Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԾԽՈՒՄ ԷՐ ԱՐԱՐԱՏԸ, ԾԽՈՒՄ ԷՐ ԴՎԻՆԸ

Դեկտեմբեր 03,1998 00:00
Ararat Gomcyan

Քանի դեռ Արարատ Դվինի Գոմցյանը մարզպետ է՝ Շիրակում երկրաշարժը կշարունակվի

Արարատ Գոմցյանի հեռախոսային զանգին ավտոմատը պատասխանում է. «Բաժանորդն անհասանելի է, խնդրում ենք զանգահարել ավելի ուշ»։ Ավտոմատին պրն Գոմցյանը խնդրում է. «Աղջիկ ջան, ասա մարզպետ Գոմցյանն է, ուշ չեմ կարող զանգել»։

Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը մարզպետների հետ հանդիպումների շարքը սկսեց Արարատ Գոմցյանով, քանի որ «առջեւում դեկտեմբերի 7-ն է»։ Չնայած նման լուրջ ուշադրությանը, հյուրը 20 րոպե ուշացավ եւ եւս 20 րոպե խոսեց պատմաաշխարհագրական թեմաներով։ Ըստ պրն Գոմցյանի, Գյումրիում վերջին 10 տարիների ընթացքում շահագործման է հանձնվել 9 հազար բնակարան եւ եւս 14 հազար բնակարան պետք է կառուցվի։ 60 կառուցվելիք դպրոցներից շահագործման են հանձնվել 23-ը, իսկ 14-ի շինարարությունը դեռ շարունակվում է։ Իբր թե այս ոլորտներում հաջողություններն այնքան մեծ են, դեռ պրն Գոմցյանն էլ բողոքեց, որ վիճակը շատ ծանր է արդյունաբերության մեջ։ Գյումրիում գործազրկության ցուցանիշը 3 անգամ գերազանցում է հանրապետականի միջինին։ Այս ֆոնի վրա, որպես խոշոր ձեռքբերում նշվեց 1990 թվականից շարունակվող կենտրոնացված ջեռուցումը, երբ 1 քմ-ի վարձը 1200 դրամ է։

Ռոբերտ Քոչարյանի կողմից խնդիր է դրվել առաջիկա երեք տարիների ընթացքում վերջնականապես ավարտել աղետի գոտու վերականգնումը։ Պրն Գոմցյանն այս խնդրի իրականացումը համարում է միանգամայն իրական, չնայած 1988-ից ծախսվել են հարյուր միլիոնավոր դոլարներ, սակայն, ըստ էության, չի վերակառուցվել նույնիսկ կեսը։ «Աղետի գոտու վերջնական վերականգնումն ավարտելու համար անհրաժեշտ է 150 մլն դոլար»,- պատասխանեց մեր հարցին Արարատ Գոմցյանը։ Սակայն, մինչ այդ, նա նշել էր, որ այս տարի բյուջեով հատկացվել է 1,5 մլրդ դրամ (3 մլն դոլար)։ Ամենապարզ թվաբանական հաշվարկը ցույց է տալիս, որ այս տեմպերով աղետի գոտին կվերականգնվի ոչ թե 3, այլ 50 տարում։ Եթե նկատի ունենանք, որ, ամենահամեստ հաշվարկներով, բյուջետային հատկացումների կեսն էլ օգտագործվում է անձնական նպատակներով, ապա ստացվում է, որ 1988 թ. վիճակին կարելի է հասնել 2098 թվականին։

«Իմ մարդկային պարտքն եմ համարում շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք իրենց նյութական աջակցությամբ նպաստեցին աղետի գոտու վերականգնմանը»,- ասաց պրն Գոմցյանը։ Այս շնորհակալությունը պետք է հասկանալ ուղղակի, քանի որ այդ օգնությունը նպաստել է մարդկանց որոշակի խմբի հարստացմանը։ Այնպես որ պատահական չէր պրն Գոմցյանի հաջորդ միտքը, թե «հույս ունենք, որ առաջիկա 3-4 տարիների ընթացքում այդ օգնությունը կշարունակվի»։ Սակայն նման սին հույսեր փայփայելը, կարծում ենք, անտեղի է, քանի որ, ըստ նույն մարզպետի, միջազգային կազմակերպությունների կողմից աղետի գոտուն հատկացվող օգնությունը տարեցտարի նվազում է։

Որպես կարեւոր ձեռքբերում նշվեց Ռուսաստանից աղետի գոտի վերադարձողների թվի աճը։ Այսպես՝ ըստ մարզպետի, թիվ 23 դպրոցում այս տարի 1-10-րդ դասարաններում ավելացել է 230 աշակերտ։ Սրա համար չի կարելի ուրախանալ, քանի որ հենց նույն մարզպետը դա բացատրում է Ռուսաստանի տնտեսական ճգնաժամով, իսկ այդ մարդիկ եկել են համալրելու աղետի գոտու գործազուրկների թիվը։ Կարեւոր ձեռքբերում է նաեւ, որ վերջին 3 տարիների ընթացքում մարզը կատարել է զորակոչի պլանը։ Ավելացել են թոքախտի, սրտանոթային, շաքարախտի հետ կապված հիվանդությունները։ Կա նաեւ միջազգային ձեռքբերում. «Գյումրիի երկրաշարժն իր կենդանի զոհերով պալիգոն հանդիսացավ աշխարհի երկրների համար այս բնագավառում փորձ ձեռք բերելու համար»,- հպարտորեն հայտարարեց պրն Գոմցյանը։ Իսկ մի այլ առիթով ավելացրեց, որ հիվանդությունների նման տարածվածությունն ու բազմաքանակությունը լավ դաշտ է բազմաբնույթ ուսումնասիրություններ անցկացնելու համար։ Մարզպետը տեղեկացրեց, որ այդպիսիք արդեն սկսվել են իրականացվել։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031