Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՆՈՐ ՊԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐ

Դեկտեմբեր 02,1998 00:00
Gisherotik

Կրթական համակարգի պատասխանատուների եւ ընդհանրապես պետական բարձրաստիճան այրերի ամենասիրած արդարացումն այն է, որ բազում պրոբլեմներ ունեցող մեր երիտասարդ պետությունը ոչ թե չի ուզում գոնե մի քիչ արժանավայել ֆինանսավորել կրթության ու գիտության համակարգերը, այլ չի կարողանում՝ չնայած օրուգիշեր քրտնաջան աշխատում են, որ պետական բյուջեն մեծանա։

Ֆինանսավորման տեսակետից, նման պրոբլեմ չունեցող խորհրդային ժամանակների հուշերով ապրողների մեղադրանքներն էլ սովորաբար հակադարձում են այն հիմնավորմամբ, թե այն ժամանակ էլ ոչինչ ժամանակի պահանջներին ու կարիքներին համապատասխան չէր պլանավորվում (կարծես թե հիմա այդպես է), պետությունը փող ուներ ու ծախսում էր առանց որակական ցուցանիշները կարեւորելու։

Մի խոսքով, ժողովրդական իմաստնությունը՝ եղունգ ունես՝ գլուխդ քորի, պետական քաղաքականության հիմքում դրած պաշտոնյաներն ավելի քաղաքակիրթ ձեւակերպմամբ պարտադրում են, թե շուկայական հարաբերությունների պայմաններում դո՛ւք պետք է ինքնաֆինանսավորման հնարավորություներ գտնեք։ Այսինքն, դուք ձեր գլխի ճարի տեսեք, մեր աղքատ բյուջեի սուղ միջոցներին «աչք չգցեք»։ Սակայն թե՛ կրթական, թե՛ գիտական համակարգերը ձեւավորվել են հենց խորհրդային շրջանում եւ այդ ժամանակվա օրենքներով։ Ու բնական է, որ դրանք չեն կարող անմիջապես, առանց պետական լիարժեք (ոչ թե ներկայիս՝ կիսատ-պռատ) հովանավորության, շուկայական հարաբերությունների օրենքներով գործել։ Ավելին՝ անցումային այս փուլում եղածն էլ քայքայվում կամ խեղաթյուրվում է։

Հայաստանում կրթության բնագավառի կարեւորագույն օղակներից մեկի՝ գիշերօթիկ հաստատությունների համակարգն այդ առումով հրատապ բարեփոխումների կարիք ունի։ Կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների ուսուցման, դաստիարակության, բնականոն զարգացման եւ սոցիալական ինտեգրացման խնդիրներն այսօր իրականացվում են հին մեթոդներով ու նոր «հնարավորություններով»։ Մինչդեռ զարգացած երկրներն այդ հարցերում զգալիորեն առաջ են անցել՝ վերանայելով շատ սկզբունքներ ու մոտեցումներ։ Խնդիրը միայն մանկավարժական նոր մեթոդների եւ այս ոլորտում ձեռք բերած նվաճումների մասին չէ, այլ զուտ այդ ցանցի պահպանման եւ բարեփոխման համար անհրաժեշտ ուղիների։

Ծախսերի տեսանկյունից գիշերօթիկ հաստատությունները մեծ ֆինանսական ներդրումներ պահանջող հաստատություններ են. հանրակրթական դպրոցների համեմատությամբ դրանցում մեկ երեխայի հաշվով մոտ տասը անգամ ավելի շատ միջոցներ են անհրաժեշտ։ Իսկ սոցիալապես անապահով ընտանիքների աճը բերել է նաեւ նրանց համար նախատեսված գիշերօթիկ դպրոցների պահանջարկի մեծացման։ Մարդասիրական տարատեսակ օգնություններից օգտվող եւ հիմնականում հենց դրանց հաշվին գոյատեւող գիշերօթիկները պարզապես դարձել են սոցիալապես անապահով երեխաների ապաստարան։ Գիշերօթիկ հաստատությունների ընդունելության կարգի եւ չափանիշների անկատարության, նախկին մեխանիզմների անգործության պայմաններում լուրջ պրոբլեմներ են ստեղծվել նաեւ մյուս տիպի գիշերօթիկների համալրման հարցում։

