Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՐԵԱԿԱՆ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբեր 01,1998 00:00
snank

Թվաբանությունը պարզ գիտություն է. գումարել, հանել, բազմապատկել, ապա՝ բաժանել։ Բնականաբար նրա հետ, ումից գեթ ինչ-որ բանով կախված ես։ Այդ պատճառով էլ ավելի լավ է հանել ու… կիսվել։

Հաստատ չեմ կարող ասել, թե կոնկրետ ում հետ էին կիսվում Կենտրոնական բանկի լուծարման կոմիտեի խարդախները, որոնք երեք եւ կես տարվա ընթացքում տնօրինել էին 1994-ի վերջին սնանկացած «Արմենիա» առեւտրային բանկի հարուստ փլատակները, բայց հաստատ գիտեմ, որ նրանք «հանման» գործողություն են կատարել։ Խաբված ավանդատուներից են հանել։ Հանել են եւ, անշուշտ, բաժանել։ Բաժանել են նրանց միջեւ, ովքեր կարող էին «դատել», հոդվածի տակ դնել, պատժաժամկետ սահմանել կամ պարզապես չորացնել բարեբեր առվակը… Բայց… ի գործ։

1997 թ. հունվարի վերջին Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ռուբեն Վալեսյանի գլխավորած լուծարային հանձնաժողովի կողմից «Արմենիա» բանկի ավանդատուներին վերադարձվել էր 161,6 հազար դոլար, 55,5 միլիոն դրամ եւ 1,8 մլրդ ռուբլի։ Եթե բոլոր այդ թվերը «կանաչների» վերածենք, ապա կստացվի, որ ավանդատուներին վերադարձվել է 620-630 հազար դոլար։ Իսկ եթե այդ թվին գումարենք 15-20 հազար դոլար, որը, ըստ իմ հաշվարկների՝ կարող էր ավանդատուներին վերադարձվել 1997-98 թթ., ապա ընդհանուր գումարը կարող է հավասարվել, ասենք, 650 հազար դոլարի։ Այդ ամենը կարծես վատ չէ, եթե չլիներ մի «բայց»… Այդ «բայցը» հետեւյալն է…

Պարոն Ռ. Վալեսյանի լուծարման հանձնաժողովին հանրապետական դատախազության կողմից «Արմենիա» բանկից առգրավված 1 մլն 74 հազար դոլարի նյութական արժեքներ էին փոխանցվել։ Այդ եւ շատ այլ թվեր ես վերցնում եմ այն տեղեկանքից, որը վերնագրված է «Արմենիա» բանկի լուծարման հանձնաժողովի աշխատանքի մասին»։

Այդ տեղեկանքը «թխել» է Ռ. Վալեսյանը եւ ուղարկել, ինչպես կարծում եմ, հանրապետական դատախազություն, երբ վերջինս լուծարման հանձնաժողովի դեմ քրեական գործ էր հարուցել։ Թե այդ միջոցում դատախազությունն ինչքան էր փորփրել, այսօր ոչ ոք հաստատ ասել չի կարող։ Շուտով գործը կարճվել է։ Եվ ես միայն ենթադրում եմ, որ, հավանաբար, քննիչ Ա. Մարգարյանին եւ այն ժամանակվա քննչական բաժնի պետ Ս. Գյոզալյանին չափից շատ էր դուր եկել լուծարման հանձնաժողովի կատարած «աշխատանքը»… Իսկ եթե նրանք իրենց ձեռքը վերցնեին ոչ թե էլեկտրոնային հաշվիչը, այլ անգամ նախնադարյան ոսկրե համրիչը եւ թվաբանական պարզ գործողություն կատարեին, ապա չեմ կասկածում, որ նրանց մեջ անմիջապես հարց կծագեր… Եվ ոչ միայն մեկ հարց։ Եվ այսպես, 1 մլն 74 հազար դոլարը առգրավված գույքի արժեքն է։

650 հազար դոլարը խաբված ավանդատուներին վերադարձված գումարն է։ Ի՞նչ է պետք անել։ Պետք է 1 մլն 74 հազարից 650 հազարը հանել։ Պատասխանը կլինի 424 հազար դոլար։ Եվ ահա, հենց այստեղ էր, որ դատախազությունը պետք է զարմացած հարցներ՝ պարոնա՛յք, իսկ որտե՞ղ է 424 հազար դոլարը։

Չի հարցրել։ Չի հետաքրքրվել։ Իսկ եթե հարցրել է ու աչք փակել, ապա միանգամայն վստահությամբ կարելի է ասել, որ վալեսյանական լուծարման կոմիտեն շատ էլ լավ է «աշխատել»։ Ժողովրդական փողով ստեղծված բարիքի կողոպուտը, ըստ իս, սկսվել է անմիջապես այն բանից հետո, երբ հայտնվել է լուծարման հանձնաժողովի խաբեբաների ձեռքերում։

