Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈՅԿՈ՞Տ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԼՂՀ-ԻՆ

Դեկտեմբեր 02,1998 00:00
Zhirayr pogosyan

«Թերեւս քչերը գիտեն, որ Քոչարյանի՝ Հայաստանի նախագահ դառնալուց հետո Արցախի որոշակի առանձնաշնորհյալ դիրքը ոչ թե ընդգծվել, այլ նվազել է։ Խոսքն առավելապես հարցի տնտեսական կողմին է առնչվում։ Հայաստանի օժանդակության մակարդակը՝ նույնիսկ մինչեւ Քոչարյանը եղած մակարդակից իջնելու միտումներ ունի»,- այս մեջբերումը «Ազատ Արցախ» պաշտոնաթերթի նոյեմբերի 12-ի խմբագրականից է։

Իսկ նոյեմբերի 26-ին նույն պաշտոնաթերթում հրապարակվել է ԼՂՀ վարչապետ Ժիրայր Պողոսյանի հարցազրույցը։ Պատասխանելով «Ազատ Արցախի» թղթակցի հարցին, թե ինչ կարող է ասել Հայաստանի մամուլից ստացված այն տեղեկությունների առնչությամբ, որ ՀՀ կառավարության կողմից Ղարաբաղին տրամադրվելիք միջպետական վարկի նվազման միտում կա՝ ԼՂՀ վարչապետն ասել է. «Թվերը դեռեւս քննարկվում են։ Նախնական թիվը, որ ներկայացվել է Հայաստանի Ազգային ժողով՝ չի համապատասխանում այն մեթոդաբանական մոտեցմանը, որով միշտ առաջնորդվում ենք»։

«Ազատություն» ռ/կ-ի հայկական ծառայության Ղարաբաղի թղթակցի նոյեմբերի 28-ի հաղորդման մեջ այս առնչությամբ պարզաբանում կա, որ «անկախության հռչակումից ի վեր, ԼՂՀ տարեկան պետբյուջեի մի զգալի մասը գոյանում էր Հայաստանի կառավարության կողմից տրամադրվող միջպետական վարկի հաշվին։ Տեղական դիտորդները, սակայն, տարակուսանքի մեջ են, թե ինչու են այժմ նման բարդություններ առաջացել։ Արդյոք այս արծարծումներն անուղղակիորեն չե՞ն հավաստում մի տխուր ենթադրություն, թե Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ որոշ սկզբունքային հարցերում տարակարծություններ կան»։ «Ազատության» թղթակիցը, վկայակոչելով Ժիրայր Պողոսյանի՝ վերոհիշյալ հարցազրույցում նկատվող շեշտադրումները, եզրակացնում է. «Դրանք ոչ թե տնտեսական, այլ քաղաքական ազդակներ ունեն»։ Թղթակիցը նաեւ իր տպավորությունն է փոխանցել. «Թվում է, որ Հայաստանի նախագահի այդ անսպասելի քայլը Ղարաբաղում խանդավառության տեղիք չի տվել»։

«Ազատ Արցախ» պաշտոնաթերթին տված հարցազրույցում ԼՂՀ վարչապետը լավատեսություն էր հայտնել. «Քանի որ Հայաստանի Ազգային ժողովը դեռեւս քննարկում է պետական բյուջեն, ապա համապատասխան փոփոխություններ կլինեն»։

Իսկ «Ազատություն» ռ/կ-ի Ղարաբաղի թղթակցի հայտնած մի տեղեկությունը բոլորովին էլ լավատեսության հիմք չի տալիս. «Մայրաքաղաքի եւ հանրապետության շրջանների բյուջետային ոլորտի հարյուրավոր ծառայողներ արդեն իսկ գործատուների կողմից զգուշացվել են իրենց զբաղեցրած հաստիքների առաջիկա լուծարման մասին։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ նախաձեռնությունը կառավարությանն է»։ շ

Այս հարցերի առնչությամբ «Առավոտը» փորձեց մեկնաբանություններ ստանալ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանից։

Նա լիովին անտեղյակ էր, որ ԼՂՀ-ում այս առնչությամբ դժգոհություններ կան։ Իսկ մեր հարցին, թե իրոք Հայաստանի կողմից ԼՂՀ-ին տրվող միջպետական վարկի գումարները հաջորդ տարվա համար ավելի քի՞չ են նախատեսված, պրն Սանդոյանն այսպես պատասխանեց. «Ճիշտ հակառակը։ Այս տարի եւս ԼՂՀ-ի բյուջեի, այսպես ասենք՝ դեֆիցիտի ֆինանսավորման ձեւ է ընտրված վարկավորման տարբերակը։ Ավելին ասեմ։ Ինչպես նախկինում՝ այս տարի եւս մենք խնդիր ունենք Ղարաբաղի առաջանցիկ զարգացումն ապահովելու։ Այսինքն, եթե հավասար պայմաններում այլ ոլորտներն աճ կունենան միջինը 12-16%, եկամուտները՝ շուրջ 16%, բյուջեի ընդհանուր ծախսերը՝ շուրջ 13%, ապա ԼՂՀ-ին տրվող վարկային ծավալների աճը նախնական տվյալներով կկազմի 16%-ից ավելի։

Մենք ԼՂՀ վարչապետի հետ ամեն օր ենք աշխատում։ Բյուջեի նախագիծն ԱԺ-ում դեռ քննարկվում է եւ, բնականաբար, որոշակի առումով փոփոխվելու է ֆինանսավորման ծավալը, ծրագրային որոշ փոփոխություններ էլ կլինեն։ Այլ հարց է, որ բանակցությունների ընթացքում մենք հասել ենք հնարավորինս ավելի մեծ ծավալի միջոցների հատկացման։ Այսօր մոտ երկուժամյա հանդիպում եմ ունեցել ԼՂՀ վարչապետ Ժիրայր Պողոսյանի եւ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանի հետ ու կարող եմ վկայել, որ որեւէ դժգոհություն նրանք չեն արտահայտել այս առնչությամբ։ Իսկ ինչ վերաբերում է ԼՂՀ առաջանցիկ զարգացումն ապահովելու համար առավել բարենպաստ պայմաններին՝ սա մեզ համար առաջնային խնդիր է եւ այս հարցը ոչ կասկած է հարուցում, ոչ էլ քննարկման առարկա կարող է դառնալ»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Կարծում ենք, որ ԼՂՀ-ում առկա դժգոհությունների դրդապատճառների շարքում առնվազն վերջին տեղում չէ Սամվել Բաբայանի անձնական տնտեսական լծակների որոշակի կորուստը։ Արդյոք վճռորոշ հանգամա՞նք չէ թեկուզ միայն այն, որ վերացվեց ԼՂՀ-ի եւ Հայաստանի միջեւ մաքսակետը, եւ կորավ ապրանքները մաքսազերծելու միջոցով շահույթ ստանալու հնարավորությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031