Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՍՏՐՈՊՈՎԻՉ

Դեկտեմբեր 02,1998 00:00
Rostropovich

«Հայլուր»- Ռուսաստան վերադարձավ ռուսական էմիգրանտության նահապետը՝ Ալեքսանդր Սոլժենիցինը։ Ինչո՞ւ Ռուսաստան չի վերադառնում Ռոստրոպովիչը։

-Գիտեք, հոգեպես ես երբեք Ռուսաստանից բաժանված չեմ եղել։ Անգամ, երբ ինձ եւ իմ սիրելիներին քաղաքացիությունից զրկեցին, երբ ինձ արտաքսեցին Ռուսաստանից՝ ես չարություն չունեի Ռուսաստանի հանդեպ, քանզի գիտեի, որ սա քաղաքականություն է, սրանք մարդիկ են, որոնք այսօր են ղեկավարում…

Այժմ Պետերբուրգում, Նեւայի ափին, իմ փողերով մի մեծ շինություն եմ գնել, որտեղ տեղավորելու եմ իմ ամբողջ արխիվը։ Դրա մեջ են մտնում Շագալի ինձ նվիրած կտավները, իմ դիմանկարը, որ Սալվադոր Դալիի աշխատանքն է, ինձ ձոնված ձեռագրերի ահռելի մի քանակություն, որոնց մեջ է նաեւ իմ անմոռանալի ընկեր Արամ Խաչատրյանի ձեռագիրը։ Ես թողնում եմ այս ամենը, չնայած կարող էի Շվեյցարիա տանել եւ այլն, քանի որ մինչեւ ուղնուծուծս ռուս եմ։

Ես ռուսական անձնագիր չունեմ՝ զույգ պատճառներով։ Գորբաչովը չեղյալ համարեց ինձ քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ Գերագույն խորհրդի որոշումը, բայց ես անձնագիր չվերցրի։ Պատճառը պարզ էր, երբ մեզ արտաքսեցին Ռուսաստանից՝ արտաքսեցին նաեւ իմ աղջիկներին։ Նրանք գեղեցկությունն ինձնից չեն ժառանգել՝ շատ գեղեցիկ աղջիկներ են։ Եվ ես չէի կարող նրանց «հավատարմության գոտիներ» հագցնել։ Ամուսնացան արտասահմանցիների հետ, 6 թոռ ունեմ։ Այնպես ստացվեց, որ երբ ինձ քաղաքացիությունից զրկեցին՝ աշխարհի շատ երկրներ առաջարկեցին իրենց քաղաքացիությունը, բայց ես չընդունեցի, այլապես այնպես կներկայացվեր, թե Խորհրդային Միությունն իրավունք ուներ ինձ զրկել քաղաքացիությունից։ Նրանք չունեին այդ իրավունքը, ես այնտեղ էի ծնվել եւ ոչ ոք իրավունք չուներ ինձ իմ ծննդավայրից զրկել։ Եվ արտաքսման 16 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում այնքա՜ն ընկերներ ձեռք բերեցի, որոնք օգնեցին ինձ՝ պարզ, շարքային մարդիկ, գրեթե «բոմժեր»-ից սկսած մինչեւ վարչապետներ ու նախագահներ։

Երբ Վաշինգթոնում պայմանագիրս ավարտվեց՝ ԱՄՆ-ի 4 նախագահներ՝ Քարթերը, Բուշը, Ռեյգանը, Քլինթոնը, ինձ նամակներ ուղարկեցին՝ ջերմագին բարեմաղթանքներով։ Ռուսաստանի համար հպարտությամբ կարող եմ հայտարարել, որ 4-ն էլ գրել էին, որ ես նվիրված եմ ոչ միայն երաժշտությանը, այլեւ Միացյալ Նահանգների մշակույթին։ Ես չվերցրի Գորբաչովի առաջարկած անձնագիրը, քանի որ նախ՝ ԱՄՆ-ում թոռներ ունեմ, աղջիկներիցս մեկը ֆրանսիացու հետ է ամուսնացել, մյուսն՝ իտալացու… Եվ ես երախտապարտ եմ աշխարհի բոլոր մարդկանց, որ 16 տարիների ընթացքում ինձ սիրո եւ նվիրվածության զգացողություններ պարգեւեցին։ Այդ պատճառով էլ հնարավոր չհամարեցի նրանց առջեւ դավաճան երեւալ։ Նրանք ինձ համար երկրորդ կյանք ապահովեցին՝ ճիշտ չէր լինի, որ հենց մատով կանչեցին՝ միանգամից հեռանայի։ Այդպես էլ մնացի։

Այժմ գրպանումս անձնագրեր ունեմ, որոնք առանց ազգության են։ Ընկերներս են ինձ անձնագրեր տվել՝ Մոնակոյի արքայազնն իր ընտանիքի 11-րդ անդամի անձնագիր է տվել։ ՄԱԿ-ն ինձ իր դեսպանի անձնագիր է տվել, Շվեյցարիան՝ արտասահմանցու անձնագիր։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031