Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂԵՏԻ ԳՈՏԻ։ ՔԱՆԴՈՂԸ «ՆԱ» ԷՐ, Ո՞Վ Է ՍԱՐՔԵԼՈՒ

Դեկտեմբեր 01,1998 00:00
erkrasharj

Երբ գողը տնից է…

1991-96 թթ. սպիտակցիները հիշում են որպես «մեծ զուլումի» ժամանակաշրջան, երբ ոչ թե կառուցում, այլ ավերվում ու թալանվում էին երկրաշարժից հետո այնտեղ բերված, կառուցված շինությունները, սարքավորումները… Հայաստանի քաղաքներից Սպիտակն առանձնանում է իր խրոնիկ կարոտախտով. մեծերը երեխաներին քնեցնելիս պատմում են հին Սպիտակի մասին հուշեր, պատմություններ… Հուշեր են դարձել նաեւ 1988-91 թթ. Սպիտակում աննախադեպ տեմպերով ընթացող շինարարական աշխատանքները։

Մտորման համար

1988 թվական։ Դեկտեմբերի 7։ Երկրաշարժն հիմնահատակ ավերեց մի քանի շրջաններ ու քաղաքներ, եւ պատմության մեջ մտավ որպես «Սպիտակի երկրաշարժ», իսկ աշխարհագրական ամբողջությամբ՝ «աղետի գոտի» արտահայտությամբ։ Աշխարհի տարբեր երկրներից, անգամ հեռավոր Օկեաններից տոննաներով բեռներ տեղափոխվեցին Հայաստան՝ բուժտեխնիկա, բազմապիսի եւ բազմաբնույթ համալիրներ…

Հետո միայն, ավելի խաղաղ ժամանակներում սփյուռքահայ մեր բարերարներն այլեւս երես թեքեցին ու «խռովեցին» ժողովված ու հայրենիք առաքած հանգանակությունների եւ օգնությունների անօրինական բաշխման ու հասցեատիրոջը չգտնելու պատճառով։ Ակնապիշ արտասահմանցիներն էլ սկզբում երեւույթը կապեցին հանրածանոթ տիեզերական սեւ կետերի հետ, որի խոռոչներում ամեն ինչ անհետ կորչում է եւ այլեւս վերադարձ չկա։

Հետո պարզվեց, որ աղետից հետո առաջ են գալիս ոչ թե սովորական, այլ հիպերբուրժուաներ, որոնք՝ պահպանելով դասական կլասիցիզմի եռամիասնության օրենքն ու պատեհ ժամանակը, «բլից» կոչվող տարբերակը կիրառեցին։

Մեր մի քանի ժամվա շրջագայությունը Սպիտակ քաղաքում (շրջանի 20 գյուղերն էլ ձեզ «փեշքեշ») ականատես դարձրեց սույն փաստերին, որոնք 1989-96 թթ. այնտեղ կատարված ավար ու թալանի միայն մի փոքր մասն են կազմում։

6470-ի փոխարեն 2433

ՀՀ կառավարության 1988 թվականի դեկտեմբերի 25-ի որոշման համաձայն, Սպիտակի գյուղերում պետք է կառուցվեր 6470 բնակարան, որից 1991 թվականի դեկտեմբերի 1-ին Սպիտակի շրջանում շահագործման է հանձնվել ընդամենը 1000 բնակարան, հետո հաջորդել է 2000-րդ բնակարանի մասին հայտարարությունը, որի մեծ մասը մնացել է անավարտ։ Ըստ վիճվարչության տվյալների, 1998 թ. հունվարի 1-ի դրությամբ Սպիտակի շրջանում կառուցվել է ընդամենը 2433 բնակարան, սեփականաշնորհվել է 1333-ը, մնացած 1100-ը չի սեփականաշնորհվել՝ կիսակառույց վիճակում գտնվելու պատճառով։ Սպիտակի Իտալական, Էստոնական եւ Ռուսական թաղամասերում մինչ օրս 978 անավարտ կացարան կա։ Մինչեւ 1990 թվականի վերջը ՌԴ-ն Սպիտակում կառուցել է 133 կացարան, Էստոնիան՝ 80, Ուզբեկստանը՝ 104, Նորվեգիան՝ 23, 85 բնակարան՝ Շվեյցարիայի եւ ՀՀ պետբյուջեի հետ համատեղ։ 260 անավարտ բնակարանների շինարարությունը շարունակել է Համաշխարհային բանկը։ 1993-94 թթ. «Հայաստան» հիմնադրամը Սպիտակում կառուցել է 24 բնակարան։

Այս տարի Սպիտակում շահագործման են հանձնվել ընդամենը 38 բնակարան՝ Համաշխարհային բանկի եւ 36 բնակարան՝ ՀՀ պետբյուջեի կողմից։ 1991-ից մինչեւ 1994 թթ. ՀՀ պետբյուջեից բնակարաններ կառուցելու համար պետպատվերներ եղել են, իսկ 1995-96-97 թթ. այլեւս պետպատվեր չի եղել։ Միության բոլոր այն շրջանները, որոնք 1988 թվականից իրենց օժանդակությունն են առաջադրել Սպիտակում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար, այստեղ ստեղծել էին տեխնիկական բազա՝ մեքենաներ (շինարարական), սարքավորումներ, շինանյութ եւ այլն։

