Այս լրագրողական հարցումը եւ հարցման արդյունքներով արված հետազոտությունը խմբագրություն են ներկայացվել «Երեւանի մշակույթի համալսարանի» ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների «Կամք» ակումբի կողմից։
Մեր կողմից Երեւանի տարբեր մասերում անցկացված լրագրողական հարցմանը մասնակցել է 100 մարդ։ Առաջին` «Ի՞նչ սպասելիքներ ունեք կառավարության կազմի վերջին փոփոխություններից» հարցին, ըստ հարցվածների 13%-ի՞ վիճակը կսկսի լավանալ, 56%-ը կարծում է, որ ոչինչ էլ չի փոխվի, 26%-ի կարծիքով, ավելի կվատանա, իսկ 5%-ը «չի կարողացել պատասխանել»։ Փաստորեն, ստացվում է, որ բնակչության 82%-ը դժգոհ է ներկա կառավարության գործունեությունից, եւ որեւէ ակնկալիքներ չունի։
Ըստ էության, մարդիկ դժգոհ են հատկապես կառավարության սոցիալական քաղաքականությունից, քանի որ յուրաքանչյուր հարցվող «վիճակն ավելի կլավանա» արտահայտությունը կարդալուց հետո, իր պարտքն էր համարում ավելացնել՝ «որ հոսանքը 50 դրամ դարձնեն, շատ ավելի լավ կլինի» կամ՝ «ամեն ինչ արտասահմանցիներին են սեփականաշնորհել, թող մեզ էլ տան արտասահմանցիներին՝ սրանց ձեռքից պրծնենք»։ «Վիճակը կսկսի լավանալ» պատասխանը տալիս էին արտաքնապես սոցիալապես ավելի ապահովները, որոնց համար, կարելի է ենթադրել, որ վիճակն այժմ էլ այնքան էլ վատ չէ։
«Չե՞ք կարծում, որ Հայաստանի վիճակն ավելի լավ կլիներ, եթե կառավարության կազմում ընդգրկված լինեին նաեւ կանայք» հարցին 53%-ը պատասխանել են՝ «այո, կարծում եմ», 41%-ը՝ «ոչ, չեմ կարծում», 6%-ը՝ «չեմ կարող պատասխանել»։
Կարդացեք նաև
Նախագահի պաշտոնակատար Ռոբերտ Քոչարյանը օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում իր նախընտրական հանդիպմանը խոստացավ, որ նոր կառավարության կազմում կլինի 3 կին։ Արմեն Դարբինյանը, ներկայացնելով կառավարության նոր կազմը, խոստացավ, որ մշակույթի նախարարի պաշտոնը կզբաղեցնի կին։
Մեր հարցման արդյունքներով, հատկապես կանանց շրջանում, մեծ ցանկություն կա կառավարության կազմում տեսնել կանանց։ Մեր հարցվածների 41%-ը, որոնք կարծում են, որ վիճակը չի փոխվի, համոզված են, որ այս երկրում ոչ մի լավ բան չի կարող լինել։ Կարծում են, որ ոչինչ եւ նույնիսկ կանայք չեն կարող փոխել իրավիճակը։
«Առավել հայտնի կին գործիչներից ո՞ւմ եք ավելի շատ հավատում եւ համակրում» հարցի հետ ներկայացրել էինք ցուցակ։ Ներկայացնում ենք ցուցակը՝ ըստ ստացած ձայների տոկոսային հարաբերության։
Լյուդմիլա Հարությունյան-19%,
Լյուդմիլա Տեր-Պետրոսյան-11%,
Հերմինե Նաղդալյան-10%,
Ջեմմա Անանյան-8%,
Հրանուշ Հակոբյան-4%,
Աիդա Թոփուզյան-5%,
Նորա Հակոբյան-4%,
Շողեր Մաթեւոսյան-3%,
Ալվարդ Պետրոսյան-2%,
Հրանուշ Խառատյան-2%։
Հարցվածների 31%-ը որեւէ մեկին չէր ճանաչում։ Լյուդմիլա Հարությունյանին ճանաչում էին որպես Գորբաչովի դեմ խոսողի, իսկ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանին, որպես Լեւոն Տեր-Պետրոսյանի կնոջ։
Ա. Բ.