Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՇՈՈՒՆԵՐ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ

Դեկտեմբեր 02,1998 00:00
Gyumri

Շուտով 10 տարին կլրանա, ինչ ահավոր երկրաշարժը ցնցել է Շիրակի հողը, բազում ավերածություններ առաջացնելով։ Խնդիրը վերջերս նորից մասնակի արծարծման նյութ է դարձել։ Եվ այդ հիմքով էլ փոքրիկ մի զրույց ունեցանք ԱԺ պատգամավոր, անցյալում՝ Շիրակի փոխմարզպետ Պետրոս Մակեյանի հետ։

– Իբրեւ աղետի գոտուց ընտրված պատգամավոր, ինչպես նաեւ այդ տարածքում բնակվող քաղաքացի, համոզված ասում եմ, որ ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս իշխանություններն աղետի գոտին հիշում են միայն ընտրությունից ընտրություն։ Չկա հստակ վերաբերմունք հասարակական պահանջների նկատմամբ։ Բավական է նշել, որ թեկուզ միայն Գյումրի քաղաքում դեռեւս 17 հազար «դոմիկ» է օգտագործվում, իսկ արդյունաբերության մեջ ներդրված յոթ մլն դոլարը որեւէ արդյունք չի տվել։ Մինչդեռ նախատեսվում էր, որ դա տարեկան մինչեւ 11 մլն դոլարի շրջանառու ֆինանսական միջոցներ ունենալու հնարավորություն կտա եւ 3227 աշխատատեղ։ Այսօր ունենք զրոյական արդյունքներ։ Աղետի գոտում այսօր մարդկային հոգեբանությունն ամբողջովին խաթարված է։

Հիմա, երկրաշարժի 10-ամյակի առիթով, փոխանակ հաշվետվություն ներկայացվի, փոխանակ իշխանությունն ասի, թե ինչ է արել կամ որտեղ է թերացել, շոուներ է կազմակերպում։ Լինելով նաեւ օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովի ներկայացուցիչ, վերջերս աղետի գոտու այլ տարածքներում էլ եմ եղել։ Ինձ միայն գոհացնում է Սպիտակի քաղաքապետի դիրքորոշումը, որն իր օրինակով ցույց է տալիս՝ պետական նման վերաբերմունքի դեպքում անգամ, անհատի դերը մեծ է։ Հստակ է մեկ բան. իշխանությունների վերաբերմունքի ցուցիչն աղետի գոտու նկատմամբ հավասար է 2,5 տոկոսի, որովհետեւ հենց այդքան չափաբաժին է ստացված վարկերից ներդրվել աղետի գոտում։ Սպիտակի քաղաքապետը, 1-1,5 տարվա ընթացքում ոչ միայն հասցրել է փոխել հոգեբանությունը քաղաքում, այլեւ չնչին ֆինանսական միջոցներով էական շարժ է կատարել։ Նույնը, ցավոք, Գյումրիի եւ մյուս քաղաքների մասին չեմ կարող ասել։

– Իսկ ի՞նչ է, մարզպետ Գոմցյանի աշխատանքից դժգո՞հ եք։

– Մարզպետ Գոմցյանն այս իշխանության հետ ցանկացած գործ կարող է կատարել՝ որեւէ պրոբլեմ չունի։ Այսօրվա իշխանությունն ու Գոմցյանը նույն խնդրին են հետամուտ՝ շոուներ են կազմակերպում, ինչով փորձում են կերակրել ժողովրդին։ Դա հնարավոր չէ։ Անցյալ տարի ցույց են տվել, թե 68 հազար քմ բնակշահագործման աշխատանքներ են կատարվել, ինչը իրականությանը չի համապատասխանում։ Այն իրականում 48 հազար է։ Այս տարի 62 հազար են նախատեսել՝ իրականում 25 հազար կլինի։ Բացի այդ, մարդիկ չեն բնակվում շահագործման հանձնված բնակարաններում, որովհետեւ դրանք անորակ են։

Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031