Հայաստանում այսօր գործում են չորս տիպի գիշերօթիկ հաստատություններ՝ հատուկ, առողջարանային, սոցիալապես անապահով երեխաների եւ առանձին առարկաների խորացված ուսուցմամբ։ Դրանցից յուրաքանչյուրն առանձին անդրադարձի կարիք ունի, ինչն էլ կփորձենք անել հետագա հրապարակումներով՝ ճշտելով նաեւ պետական մարմինների ծրագրերն այս հարցերում։ Կրթության եւ գիտության նախարարության հատուկ կրթության վարչությունը մշակում է այս համակարգի բարեփոխման ռազմավարության ծրագիրը։ Մինչ առաջիկայում այդ ծրագրին անդրադառնալը՝ դրա համար հիմք հանդիսացած ուսումնասիրությունից որոշ մանրամասներ ներկայացնենք, որոնք քիչ թե շատ պատկերացում են տալիս այն իրականության մասին, որում հայտնվել են այսօր գիշերօթիկները։

Հատուկ գիշերօթիկ դպրոցներում, որոնք նախատեսված են մտավոր կամ ֆիզիկական զարգացման արատներով, ինչպես նաեւ վարքի շեղումներով երեխաների համար, պետք է իրականացվի 15 տիպի հատուկ կրթություն։ Սակայն դա ապահովելու համար ո՛չ մեթոդական, ո՛չ էլ կադրային անհրաժեշտ ներուժ չկա, նոր պահանջներին համապատասխան մասնագետներ չեն պատրաստվում, չեն տպագրվում դասագրքեր ու մեթոդական ուղեցույցներ։ Դրա հետեւանքով հաճախ հատուկ կրթությանը ձեւական մոտեցում է ցուցաբերվում՝ հանգեցնելով նաեւ սակավ միջոցների չարդարացված վատնման։ Որոշ հատուկ դպրոցներ միակն են ողջ հանրապետությունում, ասենք՝ խուլ, թույլ լսող եւ ուշ խլացած, կույր եւ թույլ տեսնող երեխաների եւ հատուկ դաստիարակչական գիշերօթիկները։

Եթե խորհրդային տարիներին մեծ դժվարություն չէր ներկայացնում հեռավոր շրջաններից երեխաների տեղափոխումը դպրոց, ապա այսօր շատ ընտանիքներ պարզապես չունեն նման հնարավորություն։ Եվ հատուկ կրթության ենթակա շատ երեխաներ դուրս են մնում հատուկ, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ ընդհանուր կրթության համակարգից, իսկ հատուկ դպրոցները գործում են թերբեռնված կամ համալրվում են իրենց տիպին չհամապատասխանող աշակերտական համակազմով։ Մասնագետների կարծիքով, գիշերօթիկ հաստատություններում երեխաների թվի նկատվող աճը պայմանավորված է նաեւ կրթության համակարգում հատուկ մանկավարժական, սոցիալական եւ այլ ծառայությունների կենտրոնացվածությամբ։ Նույնիսկ այն դեպքերում, երբ կարելի է համեմատաբար չնչին լրացուցիչ ներդրումների եւ աշխատանքի ճիշտ կազմակերպման հաշվին հատուկ կարիքներով երեխաների կրթությունն իրականացնել մասսայական հանրակրթական դպրոցներում, ծնողները ստիպված են երեխաներին ուղարկել գիշերօթիկ դպրոց՝ չունենալով այլընտրանք։

Գիշերօթիկ դպրոցներում բարձրորակ մանկավարժական կադրերի պակասը եւս լուծում պահանջող կարեւոր պրոբլեմներից է։ Հատուկ դպրոցներում աշխատող մանկավարժների մեծ մասը չունի հատուկ մանկավարժական պատրաստվածություն։ Բացի մանկավարժների պատրաստման խնդրից, կա նաեւ եղածների վերապատրաստման անհրաժեշտություն։ Ընդ որում, որոշ մասնագիտությունների գծով մասնագետների պատրաստումը պետք է իրականացնել մեր հանրապետությունից դուրս, քանի որ մենք նման ուսուցման կենտրոններ չունենք։

Մի խոսքով, պրոբլեմները շատ են, հնարավորությունները՝ քիչ, եւ հիմա գլխավոր խնդիրը եղած հնարավորությունների սահմաններում այդ պրոբլեմները կամ գոնե դրանց մի մասը լուծելն է։ Թե ինչպես են պատկերացնում այս խնդրի լուծումը պատկան մարմինները, դեռեւս կներկայացնենք։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031