Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրաէներգիայի փողը՝ անապահովներից

Դեկտեմբեր 02,1998 00:00
sakagin

Դեկտեմբերի 1-ին խորհրդարանում շարունակվեցին էլեկտրաէներգիայի սակագների վերաբերյալ տեղի ունեցող լսումները։ «Երկրապահ» պատգամավորական խմբի տեսակետը ներկայացրեց Արամազդ Զաքարյանը, որի ելույթից ներկայացնում ենք որոշ հատվածներ։

«Կնշենք մի շարք կարեւոր հիմնախնդիրներ էլեկտրաէներգիայի բնագավառում, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն.

1. Կորուստներ՝ սեպտեմբերի 7-ին կառավարության 555 որոշմամբ արձանագրվել է հետեւյալը՝ համակարգում տեխնոլոգիական թույլատրելի կորուստների առավելագույն նորման հաստատվել է 17,3%։ Դա բավարար չէր եւ անհասկանալի շարժառիթներով, նույն որոշմամբ հաստատվել է նաեւ, այսպես կոչված, գերնորմատիվային կորուստների նորման՝ 16,7%-ի չափով։ Գերնորմատիվային կոչվող կորուստը, ըստ էության, ոչ մի կապ տեխնոլոգիայի հետ չունի եւ ուղղակի հաստատագրում է այդ համակարգում ստվերային երեւույթի՝ իրենց համար անհաղթահարելի թվացող իրավիճակը կամ էլ էներգետիկայի համակարգի անկարողությունն է։ Այսպիսով, ընդհանուր կորուստները կկազմեն 38 մլրդ 420 մլն դրամ, որի 50%-ը բաժին է ընկնում ստվերային կորուստներին։ Ինչ է, մեր ժողովուրդը չունի՞ քամուն տրվող այդ հսկայական միջոցների կարիքը, թե՞ համապատասխան պետական մարմիններն ի վիճակի չեն գնահատելու իրավիճակը եւ կանխելու այն։

2. Մեզ համար խիստ անընդունելի է, երբ գազը մոտ 2000 կմ-ից հասնելով Հայաստանի սահման, 1000 խմ-ի դիմաց արժենում է 53 ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանի տարածքով եւս 150 կմ անցնելուց հետո այդ արժեքը կազմում է 79 դոլար։ Հետաքրքիր է, այդ ի՞նչ արհեստավարժությամբ է այս հաշվարկը եւ վճարումը կատարվում, եւ ո՞ւմ հաշվին, ո՞ւմ գրպանից։

3. Համակարգի պահպանման ծախսերի ընդամենը 2 ուղղությունների մասին՝ ա) էներգետիկ բնագավառում աշխատողների թիվը կազմում է 30 հազար։ Համեմատության համար նշենք, որ հանրապետության բյուջետային համակարգի 290 հազար աշխատողների վարձատրության ֆոնդն ընդամենը 2 անգամ է գերազանցում այդ 30 հազար աշխատողների աշխատավարձի ֆոնդը, բ) սակագնի հաշվարկում ներառված ընդհանուր ծախսերի մեջ միայն վերանորոգման ծախսերը կազմում են շուրջ 10 մլրդ դրամ։ Էլ չենք նշում այդ համակարգում տիրող չափից դուրս շքեղությունները՝ շենքեր, մեքենաներ, բջջային հեռախոսներ, ֆաքսեր եւ այլն։

4. Սակագնի հաշվարկում ներառած ծախսերի մեջ զգալի թիվ է կազմում բաշխիչ ցանցերի համար նախատեսվող 20 մլրդ դրամի հատկացումը. մինչեւ 98 թ. նախատեսված էր 12 մլրդ դրամ, որը մեր տեղեկություններով, մինչեւ տարեվերջ ամբողջությամբ չի իրացվի։ Այս հարցը խիստ անհասկանալի եւ անհանգստացնող է։ Ինչ քաղաքականություն է սա։

5. Ինչ է արվել վճարումների առումով, ինչպես հասկանալ, որ անվճարունակ եւ սոցիալապես անապահով խավերի 90%-ից ավելին վճարում է, իսկ խոշոր սպառողները, այդ թվում նաեւ էլ. էներգիա արտադրող ձեռնարկությունների եւ այդ համակարգի աշխատողների մեծ մասը՝ ոչ։ Փաստացի ստացվում է, որ վարչարարության ամբողջ մեքենան իր հզորությամբ աշխատում է անապահով, անպաշտպան, սոցիալապես անվճարունակ խավերի դեմ։ Ինչ խաղ է սա, եւ ում է ձեռնտու։ Բացի այդ կա եւս մեկ կարեւոր հանգամանք՝ սակագների բարձրացումն իր վտանգավոր ազդեցությունն է ունենում նաեւ տնտեսվարող սուբյեկտների վրա, քանզի այդ բարձրացումն ուղիղ համեմատական կարգով ազդում է մեր տնտեսության մեջ մնացած բոլոր բնագավառների վրա»։

Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031