Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻ ՕՐ ՔԵԶ ԱՆՊԱՏՃԱՌ ԹԱԼԱՆԵԼՈՒ ԵՆ…

Դեկտեմբեր 02,1998 00:00
Sulel

Եթե գերդաստանի հայրը գոնե մի անգամ բռնվել է անառակության մեջ, ապա ընտանեկան հավաքների ժամանակ նա կարող է խոսել ցանկացած սարից ու ձորից, սակայն բարոյականության մասին, եթե գոնե մի փոքր խիղճ ունի, պիտի լռի: Նույնը կարելի է ասել ցանկացած այլ արատի վերաբերյալ: Մնացածները, այսինքն ոչ այդ գերդաստանի անդամները, որ պատահմամբ ներկա են լինում անսպասելի ընթացք ստացած նման հավաքի, իսկույն հասկանում են, թե ինչն ինչոց է եւ իրենց, եթե կիրթ մարդիկ են, պահում են համապատասխան ձեւով: Այլ կերպ ասած, կախվածի տանը պարանից չեն խոսում:

Լինում են դեպքեր, սակայն, երբ օգտվելով ուրիշների տակտից ու նրբանկատությունից, անառակները ոչ միայն բարոյախոսում են, այլեւ սրբի վարք պահանջում շրջապատից: Մեծ երեւակայություն պետք չէ հասկանալու համար, թե ինչ է լինում դրանից հետո…Առավել եւս այն պարագայում, երբ հավաքվածները, մեղմ ասած, նույնպես սուրբ չեն, բայց պատշաճության կանոններից ելնելով գտնում են, որ յուրաքանչյուր, նույնիսկ ամենակատաղի անպատկառություն, իր չափն ու սահմանը պիտի ունենա:

Ակնհայտ է, որ վերջին համարյա տասը տարիների ընթացքում տեղի ունեցած ամենամեծ անպատկառությունը Հայաստանի եւ նրա բնակչության, մեղմ ասած, թշվառացումն էր: Նույնքան ակնհայտ է, որ այդ հանցագործության համար պիտի պատասխան տան նրանք, ովքեր թշվառացման գործընթացի (եթե իմանայիք, թե ինչքան չեմ սիրում այս հորինովի բառը) տարիներին ղեկավարել են երկիրը: Բայց փորձիր նրանցից յուրաքանչյուրին գոնե ակնարկել, որ ինքը, դարձյալ մեղմ ասած, այնքան էլ ճիշտ չէ, եւ ամենակատաղի դիմադրությանը կհանդիպես:

Ես չեմ ուզում ներխուժել քրեական հանցագործությունների ոլորտը, քանզի այստեղ իրոք իրավապահները պիտի ասեն իրենց խոսքը: Բայց հաստատ գիտեմ, օրինակ, որ շատ անօրինականություններ են կատարվել 1995 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ու դրանցից տուժողներից մեկն էլ հենց ինքս եմ եղել: Բայց երբ այսօր փորձում ես այն օրերի հերոսներին նույնիսկ ամենամեղմ ձեւով հարցնել, թե ինչու՞ էին այդքան անպարկեշտ ձեւով պահում իրենց, արդարացումներ լսելու փոխարեն ամենակատաղի հարձակմանն ես ենթարկվում՝ վերջում ընկնելով անխուսափելի հարցի համարյա կացնային հարվածի տակ. իսկ դատավորնե՞րն ովքեր են:

Ընթերցողը երեւի հրաշալի հասկանում է, թե ինչի մասին է խոսքը: Գրիբոյեդովյան հերոսի դասական հարցը հասարակության դեմքին շպրտող նախկինները, դատավոր ասելով, իհարկե, նկատի ունեն ոչ իրենց սնանկացած հայրենակիցներին եւ ոչ էլ, ասենք, դաշնակցության միտինգում մեղադրականներ կարդացողներին: Նրանց համար ամենակարեւոր դատավորը հանրապետության նախագահն է եւ հենց նրա բանջարանոցն են նետվում բոլոր քարերը: Կարո՞ղ է, արդյոք, այս մարդը օբյեկտիվության չափանիշ լինել, երբ ինքը ոչ օբյեկտիվ գործոնների կիրառմամբ է այդ բարձր կոչումի տերը դարձել:

Որքան էլ անձամբ ես ոչ մի համակրանք չտածեմ նախկին իշխանության եւ ոչ մի ներկայացուցչի հանդեպ, ստիպված եմ ընդունել, որ գոնե այս մի հարցում նրանք ճիշտ են: Ոչ մի քայլ չձեռնարկելով նրանց դեմ, անվերջ կուլ տալով վիրավորանքները, որոնք նույնիսկ հասարակ քաղաքացիների շրջանում ընդունված չէ ներել, ժամանակ առ ժամանակ սպառնալով չգիտես թե ում, իսկ հետո դարձյալ անցնելով ընդհատակ, հանրապետության նախագահը, ստացվում է, ինքն էլ ընդունում է իր հասցեին ասածների ճշմարտացիությունը:

Քանի որ վերջին ժամանակներս ընդհանրապես կասկած չի մնացել, որ մենք ապրում ենք աբսուրդի երկրում, բոլորովին չեմ բացառում, որ գիշերն ինձ թալանած եւ չգիտես ինչ հրաշքով բացահայտված ու ձերբակալված ավազակները չեն ասի, որ մի երկրում, ուր մեկը նախագահ ու գլխավոր դատավոր է դարձել բնակավայրից բերված կեղծ տեղեկանքով, թալանի պես աննշան բանը ամենեւին էլ հանցագործություն չէ:

Վերջում, ինչպես միշտ, ստացվեց, որ մենք խոսում ենք ոչ թե քաղաքականությունից, այլ մեր ամենօրյա կենցաղային հոգսերից: Եթե Սարոյանի հերոսը միայն կասկածում էր, թե ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է, ապա մենք հաստատ գիտենք, թե որտեղ է այդ սխալը: Եվ քանի որ անկարող ենք այն ուղղել, ուզած-չուզած պիտի համակերպվենք այն մտքին, որ մի գիշեր մութ փողոցում մեզ անպատճառ անպատիժ ձեւով թալանելու են…

ՆԱՐԵԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031