Բավական է գոնե այս փաստը հիշել։ 1995-ի փետրվարին լուծարման կոմիտեն վաճառելու համար «Հայտնտառին» է փոխանցել 25 հազար դոլար արժեցող բանկային ունեցվածքը։ Այդ ապրանքի գները սահմանվել էին ոչ թե հացկատակների, այլ բարձր որակավորում ունեցող Արդարադատության նախարարության եւ «Հայէքսպերտիզա» ֆիրմայի մասնագետների կողմից։ Հասկանալի է, որ նկատի ունենալով այն իրադրությունը, որ խաբված մարդկանց զանգվածները պաշարում էին ՀՀ նախագահի, վարչապետի նստավայրերը, դատախազությունը եւ իշխանական այլ մարմիններին, ջանացին միանգամայն նորմալ գներով, որքան կարելի է արագ, իրացնել ունեցվածքը։ Բայց… երկու ամիս անց պրն Վալեսյանը նամակով դիմեց հանրապետական դատախազություն եւ Արդարադատության նախարարություն՝ առ այն, որ իբր ապրանքի գները պետք է վերանայել՝ իջեցնել, քանի որ իբր գերազանցում են շուկայականին։ Հարցը առանց ձգձգման լուծվեց։ Մի ակնթարթում ապրանքը վերագնահատվեց եւ 75 հազար դոլարը ասես «գոլորշիացավ»։

Եվ նույն կերպ էլ վարվեցին մյուս դեպքում։ Խաբեբաները ճանկեցին, յուրացրին, կողոպտեցին, իսկ դատախազությունը լռում էր…

Նոր «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան, ծիծաղելի է, 7200 դոլարով վաճառվեց։ Երկու հազար դոլարով վաճառվեցին «Կամազները»։ Էժանագին էին նաեւ «Հյունդայիները», «Տուրբո-Ֆորդերը»։ Ես արդեն չեմ խոսում «Վոլգաների» ու «Ժիգուլիների» մասին։ Ոչ թե վաճառք էր, այլ շաբաշ-թողտվություն։ Ամբարձիչ կռունկը՝ հազար դոլարով, «Սիմենս», «Նացիոնալ» սառնարանները, 70 գորգերը, 30 կոմպլեկտ արտասահմանյան կահույքը…

Աշխատեմ որոշ թվեր ավելի ստույգ ներկայացնել։ Այն 630 հազար դոլարը, որ վերադարձրել էին ավանդատուներին, ոչ միայն բանկային ունեցվածքի վաճառքի գումարից էր գոյացել։ Այդ ունեցվածքից շատ քիչ բան էր վաճառվել. ինքը՝ լուծարման կոմիտեն 52 հազար դոլարի վաճառք էր կատարել, 138 հազարի՝ «Հայտնտառը» եւ 325 հազար պարտքի դիմաց փոխանցվել էր Կենտրոնական բանկին։ Ահա եւ բոլորը։ Դա 514 հազար դոլար է կազմում։ Ուրեմն, եթե մեկ միլիոնից ավելի գումարի ապրանք է եղել, ապա ինչ-որ մեկից պետք է հարցնել՝ ո՞ւր են այն արժեքները, որոնց գինը 0,5 միլիոն դոլար է կազմում։

Լուծարման հանձնաժողովի հաշվի վրա, ունեցվածքի վաճառքից ստացած փողից բացի, այլ միջոցներ էլ էին գալիս՝ մյուս բանկերի հաշիվներում եղած «Արմենիա» բանկի միջոցների մնացորդները, զանազան պարտքեր, դատախազության վերցրած փողերը։ Ընդամենը շուրջ 300 հազար դոլար։

Ես սա այն բանի համար եմ ասում, որովհետեւ, ինչպես ինձ թվում է, այստեղ էլ ամեն ինչ մաքուր չէ։ Ասես ինչ-որ տեղ չքացել է 200 հազար դոլարը…

…«Արմենիա» բանկի ավանդատուները վերջերս մի փոքր ուրախացան։ Այն գերատեսչությանը, որը ներկայումս տեղավորված է սնանկացած բանկի տեղում, վարչապետ Ա. Դարբինյանը հանձնարարել է վճարել վերանորոգման գինը, որը ժամանակին կատարվել է այդ շենքում։ Նոր լուծարման հանձնաժողովը (նախագահ՝ Կ. Պողոսյանց) ավանդատուներին բաժանելու համար 51 հազար դոլար է ստացել։ Հավատացած եմ, որ վարչապետը արել է այն ամենը, ինչին պատում են իր ուժերը։ Հավանաբար, նա էլի ինչ-որ բան աներ, ասենք՝ հանրապետական դատախազությանը ցուցում տար, վերջապես, փոքր-ինչ ավելի խորամուխ լինել գործի մեջ եւ ջրի երես հանել նրանց, ովքեր գրպանել են ուրիշինը, կյանքի ընթացքում ուրիշի խնայածը։ Թերեւս գտնվի գողացվածը։

ՍԵՐԳԵՅ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031