Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԻ ԴԻՄԵԼ ՀՀԿ

Դեկտեմբեր 03,1998 00:00
Andranik Margaryan

Քաղաքական շաբաթը, որքան էլ տարօրինակ է, սկսվել է մամուլի աչքից վրիպած մի իրադարձությամբ։ Արտասահմանից վերադառնալուց հետո պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը ներկա է եղել «Երկրապահ» պատգամավորական խմբի նիստին, որի մասին հակասական տեղեկատվություն է մտել շրջանառության մեջ։ Իրականությանը մոտ պատկեր ստանալու համար դիմեցինք Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանին։

– Բացի Ալբերտ Բազեյանի ընտրության հարցից, ի՞նչ խնդիրներ եք քննարկել խմբի ժողովում։

– Մեր մոտեցումներն ենք ճշտել արտահերթ նիստում քննարկվելիք հարցերի նկատմամբ, որի հիմնական մասը վերաբերել է բյուջեի ընդունմանը։ Հստակեցվել են այն հարցերն ու խնդիրները, որոնք «Երկրապահի» անդամների մոտ հարցադրումներ էին առաջացրել ու որոնց շուրջ նպատակահարմար համարվեց վերջին անգամ բանակցել կառավարության հետ։

– Իսկ ի՞նչ է, Վազգեն Սարգսյանի ելույթում խոսք չի՞ եղել քաղաքական մյուս ուժերի հետ հնարավոր շփումների մասին։

– Հատուկ այդպիսի թեմա չենք արծարծել, թեպետ հարկ է նկատի առնել այն հանգամանքը, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ կարող է շփումներ ունենալ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Դա բնական է։ Բացառիկ, կամ այսպես ասենք՝ շեղվող երեւույթ չեմ համարում Ձեր ակնարկած այն իրողությունը, որ Վազգեն Սարգսյանը քաղաքական շփումներ է ունեցել այլ ուժերի ներկայացուցիչների հետ։ Ցանկացած քաղաքական ուժի ներկայացուցիչ իր գործունեության մեջ նման պրակտիկա պետք է ունենա։ Մեր կարծիքով, Հայաստանում չկան միմյանց թշնամի քաղաքական ուժեր, կուսակցություններ, ու եթե պետության առջեւ ծառացած խնդիր կա, պետք է անպայմանորեն շփման եզրեր լինեն, որպեսզի հնարավոր լինի մյուս ուժերի հետ միասին ընդհանուր հայտարարի գալը։

– Իսկ ճի՞շտ է, որ հիմնականում շփումները ՀՅԴ-ի եւ Կարեն Դեմիրճյանի հետ են եղել։

– Ես այդ կուսակցություններին չէի առանձնացնի։ Մեր խորհրդակցության ժամանակ ընդհանրապես քաղաքական շփումների անհրաժեշտության մասին է խոսք եղել։

– Պարոն Մարգարյան, լուրեր կան, թե Արմեն Դարբինյանը դիմում է գրել Հանրապետական կուսակցության անդամ դառնալու համար։ Եթե դա դեռ գաղտնիք չէ, խնդրում եմ ներկայացնեք իրականությունը։

– Ես այդպիսի դիմում չեմ ստացել, կուսակցությունն այդպիսի դիմում չի ստացել, բայց, միանշանակ պետք է ասեմ, որ Արմեն Դարբինյանը քաղաքական այն թիմում է, որի շրջանակներում էլ Հանրապետական կուսակցությունն է գործում։ Այսինքն՝ բոլոր դեպքերում, մենք գաղափարակիցներ ենք, որովհետեւ պաշտպանում ենք նախագահի քաղաքական գիծը։ Նորից կրկնեմ, որ Արմեն Դարբինյանը կուսակցությանն անդամագրվելու որեւէ դիմում չի տվել։

– Դուք էլ եք համարում, որ նա գաղափարական աճ է տվել վերջերս, ինչպես Արմեն Դարբինյանի մասին արտահայտվեց Վազգեն Սարգսյանը։

– Իմ կարծիքով, պաշտպանության նախարարի այդ խոսքը Դուք կտրում եք ընդհանուր կոնտեքստից, ինչը դրանից միանգամայն այլ իմաստ է ձեռք բերում։ Ես այնպես եմ հասկացել, որ ոչ թե գաղափարական աճ է ունեցել վարչապետը, այլ՝ իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել։ Չմոռանանք, որ նա վարչապետ դարձավ այն ժամանակ, երբ արդեն ընդունված էր 1998 թվականի բյուջեն եւ տնտեսության զարգացման որոշակի ուղենիշներ արդեն կային։ Ինքը, բնականաբար, պետք է դրա շարունակողը լիներ։ Տարին վերջանում է, իսկ մյուս տարվա իր գործունեության մեջ վարչապետն ավելի ազատ կարող է լինել։ Բնականաբար, պետք է փոփոխություններ լինեին նրա՝ տարեսկզբի եւ այսօրվա դիրքորոշումների միջեւ։ Դա ոչ թե գաղափարական աճի հետեւանքով է, այլ իրավիճակով պայմանավորված։

– Պարոն Մարգարյան, ես չգիտեմ, թե Դուք ինչպե՞ս եք ընկալել Վազգեն Սարգսյանի ասածը, բայց նա ուղղակիորեն է ասել՝ լավ է, որ Արմեն Դարբինյանը գաղափարական աճ է տվել։

– Չեմ կարծում, թե պետք է շեշտադրել միայն այդ նախադասությունը։ Տվյալ դեպքում, պետք է խոսել ամբողջ գործընթացի մասին, ինչն իր խոսքում վեր է հանել նախարարը։

– Իսկ Դուք ժխտո՞ւմ եք նախարարի տեսակետը, թե վարչապետը գաղափարական աճ է տվել։

– Ճիշտն ասած, ես վարչապետի հետ նախկինում չեմ շփվել ու չեմ կարող գնահատել նրա գաղափարական վիճակը։ Քաղաքական առումով կարող եմ ասել, որ նա վարչապետի պաշտոնը ստանձնել է քաղաքական մեր թիմի շրջանակներում։ Նրա գործողությունների եւ ՀՀԿ-ի միջեւ ես որեւէ հակասություն չեմ տեսնում։ Հաջորդ բյուջետային տարում, կարծում եմ, նա ավելի շատ գաղափարական քայլեր կանի, որոնք ավելի շատ կհամապատասխանեն ՀՀ նախագահի նախընտրական ծրագրին։ Այնքանով, որքանով այս տարվա բյուջեն չէր համապատասխանում նախընտրական խոստումներին, այդքանով էլ այլ են եղել կառավարության գործողությունները։

Զրույցը վարեց ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031