Հնարավոր չէ ընդունել նախորդ իշխանությունների գործունեության այնպիսի գնահատական, որը, «կբավարարի հասարակության մեծամասնությանը, բոլոր կուսակցություններին»։ Դրա համար էլ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը որոշեց (նախագահ՝ Արամ Սարգսյանի առաջարկությամբ) ընդունել ընդհանուր հայտարարություն եւ նախորդ իշխանությունների օրոք տեղ գտած երեւույթների (պարզ է, բացասական) բացահայտման վերաբերյալ տեղեկանք։
Բացի այդ, պիտի ՀՀ նախագահին առաջարկեն մի հանձնաժողով ստեղծել, որը կհետաքննի այդ երեւույթները եւ վեր կհանի մեղավորներին («Երկու տարի կտեւի»,- տեղից արդարացիորեն նկատեց դեմկուսի մի անդամ)։
Իսկ ընդհանրապես դեմկուսի ժողովի օրակարգի առաջին՝ գնահատականի հարցը, երեկ անընդհատ շեղվում էր հունից, եւ քննարկվում էր ՀՀ նախագահի՝ հեռուստատեսությամբ հեռարձակված հանդիպումը լրագրողների հետ։ Ասենք, որ դեմկուսի անդամների հաշիվների մեջ այնքան էլ չէր մտնում լրագրողների ներկայությունն այս հարցերի քննարկմանը։ Ուղղակի լրատվամիջոցներին զանգող եւ ժողովի մասին տեղյակ պահողը շփոթվել եւ երկրորդ հարցի քննարկման սկզբի մասին հայտնելու փոխարեն առաջինի սկսվելու ժամն էր ասել։
Այնքա՛ն չէր մտնում հաշիվների մեջ, որ մի պահ պրն Սարգսյանը չդիմացավ. «Ցավոք սրտի, լրագրողներն այստեղ են»։ Մենք հավելենք. ցավոք սրտի քննարկումը շատ երկարեց, թե չէ հումորի այնքան գանձեր կմեջբերեինք։ Արամ Սարգսյանը մի քանի անգամ նշեց, որ նախագահի որոշ գնահատականների հետ ինքը համաձայն չէ։
Կարդացեք նաև
Հենց որոշեցին եկող շաբաթ վերջապես հրապարակել իրենց գնահատականը, պարզվեց, որ դեռ որոշ ժամանակ կա մինչեւ երկրորդ հարցի՝ կրթության մասին օրենքի նախագծի, քննարկման սկիզբը։ ՀՀ նախագահի խորհրդական Արամ Սարգսյանը չկորցրեց թանկագին ժամանակը եւ իր կուսակիցներին ծանոթացրեց ՀՀ արտաքին գործերի այժմյան վիճակի մասին։ ԵԱՀԿ համանախագահների վերջին առաջարկությունների շուրջ էլ կարծիքներ հայտնեց՝ չմոռանալով ասել դրանց կոնֆեդերենցիալ լինելու մասին «հերթապահ ֆրազը»։ Ընդհանուր առմամբ եզրակացությունը հետեւյալն էր. եթե դու քեզ տղամարդու պես ես պահում, ուրիշներն էլ քեզ տղամարդու պես կընդունեն։ Կրթության մասին օրենքի նախագծի քննարկմանը հրավիրվել էր նաեւ կրթության եւ գիտության փոխնախարար, նախագծի համահեղինակ Միհրան Ստակյանը։
Համբերությամբ (մե՛նք. Միհրան Ստակյանը ակնհայտ անբարեհաճությամբ եւ մի անգամ էլ նույնիսկ՝ կոպիտ միջամտությամբ) լսեցինք նախագծի վերաբերյալ բավական արդարացի դիտողությունները։ Կետ առ կետ։
Փոխարենը պրն Ստակյանը պատասխանել սկսեց չափից դուրս հեռվից, անորոշ ու ոչ տեղին, ինչն ինքը «մանրամասն» էր կոչում եւ հաճախ ներողություն խնդրում դրա համար։ Իսկ թե «տեղին» հասավ, թե ոչ, 3-ժամյա քննարկմանը ներկա՝ օրաթերթի աշխատակիցն արդեն համբերություն չունեցավ լսելու։
ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