Քանի որ 1996-ի ընտրությունների վերջին փուլում անհրաժեշտ արդյունքի ստացման գլխավոր պատասխանատուն Վանո Սիրադեղյանը դարձավ, ապա լրագրողները, փորձելով որսալ նրա անկեղծության պահը, ամեն կերպ ջանում են պարզել նրա ղեկավարած գործի տեխնոլոգիան ու մեր դարի ամենահուզող հարցը. նախագահական ընտրություններում, ի վերջո, քանի՞ իրական տոկոս էր շահել Տեր-Պետրոսյանը։
Սիրադեղյանը, իհարկե, խուսափում է թվային տվյալներից, բայց վերջերս, պատասխանելով այն ուղղակի հարցին, թե ձայների քանի՞ տոկոս էր, ի վերջո, շահել Տեր-Պետրոսյանը, մի շատ յուրօրինակ նախադասություն արտաբերեց.
-Իրականում… Վազգենն էլ չէր անցել։
Այս նախադասությունը, կարծում ենք, տարբեր մեկնաբանությունների տեղ չի թողնում, բայցեւ ոչ մի նորություն չի պարունակում։ Մենք չցնցվեցինք ճիշտ այնպես, ինչպես մի քանի տարի անց շատ հանգիստ կընդունենք, ասենք, Վահան Հովհաննիսյանի հաղորդած լուրն այն մասին, որ 1998-ի արտահերթ ընտրություններում… Ասենք, մենք հիմա էլ հաստատ գիտենք այն, ինչ նա հանգամանքների բերումով կարող է ասել մի քանի տարի, կամ նույնիսկ ամիս անց։ Իսկ մինչ այդ…
Կարդացեք նաև
Մեր պայմաններում վերջնականապես վարկաբեկված սոցիոլոգիա կոչվող գիտությունը համարյա միշտ ջրի երես է ելնում այն պահին, երբ հարկ է ինչ-որ մեկի շահերից ելնելով սուտ ասել։ Ու հենց այդ պահերին է առավել պարզորոշ հասկացվում, որ մենք, մեղմ ասած, չափազանց տարօրինակ ժողովուրդ ենք։ Սոցիոլոգիայի ներկայացված պատկերից ելնելով, իհարկե։ Իսկ երբ գիտնականները, դարձյալ, մեղմ ասած, համը հանում են, ստացվում է, որ մի ոմն անձնավորություն շատ հանգիստ կարողանում է կործանման եզրին հասցնել երկիրը եւ միաժամանակ օգտվել եթե ոչ ամբողջ ազգի, ապա գոնե նրա մի նշանակալի հատվածի հաստատուն սիրուց։ Սոցիոլոգիական հարցումները, ավաղ, երբեմն ստիպում էին եզրակացնել, որ մեր ժողովուրդը, ինչպես ժամանակին պնդում էին թշնամիները, իրոք մազոխիստ է եւ առանձնակի սեր է տածում նրանց նկատմամբ, ովքեր իրեն ցավ են պատճառում։
Ժողովրդի նկատմամբ արհամարհական վերաբերմունքը, ինչպես նաեւ սեփական վարկի վրա թքած ունենալը, լսվա՞ծ բան է, նախագահական վերջին ընտրությունների նախօրեին որոշ առավել «հմուտ» սոցիոլոգների ստիպեցին կոչ անել ժողովրդին՝ այնքան էլ ակտիվ չլինել երկրորդ փուլում, այլ կերպ ասած՝ նստել տանը եւ ընտրությունների չգնալ։ Նպատակը ակնհայտ էր. ինչքան քիչ լինեին ընտրական տեղամասեր գնացած մարդիկ, կեղծարարներն ավելի լայն հնարավորություններ կունենային մտածել ու քվեարկել չեկածների փոխարեն։
Ի վերջո, ինչպես հայտնի է, հենց այդպես էլ եղավ։ Արդյունքին նույնպես բոլորը քաջ տեղյակ են։ Այստեղ պարզապես անհնար է չխոսել արագ հիասթափության մասին։ Անհնար է ոգեւորության ողջ պաշարն օգնության կանչած ձայն տալ ինչ-որ մեկին եւ ընդամենը երկու ամիս հետո հիասթափվել ճիշտ այնպես, ինչպես «իր պաշտոնին» ի սկզբանե եւ ակնհայտորեն անհավատարիմ եղած կնոջ ապուշ ամուսինը։ Իսկ եթե հաշվի առնենք, որ ընտրությունների նախօրեին մեր ժողովուրդը, այնուամենայնիվ, զանգվածային փսիխոզի մեջ չի ընկել ու նման հոգեվիճակով չի մոտեցել քվեատուփերին, ապա ամեն ինչ շատ ավելի անհասկանալի է դառնում։ Այսպես կոչված սոցիոլոգների տեսակետից, իհարկե։ Քանզի մեզ նման հասարակ մարդկանց համար ամեն ինչ «էն գլխից» պարզ է։
Ճշմարտությունը, ի վերջո, այն է, որ ստահակների բավականին ստվար, սակայն փոփոխվող կազմով մի խումբ այս էլ քանի տարի աչքերի ապակե արտահայտությամբ ժողովրդավարություն խաղալով, իրեն իրավունք է վերապահում ընտրությունների ժամանակ արտահայտված ժողովրդի հավաքական կամքը ներկայացնել այնպես, ինչպես դա տվյալ պահին ձեռնտու է իշխող վերնախավին։ Այն նույն վերնախավին, ի դեպ, որը իշխող է դարձել դարձյալ կեղծիքների միջոցով։ Աճպարարների այդ խումբը նույնիսկ հարկ չի համարում թաքցնել, որ մեր սեփական ճակատագրի տերերն ամենեւին էլ մենք չենք, այլ նրանք, ովքեր առավել լկտի են եւ աստվածավախությունից բոլորովին զուրկ։
Մեր նախկին պատկերացումները նորին մեծություն ժողովրդի մասին, պետք է խոստովանել, սխալ դուրս եկան։ Այս հպարտ, ինչ-որ չափով նաեւ կամակոր ժողովուրդը, պարզվեց, կարող է կուլ գնալ նաեւ իր սեփական նեղճակատներին եւ, ինչպես Վազգեն Մանուկյանը կասեր, «փչանալ» իր իսկ ոչ լավագույն եւ ակնհայտորեն լկտի մասի նույնիսկ մեծ լարում չպահանջող ջանքերով։
Այս ամենի մասին խոսակցություններն ինձ ավելորդ էին թվում դեռ երեկ, քանզի անցած-գնացած բաների մասին դատողությունները հետաքրքիր չեն ոչ մեկին։ Բայց այսօր, երբ ընտրական նոր օրենսգիրքը կարելի է համարյա ընդունված համարել, (իսկ այն ասես մի անգամ էլ գալիս է վերաֆրազավորելու հայտնի ճշմարտությունը, թե կրկնությունը կեղծիքի մայրն է), մնում է միայն մի անգամ էլ արձանագրել նույնքան հայտնի պնդումը, որ քաղաքական գումարելիների տեղափոխումից, այնուամենայնիվ, գումարը չի փոխվում։
Իսկ ամենասարսափելին այն է, որ առաջիկա ընտրություններից հետո էլ մենք դարձյալ չենք իմանա, թե ում մասին իրոք ինչ է մտածում ժողովուրդը…
ՆԱՐԵԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