Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԻՇԱԲԵՌԸ

Դեկտեմբեր 02,1998 00:00
esh

Տնտեսական համակարգերն ԱՊՀ տարածքում նույնական վիճակում են։ Հետեւաբար, ԱՊՀ երկրներում առանձնահատուկ ուշադրությամբ են հետեւում Ռուսաստանում ընթացող պրոցեսներին։ Ռուսաստանը վերանայում է տնտեսության զարգացման հայեցակարգը։

Պրիմակովի կառավարությունը հրապարակել է իր տնտեսական ծրագիրը։ Միանշանակ նշվում է, որ Ռուսաստանում ավարտվում է շուկայական տնտեսության անկառավարելիության փուլը։ Ռուսաստանում «հանկարծ» զարմացել են, նկատելով, թե տնտեսությունն ինչպիսի հարկային ճիրանների մեջ է եղել։ Նրանց նոր կառավարությունը հայտարարում է հարկերը նվազեցնելու մասին։ Բարձր հարկերն ակնհայտորեն արգելակում են արտադրական համակարգի զարգացումը, նպաստում տնտեսության ստվերային հատվածի ընդլայնմանը։ Այս ընթացքում հրապարակվող թվերի ու փաստերի համադրությամբ նկատելի է դառնում, որ տնտեսական համակարգերն ԱՊՀ տարածքում նմանատիպ են մոդելավորվել։ Հատկապես հարկային համակարգի ձեւավորումը մշտապես համաձայնեցվել է նույն «կենտրոնի» հետ։ Կենտրոնի դերն այս պարագայում կատարել են վարկատու միջազգային կազմակերպությունները։

Ռուսաստանը որպես գերտերություն, միշտ էլ ավելի շատ է հակադրվել նրանց։ Բազում հարկատեսակների, գանձվող վճարների ու տուրքերի գծով Ռուսաստանին հաջողվել է «պահանջվածից» ավելի փոքր չափաբաժիններ սահմանել։ Փորձագիտական տվյալներով, համախառն ներքին արդյունքում հարկերի, տուրքերի չափաբաժինը 40-60 տոկոս է կազմում։ Նշենք, որ նման հաշվարկներ Հայաստանում չեն հրապարակվում։ Ռուսաստանում, օրինակ, ավելացած արժեքի հարկը ճիշտ նույնքան է (կամ էր), որքան Հայաստանում՝ 20 տոկոս։ Պրիմակովի կառավարությունը հայտարարում է, որ եկող տարի այն նվազեցվելու եւ դառնալու է 14 տոկոս։ Նվազեցման տեսանկյունից վերանայվելու են բոլոր մյուս հիմնական հարկատեսակները։ Առաջին հերթին՝ շահութահարկը եւ եկամտահարկը։ Ռուսական թոշակներն ավելի քան 10 անգամ բարձր են Հայաստանում վճարվողներից։ Գործատուները կենսաթոշակային ֆոնդ փոխանցում են աշխատավարձի 17 տոկոսը կազմող գումար։ Նոր կառավարությունն այն մտադիր է բարձրացնել 2 տոկոսով։ Աշխատավարձ ստացողներից 1 տոկոսի փոխարեն ենթադրվում է գանձել 3 տոկոս։ Անգամ վճարումների բարձրացման պարագայում, ռուսաստանյան ցուցանիշները չափազանց փոքր են «հայկականներից»։

Ամսական 7-8 դոլար վճարող կենսաթոշակային ֆոնդը Հայաստանում գործատուներից եւ աշխատավարձ ստացողներից գանձում է 2 անգամ ավելի՝ մոտ 37 տոկոս գումար։ Սահմանված այս բարձր ցուցանիշը գործատուներին պարզապես ստիպում է իրական աշխատավարձերը թաքցնել։ Չհարկվող՝ տնտեսության ստվերային հատվածը, փաստորեն, պարտադրվում է հարկային՝ անիրական բարձր, տոկոսադրույքների պատճառով։ Թերեւս հենց սա է պատճառը, որ ամեն տարի հավաքվող հարկերի ծավալից ավելի արագ աճում են հարկային «պարտքերը»։ Անցած 9 ամիսների ընթացքում ավելացած արժեքի հարկի մուտքերը կազմել են բյուջեով նախատեսվածի 81 տոկոսը։ Ակցիզային հարկի դեպքում ցուցանիշը պարզապես «լացացնող» է՝ կատարվել է տարեկան պլանի 50 տոկոսը։

Մաքսային ու պետական տուրքերը համապատասխանաբար կազմել են 56 եւ 57 տոկոս։ Նման ցածր կատարողական ցուցանիշների կողքին, բնականաբար, աճել են հարկային «պարտքերը»։ Տնտեսության աշխատող հատվածն ի վիճակի չէ վճարել բարձր հարկային «պարտավորությունները»։ 8216Կառավարությունը 9 ամիսների իր հաշվետվության մեջ արձանագրում է. «առանձին հարկատեսակների գծով ընդամենը ապառքները (ներառյալ նախորդ տարվանից պարտքերի մնացորդը) կազմել են 30 մլրդ 745,8 մլն դրամ (ինչը 1.10.97 թ. համեմատ ավելացել է 78,1 տոկոսով)»։ Այսպես, տարեցտարի հարկային պարտքերն աճում են։ Նույն պաշտոնական հաշվետվություններն արձանագրում են, որ հիմնական հարկատեսակների գծով տնտեսավարողները մուծում են մեկ երրորդը։ Գործարարները, փաստորեն, արձանագրված հարկերի մեծ մասը պարտք են մնում, իսկ պաշտոնական հաշվետվությունները «ստիպված» գրանցում են, որ «ապառքները» կազմել են ընդամենը 71,2 տոկոսը…

Սակայն, ի տարբերություն Ռուսաստանի, այսօր Հայաստանում համարյա ոչ ոք չի խոսում հարկային բեռի թեթեւացման անհրաժեշտության մասին։ Հարկային ու սակագնային բեռի տակ կքած արդյունաբերական ու տնտեսական համակարգերը վերջին երկու տարում, փաստորեն, ճգնաժամ են ապրում։ Անգամ ամեն տարի աճ արձանագրող տնտեսական պաշտոնական վիճակագրությունն արտահանումների կրճատում է արձանագրում։ Որքան էլ փորձենք համոզել, որ արտահանվել է ավելի շատ, քան անցած տարի, միեւնույն է՝ արտաքին առեւտրային հաշվեկշիռը բացասական է մոտ 400 մլն դոլարի չափով։

Ռուսաստանում հարկային բեռի թեթեւացման մասին խոսելիս Ե. Պրիմակովը նշեց նաեւ, որ այդ քայլերը կհանգեցնեն էլեկտրաէներգիայի եւ մյուս սակագների նվազեցմանը։ Փաստորեն, Պրիմակովի կառավարությունում ավելի լուրջ վերաբերվեցին Հայաստանի նախագահին կից ՔԽ-ի սոցիալ-տնտեսական հանձնաժողովի այն եզրակացությանը, թե անհրաժեշտ (ե՛ւ հնարավոր) է իջեցնել էլեկտրաէներգիայի սակագները։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031