4 ամիս առաջ ԼՂՀ վարչապետ նշանակված Ժիրայր Պողոսյանը ցանկանում է 1997-ի պետբյուջեի կատարման վերաբերյալ ԼՂՀ ԱԺ-ին ոչ թե հաշվետվություն, այլ միայն տեղեկատվություն ներկայացնել։ «Այո՛, ըստ օրենքի պիտի հաշվետվություն լինի, բայց ես ուզում եմ նշել, որ պատասխանատվություն չեմ կրելու նախորդի փոխարեն։ Պատասխանատվություն պիտի կրի նախորդ կառավարությունը՝ անկախ նրանից, թե նրա ղեկավարներն այսօր որտեղ եւ ինչ վիճակում են»,- «Ազատ Արցախ» պաշտոնաթերթում նոյեմբերի 26-ին հրապարակված հարցազրույցում ասել է Ժիրայր Պողոսյանը։
Հավելենք, որ ԼՂՀ կառավարության նոյեմբերի 24-ի նիստում էլ Ժիրայր Պողոսյանը հայտարարել էր, թե ԼՂՀ 1998-ի պետբյուջեի հոդվածները հիմնականում սխալներով եւ անհամամասնություններով են կազմվել։
Ա. Ի.
ՕՐԱԿԱՐԳԻՑ ԴՈՒՐՍ
Կարդացեք նաև
Դեմկուսի երեկվա ժողովի ժամանակ Արամ Սարգսյանը հայ-հայ էր կրկնելու էր իր երբեմնի սխալը։ Այս անգամ էլ էր պրն Սարգսյանը պատրաստվում օգտագործել անպատժելիության կանխավարկած արտահայտությունը, սակայն ճիշտ ժամանակին «թո՜ւ» ասաց եւ ուղղեց՝ անմեղության կանխավարկած։
ՀՀ նախագահի քաղաքական հենարանի մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը դեմկուսի մի անդամ քննարկելիս տարակուսեց, թե ինչպես կարելի է «սեպ խրել» վարչապետի եւ նախագահի միջեւ.
– Ո՞վ է խրում այդ սեպը։ Արանք էլ չկա, որ խրեն։
Ա. Գ.
ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ ՊԵՏԴՈՒՄԱՅՈՒՄ
Դեկտեմբերի 1-ին ՌԴ Պետդումայում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որը նվիրված էր Սպիտակի երկրաշարժի 10-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումներին: Այն կազմակերպել էին ՌԴ Պետդուման եւ Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը: Մամուլի ասուլիսին մասնակցում էին Պետդումայի պատգամավոր Գենադի Բենովը, ԽՍՀՄ վերջին վարչապետ Իվան Սիլաեւը, գեներալ Նիկոլայ Տարականովը, Ռուսաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Գագիկ Վարդանյանը, Սպիտակի շրջկոմի նախկին քարտուղար Նորայր Մուրադյանը:
ԱՐՄԵՆՊՐԵՍ