Ինչո՞ւ Սպիտակում ընտրեցին Ռոբերտ Քոչարյանին

Ըստ տեղական ղեկավարների, պատճառը ՀՀ նախագահի ծրագրում աղետի գոտու վերականգնման, բնակարանների կառուցման մասին եղած կետն էր, որտեղ նշվում էր մինչեւ 2001 թվականը Սպիտակում 3020 բնակարանների տեղադրման մասին ենթակետը։ Այնպես որ, ՀՀ նախագահի աղետի գոտուց ձայներ հավաքելու ձեւի ընտրությունը շատ դիպուկ է եղել, մնում է ընդամենը տրված «գրավոր» (ծրագրի) խոստումների ամրագրումն ու կատարումը։ ՀՀ նախագահի նշանակումից անցել են ամիսներ, սակայն Սպիտակում մինչեւ օրս 978 անավարտ կացարան կա, որ դեռ սպասում է «ապաքինման»։

Կորել է -1

Ասացին՝ «Սպիտակին ավտոսերվիս պետք չէ» ու տարան

1989 թ. Լեհաստանից Սպիտակին ավտոսերվիսի կառուցման համար սարքավորումներ հատկացվեցին։ Որոշեցին, որ շինարարությունը պետք է կատարի հայ շինարարական կազմակերպությունը, հետո՝ 1995-96 թթ. այդ սարքավորումները տարան, ասացին, որ «Սպիտակին ավտոսերվիս պետք չէ» (երեւի գիտեին, որ երկրաշարժից հետո բերված մեքենաները նույնպես երկար չէին մնալու այնտեղ)։ Իսկ Սպիտակում մինչեւ երկրաշարժը նման ավտոսերվիս եղել էր։

Կորել է -2

400 հազար ԱՄՆ դոլար արժեք ունեցող, 1991 թ. ԳՖՀ-ի «Ադոբա» ֆիրմայի կողմից հատկացված սարքավորում, որը հողից սեյսմակայուն տներ էր կառուցում։ 1993 թվականին այն ինչ-ինչ հրամաններով տեղափոխվել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ՝ ուսումնասիրման եւ այլեւս չի վերադարձվել։

Կորել է -3

Սպիտակի ավերված (ոչ երկրաշարժի ժամանակ) թռչնաբուծարանի հարեւանությամբ գտնվում է շինարարական հրապարակը, որտեղ 1990 թվականին յուրաքանչյուր օր պատրաստվում էին 32-38 շինարարական պանելներ։ Գործում էր 22 «դրոբիլկա»՝ քար մանրող մեքենա՝ շինարարական խիճ սարքելու համար։ Այժմ 22-ից մնացել է 3-ը, մնացածը համարել անվավեր։

Կորել է -4

Քաղաքի կարի ֆաբրիկայի մոտակայքում 1989 թվականին մոնտաժվել է հզոր կաթսայատուն, որը Հայաստանում եղած կաթսայատներից ամենահզորն էր։ Մինչեւ 1991 թ. այն գործել է։ Դրա կողքին սկսվել էին եւս երկուսի շինարարական աշխատանքները։ Ամբողջ սարքավորումներն արդեն ձեռք բերված էին։ Դրանք անհայտացած են, իսկ արդեն կառուցված կաթսայատունն ավերված է, որն աշխատելու դեպքում կարող էր ապահովել Սպիտակի ջեռուցումը։ Կաթսայատան կողքին գտնվող ջերմոցային տնտեսությունը, կառուցված 1989- 90 թթ., նույնպես ավերված է։

Ավերվել է -1

Մինչեւ երկրաշարժը Սպիտակի թռչնաբուծական տնտեսությունում եղել է 24 թռչնանոց։ Այնուհետեւ 1989 թվականին ԳՖՀ-ից արդեն 24-ի փոխարեն քաղաքին հատկացվել է 48 թռչնանոց՝ իր ողջ կոմպլեքսներով։ Յուրաքանչյուր թռչնանոցի արժեքը կազմում է մոտավորապես 30 հազար ԱՄՆ դոլար։ Այժմ 48 թռչնանոցից գործող մնացել է մի քանիսը։ Սա այն թռչնաբուծական տնտեսությունն էր, որը կարող էր դիմադրել «իրանցի հավերի եւ ձվերի էքսպանսիային»։

Ավերվել է -2

Սպիտակի «ավտոգերեզմանոցում» դուք կտեսնեք ժամանակից շուտ ծերացած եւ անդամահատված շինարարական մեքենաներ, որոնց նախապատմության, ինչպես նաեւ վերոշարադրված փաստերի մասին գիտի մեկ Աստված, մեկ էլ Տավուշի մարզպետ Պավլիկ Ասատրյանը։ Իսկ ո՞վ է Պավլիկ Ասատրյանը Սպիտակում հայտնի է Գելադձե անունով, որը ձեռք է բերել (ձեռքբերովի է) Սպիտակում իր եւ վրացական «մաֆիայի» հետ կատարած նման աշխատանքների համար։ Սպիտակցիները (նաեւ ղեկավար) Սպիտակում 1991-96 թվականներին կատարված «արհեստական աղետը» կապում են միմիայն նրա անվան հետ, որն այդ թվականներին եղել է Սպիտակի շրջգործկոմի նախագահ, այնուհետեւ, 1996 թվականին՝ Սպիտակում տիրող այս իրավիճակների համար պատասխանելու փոխարեն՝ նրան նշանակում են Տավուշի մարզպետ։

Վախից մահացավ -1

1989 թվականին 600 հազար ԱՄՆ դոլար վարկ են վերցրել ՄԱՀ-ից՝ Սպիտակի ջրային ցանցը կառուցելու համար, որն արդեն կառուցված է եղել 1989 թվականին։ 1993 թ. ջրային ցանցի տնօրինության վրա դատական հարց է բացվել, որի տնօրենը (ըստ Սպիտակի ղեկավար մարմինների հավաստման) վախից մահացել է։ Նման ճանապարհներով Սպիտակում (չի բացառվում նաեւ աղետի գոտու մյուս տարածաշրջաններում)՝ կառուցված բնակարանների անօրինականությունների թիվը եւս անսահման է։

ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031