Զատիկյան, մեկ հարց էլ։ Երբ աշնանը «Հայաստան» կինոթատրոնի շրջակայքում հարդարման աշխատանքներ կատարվեցին, ինչը բնակչությունը դրականորեն ընդունեց, հայտարարեցիք նաեւ, թե տեղադրելու եք Զորավար Անդրանիկի արձանը։ Պարզվում է, որ ընդամենը տպավորություն էիք ուզում ստեղծել…
– Աշխատանքներն սկսված են։ Այդ տարածք այցելող յուրաքանչյուր ոք կարող է տեսնել, թե ինչ մեծ ծավալի աշխատանք է կատարված։ Մոտ ժամանակներս դրանք կհասցվեն ավարտին, իսկ Զորավար Անդրանիկի ծննդյան օրը՝ փետրվարի 25-ին, ամբողջ համալիրը պատրաստ կլինի, Անդրանիկի արձանն էլ տեղադրված։ Սրանք զուտ բառեր չեն, այլ կատարված աշխատանքի արդյունքում ասվող խոսք։
Ա. Զ.